HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բջջային հավելվածի միջոցով երթևեկության կանոնների խախտման մասին հաղորդում տալու նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությունը

Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի օրենսդրական նախաձեռնությանը:

Այս նախագծի էությունն այն է, որ քաղաքացին, տեսնելով ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտում, կարող է այն տեսանկարահանել և հատուկ հավելվածի միջոցով ուղարկել ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ՃՈ-ն վարչական պատասխանատվության է ենթարկում խախտողին:

Նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ վերջին շրջանում վարչական խախտումների հայտնաբերման դեպքեր են ի հայտ գալիս քաղաքացի-ոստիկան համագործակցության արդյունքում: Նախագիծն էլ, ըստ պատգամավորի, ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունք է:

Պատգամավորի խոսքով՝ յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է գրանցվել այդ հավելվածում, եթե տեսնի իրավախախտում, կարող է ուղիղ կապով այդ խախտումը փոխանցել ոստիկանությանը: Տեսանյութը ուղարկվելու է համապատասխան սերվերին, և ոստիկանության աշխատակիցները, ուսումնասիրելով տեսանյութը, կկազմեն վարչական ակտ:

Նախագծի համահեղինակը մանրամասնեց՝ այդ տեսանյութի ժամանակը ևս հստակ ֆիքսվելու է, ինչպես նաև տեսանյութ ուղարկողի անձնական տվյալները հասանելի չեն լինելու երրորդ կողմի համար:

Նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանն ընդգծեց՝ նախագիծը տեղին է և խիստ անհրաժեշտ: Ըստ Խաչատրյանի՝ այն հասարակական ռեսուրսի օգտագործման մի ձև է, քանի որ հատկապես հեղափոխությունից հետո քաղաքացիների վերաբերմունքը փոխվել է երթևեկության կանոնների խախտողների նկատմամբ՝ փորձելով հասնել նրան, որ վերջիններս պատասխանատվության ենթարկվեն:

Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն էլ հավելեց՝ Կառավարությունը դրական է արտահայտվում այս օրենքի նախագծին, քանի որ նման ձևով հնարավոր է մի շարք իրավախախտումներ հայտնաբերել:

Ըստ առաջարկվող օրենքի փոփոխության՝ ֆիզիկական անձանց բջջային հեռախոսներով ամրագրված իրավախախտումներով վարչական մարմինը վարչական վարույթ իրականացնում է, եթե.

1) ֆիզիկական անձի կողմից իրավախախտումն ամրագրվել է պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգչային ծրագրի օգտագործմամբ, որը հնարավորություն է տալիս նույնականացնել իրավախախտումն ամրագրած ֆիզիկական անձին, իրավախախտման գործիք հանդիսացող մեխանիկական տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, ինչպես նաև պարզել իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը,

2) իրավախախտում ամրագրած տեսանյութը կամ լուսանկարը վարչական մարմնին ուղարկվել է համացանցային ուղիղ «օնլայն» ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին՝ որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter