
Գեւորգ Պետրոսյան. «Եղեւնիները չպետք է տեղափոխվեն հրապարակից միայն նրա համար,որ տգեղ են ու չեն բավարարում ինչ-որ մեկի ճաշակը»
Երեք անգամ, տարբեր տարիների՝ երկու անգամ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ մեկ անգամ ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանանի օրոք (2013թ. ապրիլին) Գյումրու Վարդանանց (նախկին Կենտրոնական) հրապարակի եղեւնիները տեղափոխելու հարցը բարձրացվել է: Երեք անգամ էլ հանրային քննարկումներն ավարտվել են հօգուտ եղեւնիները հրապարակում թողնելու որոշման: «Բիոսոֆիա» հկ-ի ղեկավար, բնապահպան Գեւորգ Պետրոսյանը 2013թ. հանրային քննարկումը որակում է կեղծ օրակարգ:
«Եթե Վարդան Ղուկասյանն իսկապես ձգտում էր կտրել հրապարակի եղեւնիները, քանի որ իրեն հաջողվել էր մինչ այդ վերացնել Հայուհու հրապարակի 7 եղեւնին ու մնալ անպատիժ, ապա Սամվել Բալասանյանի դեպքում 6 տարի առաջ կազմակերպածը կարելի է համարել հաջողված ֆարս: Ինքն ընտրվել էր 2012-ին ու դրական լույսի ներքո ներկայանալու խնդիր կար, ամենալավ տարբերակը եղեւնիներն էին, որի տեղափոխման հետ կապված վերջին հանրային քննարկումն եղել էր 2011-ին, եւ մենք հաղթանակ էինք տարել: Նախկին քաղաքապետի տանուլ տված ծրագիրը կրկին հանրայնացնելով՝ էդ ժամանակ պետք էր ցույց տալ, թե որքան ժողովրդավար է նոր քաղաքապետը: Բայց հիմա համոզված եմ, որ իրոք ուզում են տեղափոխելն, քանի որ հրապարակի հիմնանորոգման հարցն են առաջ մղել»:
Գյումրու քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որ Վարդանանց հրապարակում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող 8 եղեւնիները «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում վերատնկելու մասին սեպտեմբերի 3-ին նախատեսվում է հանրային քննարկում: Գեւորգ Պետրոսյանը գրավոր դիմել էր քաղաքապետարան, քանի որ հայտարարությանը կից չէր հրապարակվել ոչ մի փաստաթուղթ, թե ինչի հիման վրա են նման նախաձեռնությամբ հանդես եկել քաղաքային իշխանությունները:
Գեւորգ Պետրոսյանը խնդրել էր տրամադրել տվյալ գործունեությունը հիմնավորող որեւէ փաստաթուղթ, որ չստացվի, թե քաղաքապետարանի աշխատակազմը, ոչ թե ըստ որոշ մարդկանց ճաշակի է հանրային քննարկման դնում հարցերն, այլ քաղաքի կարիքներից ելնելով: Բնապահպանը խնդրել էր ներկայացնել ծառերի տեղափոխման վերաբերյալ որեւէ մասնագիտացված կառույցի կարծիք-հիմնավորում (ինստիտուտ կամ գոնե ոլորտի անառարկելի մասնագետ, բիզնես եւ այլն): Հայտնել, թե որքան են կազմում 8 ծառի տեղափոխման եւ նոր տեղում վերատնկելու ծախսերը, ներկայացնել գնահարցում որեւէ կազմակերպությունից:
«Հույս ունեի, որ մինչեւ սեպտեմբերի 3-ը նշանակված հանրային քննարկումն էս հարցերի պատասխանները կունենամ, սակայն դեռ չեմ ստացել ոչինչ,-պարզաբանում է Գեւորգ Պետրոսյանը,-իմ տեղեկություններով՝ ՀՀ տարածքում չկա նման տեխնիկա, որը կարող է փորել, առանց ծառի արմատային համակարգը վնասելու հանել ծառն ու տեղափոխել: Անգամ, եթե նման տեխնիկա ճարեն-բերեն, մինչեւ էդ 8 եղեւնին հանեն՝ տարածքն ամբողջովին քանդվելու է: Բացի այդ, վերատնկման համար հարկ է, որ ծառերի տարիքը չգերազանցի 10-20 տարին, իսկ էս եղեւնիները կլինեն 50-58 տարեկան, որն անհնարին է դարձնում այլ տեղում նրանց կպչողականությունը»:
Գեւորգ Պետրոսյանի փոխանցմամբ, երբ 2013-ին եղեւնիների՝ հրապարակից հանելու հարցը կրկին դրվել է շրջանառության մեջ, ինքը խոսել է մի քանի մասնագետների հետ, խնդրել կատարել հաշվարկ, թե ինչ կարժենա 8 եղեւնիների տեղափոխումը եւ ստացել պատասխան՝ մոտ 10 հազար ԱՄՆ դոլար: «Հիմա ենթադրենք, թե բարեհաջող տեղափոխում են, բայց այդ ծառերը չեն աճելու: Իրականում այդ ծառերը շատ ավելի լավ տեսք են ունեցել անգամ երկրաշարժից հետո, էս վերջին 10-15 տարիների չխնամելը, չջրելը, վրան լարեր փաթաթելը՝ ամանորյա լույսերի համար, բերել են էս վիճակին,-նշում է բնապահպանը,-եթե տեղափոխելու փոխարեն ծառերը ջրվեն կանոնավոր կերպով, լվացվեն, թեքված գագաթները կապվեն՝ երկու տարի հետո լրիվ տեսքի կգան. ուղղակի անող է պետք»:
Եղեւնիների տեղափոխման առնչությամբ ԳԱԼԱ խմբակցության 4 անդամի անունից ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը հայտարարություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է. «Գյումրու քաղաքապետը մտահղացել է Համաշխարհային բանկի միջոցներով վերակառուցել Գյումրու Վարդանանց հրապարակը, մասնավորապես՝ քերել հրապարակի ասֆալտը եւ այն սալաքարապատել, ինչպես նաեւ տեղահանել արդեն մոտ 50 տարի հրապարակում աճող եղեւնիները, որոնք, իր եւ իր խորհրդատուների սեւեռուն կարծիքով, իբր տգեղ են եւ իբր փակում են Ամենափրկիչ եկեղեցու տեսքը: Հրապարակի վերակառուցման գաղափարը քաղաքապետն արծարծել է մի քանի անգամ ավագանու նիստերում՝ փորձելով դրական տրամադրություն ստեղծել դրանց շուրջ: Ի վերջո, հանդիպելով ավագանու անդամներից մի քանիսի դիմադրությանը, սեպտեմբերի 3-ին հանրային քննարկում է նշանակել Գյումրու քաղաքապետարանում՝ հանրության կարծիքն իմանալու համար:
Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը, ուսումնասիրելով խնդիրը, հավատարիմ մնալով իր նախընտրական ծրագրին, մասնավորաբար՝ քաղաքի համաչափ զարգացման, համայնքային սուղ միջոցների խնայողական եւ արդյունավետ ծախսումների, հանրային շահի գերադասման սկզբունքներին, համարում է, որ Գյումրու Վարդանանց հրապարակի վերակառուցման գաղափարը ոչ միայն ժամանակավրեպ է, այլեւ կոպիտ սխալ է համայնքային խնդիրների արդյունավետ լուծման եւ քաղաքաշինական տեսանկյուններից:
Հերթական անգամ մատնանշում ենք, որ Գյումրու փողոցային ցանցի գրեթե 80 տոկոսը չի նորոգվել կամ հիմնանորոգվել ավելի քան 30 տարի, քաղաքի բոլոր թաղամասերը, բացի կենտրոնից, տասնամյակներով թաղված են ցեխի, փոշու եւ ավերակների մեջ»:
ԳԱԼԱ խմբակցության անդամների համոզմամբ, առավել հրատապ խնդիրների անտեսմամբ բարեկարգ հրապարակի վերակառուցման համար ծախսեր կատարելն առնվազն միջոցների վատնում է: Համայնքի համաչափ զարգացման տեսանկյունից արտակարգ հրատապություն ունեն թաղային նշանակության փողոցների շուտափույթ բարեկարգումը: Հրապարակի վերակառուցման գաղափարը մտացածին է եւ անտեղի: Զբոսաշրջության զարգացմամբ այդ վերակառուցման արդարացումը եւ իբր ոչ համայնքային միջոցներով, այլ Համաշխարհային բանկի միջոցներով կառուցապատման բացատրությունը պարզունակ հնարքներ են, որոնցով փորձ է արվում քաղաքացիներին ներկայացնել այդ հնարավոր աշխատանքների կատարման շահեկանությունը:
ԳԱԼԱ խմբակցության անդամները կոչ են արել Գյումրու քաղաքապետին վերջ տալ Գյումրու բարեկարգ հրապարակի վերակառուցման բոլոր գաղափարների առաջխաղացմանը, քանի դեռ բոլոր փողոցները եւ մյուս հրապարակները չեն հիմնանորոգվել եւ բարեկարգվել, եւ քանի դեռ պատշաճ ենթակառուցվածքներ չեն ստեղծվել քաղաքացիների եւ հյուրերի հարմարավետ անցուդարձի եւ կյանքի համար: Հանրային, համայնքային, Գյումրուն որպես վարկ կամ դրամաշնորհ հատկացվող բոլոր միջոցները ծախսել առավելագույն արդյունավետությամբ, բարձր պատասխանատվությամբ, հանրային շահի բացարձակ գերադասությամբ՝ բացառելով մասնավոր հետաքրքրությունները եւ, մանավանդ, այս կամ այն մարդու ճաշակի գերադասման բերումով որեւէ լուծում:
Այսօր կայացած հանրային քննարկաման հենց սկզբում փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը հայտարարեց, որ եղեւնիների տեղափոխման հարցում քաղաքապետարանը որեւէ շահագրգռվածություն չունի՝ առաջարկը հանրությունից է: Չգիտես ինչու, որպես հանրության կարծիք, ներկայացվեց գյումրեցի օգտատերերից մեկի ֆեյսբուքյան էջում խնդրի հետ կապված քննարկումը, որտեղ մեծ մասը կողմ են արտահայտվել եղեւնիները հրապարակից հեռացնելուն: Լուրջ հիմնավորում չնշվեց, բացի նրանից, որ եղեւնիները տգեղ տեսք ունեն ու Ամենափրկիչ եկեղեցին լավ չի երեւում: Փոխքաղաքապետը հայտնեց նաեւ, որ հարցում են ստացել «Բիոսոֆիա» հկ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանից, անգամ ընթերցեց նամակը եւ որոշեց հենց տեղում էլ պատասխանալ բարձրացված հարցերին, թեեւ այդ պահին նամակի հեղինակը դահլիճում չէր:
Քննարկումն ընթացավ բավական բուռն, խոսեցին քաղաքապետարանի կոմունալ բաժնի կանաչապատման խմբի պատասխանատու Ազատ Խաչատրյանն ու ճարտարապետական բաժնից Սուրեն Կուռազյանը: Նրանք փորձում էին ապացուցել, որ եղեւնիները մի օր պատուհաս են դառնալու քաղաքի գլխին, որ ծառերի արմատային համակարգը մի օր վերջնական քանդելու են Գյումրի գետակի գետնուղին եւ այլն: Սուրեն Կուռազյանի համոզմամբ, պետք է հանել ոչ միայն այդ 8 եղեւնին, այլեւ հրապարակի մյուս հատվածում գտնվող եղեւնիները, որոնց պատճառով շենքերը չեն երեւում, տուրիստներն էլ Ամենափրկիչ եկեղեցին նկարելու համար ստիպված այս կողմ, այն կողմ են վազվզում:
Եղեւնիները տեղափոխելուն կողմ քանդակագործ Ալբերտ Վարդանյանի եւ քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանի կարծիքով՝ ծառերը տգեղ են, եւ դրանք պետք է փոխարինել ավելի ներկայանալի տեսք ունեցող ծառերով, որոնք շատ չեն աճի ու պատնեշի դեր չեն կատարի հարեւան շինությունների համար: Ալեքսան Տեր-Մինասյանի կարծիքով էլ նման հարց առաջ քաշելուց առաջ արժե հրավիրել լանշաֆտային դիզայնի մասնագետների, եւ միայն մասնագիտական խորհուրդներից հետո դիմել կոնկրետ գործողությունների: Սեյրան Մարտիրոսյանը, որ դեմ էր եղեւնիների տեղափոխմանն, առաջարկեց պատրաստել հրապարակի 3D մոդելն առանց ծառերի եւ հասկանալ, թե որքանով է այդ տեսքը շահեկան:
Բնապահպան Գեւորգ Պետրոսյանը կրկին պնդեց, որ որեւէ մեկի ճաշակն ու ցանկությունը չպետք է առաջնային դառնան նման խնդիրները լուծելիս: «Եղեւնիները չպետք է տեղափոխվեն հրապարակից, որովհետեւ տգեղ են ու չեն բավարարում ինչ որ մեկի ճաշակը: Դուք էս պահի դրությամբ, չունենալով հիմնավորում, նախագիծ, հաշվարկ եւ այլն, ստացվում է, որ հանրային քննարկման եք դնում ճաշակի հարցը՝ գեշ են, ուրեմն պիտի տեղափոխվեն: Քաղաքը չունի կանաչ տարածքների զարգացման ռազմավարություն: Հնգամյա զարգացման ծրագրում մեկ տող գրելը դեռ ռազմավարության մշակում չէ,-շեշտեց Գեւորգ Պետրոսյանը,-ասում եք, թե ծառերի արմատները գետնուղին վնասում են: Իմ պատկերացմամբ էդ 8 ծառից հազիվ մեկը լինի գետնուղու վրա: Ճիշտ կլինի, եթե դուք մաքրեք գետնուղին, որն ավելի շուտ կկործանվի աղբից խցանումից, քան մեծ եղեւնու արմատից: Նախ ունեցեք կանաչ տարածքները կառավարելու հստակ պլանավորում, որը ձեր կառավարման էս 10 տարում էդպես էլ չունեցաք»:
Քննարմանը մասնակից տարեց մի տղամարդ, որ ներկայացավ Միշա Կարապետյան անուն-ազգանունով, հայտարարեց, որ ինքը դեմ է եղեւնիների տեղափոխմանը: Թոշակառու պապիկը պնդեց, որ եթե նման գործողության դիմեն ու ծառերը հանեն, ապա դրանք կչորանան: «Նախ դրանք պետք է շատ ջրել, պետք է թողնել, որ ձմեռն էլ անցնի ու էն մառոզների վախտ նոր հանել, որ արմատը քնած լինի: Համ էլ պետք չէ լրիվը հանել, մեկը հանեք տարեք տնկեք, եթե բռնեց, նոր մյուսներն էլ տեղափոխեք, եթե չբռնեց, ուրեմն իմաստ չունի մնացածին ձեռք տալը»,-խորհուրդ տվեց Միշա Կարապետյանը:
Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը մեծ ծախսեր չէր անելու տեղափոխման վրա, քանի որ տեխնիկան խոստացել էր ուղարկել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Պարոն Սանոյանը մի քանի անգամ շեշտեց, որ քաղաքային իշխանությունները շահագրգիռ կողմ չեն, ու կա թյուր պատկերացում: Այս հանրային քննարկումն էլ, գոնե ժամանակավոր, ավարտվեց եղեւնիները հրապարակում թողնելու օգտին: Ռուբեն Սանոյանը հայտարարեց, որ տարաբնույթ կարծիքները հնարավորություն չեն տալիս որեւէ կոնկրետ եզրակացության հանգել, եւ իրենք ձեռնպահ են մնում ապագայում այս խնդրի հետ կապված որեւէ նոր քննարկումից:
Մեկնաբանել