Ընդերքի գործակալության պետը հայտարարագիր չներկայացնելու համար ենթարկվել է վարչական տույժի
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Այվազյանը ենթարկվել է վարչական տույժի՝ 200 հազար դրամի չափով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նման որոշում է կայացրել այն բանի համար, որ պաշտոնյան հանձնաժողովին չի ներկայացրել գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովը դեռևս հունիսի 19-ին «նախազգուշացում» վարչական տույժ էր կիրառել Անուշավան Այվազյանի նկատմամբ՝ հայտարարագիրը չներկայացնելու համար: Սակայն, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը ստանալուց կամ ստացված համարելուց հետո Ա. Այվազյանը 30-օրյա ժամկետում դարձյալ չի ներկայացրել հայտարարագիրը, ինչն էլ 200 հազար դրամ վարչական տույժ կիրառելու հիմք է հանդիսացել:
Նշենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ:
Նույն օրենքի համաձայն, հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու դեպքում վարույթի նյութերը պատճառաբանված որոշմամբ ուղարկվում են գլխավոր դատախազություն:
Հանձնաժողովը որոշումը կայացրել է օգոստոսի 21-ին, սակայն այն հրապարակվել է սեպտեմբերի 2-ին: Սակայն, մինչ օրս բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված չէ Ա. Այվազյանի 2018թ. տարեկան հայտարարագիրը, ինչը նշանակում է, որ նա չի ներկայացրել:
Անուշավան Այվազյանն այդ պաշտոնը ստանձնել է 2018թ. հունիսի 18-ին: Մինչ այդ զբաղեցրել է ընդերքի պետական տեսչության պետի պաշտոնը, իսկ դրանից առաջ եղել է քաղաքաշինության նախարարի տեղակալ:
2018թ. հունիսի 18-ի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի ու եկամուտների վերաբերյալ ներկայացրած հայտարարագրի համաձայն Անուշավան Այվազյանը խոշոր գումարներ է ունեցել: Մասնավորապես, որպես ունեցած դրամական միջոց հայտարարագրել է 18 մլն 175 հազար դրամ, 63 հազար 400 դոլար և 51 հազար 400 եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է միայն աշխատավարձը՝ 1 մլն 453 հազար դրամ:
Ունեցել է երկու միավոր հողամաս, TOYOTA SOLARA 2.4 մակնիշի ավտոմեքենա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել