HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀԱԿ-ը մասնակցում է խորհրդարանական լսումներին, որովհետեւ…

«Մենք եկել ենք այս լսումներին, քանի որ երկիրը սպասում է արմատական լուծումների»,- ԱԺ-ում հրավիրված 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու քննարկումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Դրանք մեր ժողովրդին պետք է հույս տան, որ իշխանության ոչ լեգիտիմության ճգնաժամը հնարավոր է լուծել սահմանադրական եղանակով, օրինական ընտրությունների միջոցով: Մեծամասնական ընտրակարգը Հայաստանում վերածվել է մեծագույն չարիքի։ Այն դարձել է մի սիմբիոզ տեղական օլիգարխների կամ հեղինակությունների եւ իշխող կուսակցության միջեւ»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ իշխանությունները հովանավորում են տեղի հեղինակությանը, վարչական ռեսուրսով եւ ընտրական հանձնաժողովներում կատարվող կեղծարարությամբ օգնում են ընտրվել մեծամասնական ընտրատարածքներում, իսկ տեղական հեղինակություններն էլ այդ ծառայության դիմաց ներդնում են ֆինանսական, ուժային եւ կրիմինալ ռեսուրսներ՝ ընտրողներին կաշառելու եւ ահաբեկելու նպատակով:

Լեւոն Զուրաբյանը համոզված է, որ մեծամասնական ընտրակարգի վերացումը կջախջախի ընտրական կոռուպցիայի առանցքային օրրանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, որ չի հավատում իշխանությունների կոչերին, թե իբր պատրաստվում են ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել, քանի որ քայլերը չեն երեւում։

«Այս պահին մենք տեսնում ենք, որ բարոյական ու քաղաքական կամք այս ուղղությամբ չի ցուցաբերվում։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ երկու տարի շարունակ այլընտրանքային օրենսգիրք առաջարկեցինք, սակայն դրա վրա աչք փակեցին։ Աչք է փակվում նաև մեծամասնականի կեղծիքների վրա»,- ավելացրեց Ռուբեն Հակոբյանը:

Իսկ «Պոլիտէկոնոմիա» հասարակական կազմակերպության նախագահ Անդրանիկ Թեւանյանի կարծիքով՝ անիմաստ է համոզել խորհրդարանական մեծամասնությանը, որպեսզի կատարեն իրենց ծրագրային դրույթներից մեկը, այն է՝ անցումը 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Ըստ Ա. Թեւանյանի՝ ՀՀԿ-ն հանրությանը խոստացել է փոխել գործող ընտրակարգը հօգուտ համամասնականի եւ այժմ, խորհրդարանում ունենալով բացարձակ մեծամասնություն, պետք է փոխի, ոչ թե չփոխելու հիմնավորումներ մոգոնի։

«Եթե ՀՀԿ-ն, տիրապետելով խորհրդարանի հսկիչ փաթեթին եւ ունենալով երկրի նախագահ ու վարչապետ, հրաժարվում է իր ծրագրային դրույթը կյանքի կոչելուց, ապա խնդիրն իրավական հարթությունից տեղափոխվում է քաղաքական հարթություն: Ատամներով պահելով մեծամասնական 41 տեղերը՝ իշխանությունը բացահայտում է, թե ինչ մարտավարությամբ է պատրաստվում անցկացնել մայիսյան ընտրությունները։ ՀՀԿ վերնախավը փաստացի ձեռնոց է նետում բոլորին։ Դե, եթե այդպես է, ապա ձեռնոցը պետք է վերցնել եւ ընտրակարգի փոփոխության հարցում առկա «կոնսենսուս՝ մինուս մեկի» սահմաններն ու կիրառական նշանակությունն ընդլայնել»,-ավելացրեց Անդրանիկ Թեւանյանը:

Նա կոչ արեց բոլոր առողջ ուժերին, գաղափարական տարաձայնություններով հանդերձ, առաջիկա համապետական ընտրություններին առաջնորդվել «Հայաստանն՝ առանց ընտրակեղծիքների» համախմբող կարգախոսով։

«Համոզված եմ, որ այդ դեպքում հաղթանակն անխուսափելի կլինի»,- հավելեց Անդրանիկ Թեւանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter