HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է 38 միլիոն դրամ տրամադրել 105 խորքային հոր լուծարելու համար

Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով, համայնքներին պատկանող՝ ապօրինի շահա­գործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով հորերի լուծարման կամ կոնսերվացման (գործունեության դադարեցում) աշխատանքների իրականացման նպատակով շրջակա միջավայրի նախարա­րությունն առաջարկում է 38 միլիոն դրամ տրամադրել կառավարության պահուստային ֆոնդից։

Նշենք, որ կոնսերվացման ենթակա խորքային հորեր են համարվում այն խորքային հորերը, որոնք պիտանի են շահագործման համար, սակայն այդ հորերից չի իրականացվում ջրօգտագործում:

Նախարարությունը նման առաջարկություն է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Շրջակա միջավայրի նախարա­րության հաղորդմամբ՝ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսները պատմականորեն հիմնականում օգտագործվում էին խմելու և ոռոգման նպատակներով: 2006թ.-ից սկսած՝ այնտեղ սկսեցին գործել մեծ քանակությամբ ձկնաբուծարաններ, որոնք կարճ ժամանակահատվածում դարձել են Արարատյան դաշտի ամենառեսուրսատար ջրօգտագործողները:

«2013թ.-ին ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի քանակը գերազանցեց կայունության շեմը (տարեկան կտրվածքով սպառվում էր մոտ 1,6 անգամ ավել ջուր, քան հասցնում էր ձևավորվել), ինչն էլ պատճառ հանդիսացավ արտեզյան ստորերկրյա ջրերի ճնշման կտրուկ անկմանը: Դա բերեց ստորերկրյա ջրերի քանակի կտրուկ նվազմանն ու հյուծմանը: Որպես հետևանք՝ կտրուկ նվազեց հորերի ջրատվությունը, իսկ որոշ աղբյուրներ ընդհանրապես ցամաքեցին»,- նշել է նախարարությունը։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախարարությունը նախատեսում է կրճատել, կանոնակարգել և նորմավորել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների օգտագործումը՝ լուծարելով խորքային հորերը։

Նախարարությունը օգոստոսի 5-16-ը ներառյալ Արարատի և Արմավիրի մարզերում իրականացրել է կոնսերվացման և լուծարման ենթակա խորքային հորերի տեխնիկական վիճակի ուսումասիրության աշխատանքներ։ Ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ անհրաժեշտ է լուծարել և կոնսերվացնել 105 խորքային հոր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter