HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռուբեն Վարդազարյանը՝ ԱԱԾ-ին հաճո անձ լինելու, «վնգստացող դատավորների» վերաբերյալ վարչապետի խոսքերին չարձագանելու մասին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կարծում է, որ նախաքննություն իրականացնող մարմինը բավարար հիմնավորումներ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն տալու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վարդազարյանը:

«Դատավորի անկախությունն ապահովելը չի նշանակում ամեն գնով թույլ չտալ, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի։ Եթե Բարձրագույն դատական խորհուրդը գտներ, որ սրանով ոտնահարվում է դատական իշխանության կամ կոնկրետ դատավորի անկախությունը, ապա այլ որոշում կկայացներ։ ԲԴԽ-ն ընդամենը համարել է, որ դատախազության և նախաքննական մարմնի կողմից ներկայացված հիմնավորումները բավարար են եղել, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդումը թույլատրվի, եթե նախաքննության մարմինները ցանկանան այլ 10–20 դատավորի նկատմամբ ևս քրեական հետապնդում իրականացնել և դրա համար ներկայացնեն բավարար հիմքեր, ԲԴԽ-ն նմանատիպ դիրքորոշում կձևավորի»,- ասաց Վարդազարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 27–ին ԲԴԽ-ն բավարարել էր դատախազության միջնորդությունները և համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, իսկ քրեական հետապնդում հարուցելուց հետո ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել են:

ԲԴԽ նախագահն իրեն իշխանություններին ու ԱԱԾ-ին հաճո անձ չի համարում

Ռուբեն Վարդազարյանն անդրադարձավ իր հասցեին հնչող քննադատություններին այն մասին, որ ընկալվել և ընկալվում է որպես Ազգային անվտանգության ծառայությանն (ԱԱԾ) ու իշխանություններին հաճո անձ:

Նշենք, որ իրավական ոլորտի շատ մասնագետներ Ռուբեն Վարդազարյանին քննադատում են, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի նախագահ, ապա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ եղած ժամանակ մշտապես բավարարել է ԱԱԾ-ի միջնորդություննները՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

«Էնպես է ստացվել, որ ես՝ որպես դատավոր, քննել եմ «Օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին» օրենքի շրջանակներում դատական վերահսկողության դաշտում ներկայացված միջորդությունները՝ այդ թվում ԱԱԾ-ի միջնորդությունները»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը: Վերջինս նշեց, որ ոստիկանությունը օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ ավելի շատ միջնորդություններ է ներկայացրել, և ինքը դրանք ևս քննել է, որովհետև դա իր մասնագիտացումն է եղել:

Վարդազարյանը նշեց, որ հետաքննական մարմնի միջնորդությունները քննվում են այն դատարանում, որի վարչական տարածքում գտնվում է հետաքննական մարմինը, և քանի որ և՛ ԱԱԾ-ն, և՛ ոստիկանությունը, և՛ ՊԵԿ-ի օպերատիվ ստորաբաժանումները գտնվել են Կենտրոն վարչական շրջանում, Կենտրոնի դատարանն է քննել այդ մարմինների ներկայացրած միջնորդությունները:

Մեր հարցին, թե այնումենայնիվ, մոտավոր հարաբերակցությամբ Վարդազարյանը ԱԱԾ-ի՝ օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունների քանի՞ տոկոսն է բավարարել և քանիսը՝ մերժել, Վարդազարյանը պատասխանեց, որ սկզբնական շրջանում, երբ նոր էր սկսել քննել նման միջնորդություններ, մերժումների տոկոսը մոտ 30 էր: Հետագայում, ըստ Վարդազարյանի, օպերատիվ մարմիններն աշխատանքի ընթացքում շտկել են միջնորդություններում թույլ տրվող  սխալները, և ինքը միջնորդությունների մոտ 90%-ը բավարարել, իսկ 10 %-ը՝ մերժել:

Ռուբեն Վարդազարյանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մասնագիտական լուրջ առաջընթաց է գրանցել: Եթե նախկին իշխանության օրոք նա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ էր, ապա այժմ ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Մեր հարցին՝ եթե, այնուամենայնիվ, տեղին չեն իր հասցեին հնչած քննադատությունները, որ բոլոր ժամանակներում իշխանահաճո անձ է եղել, ապա ինչպես ստացվեց, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մասնագիտական աճ գրանցեց, Վարդազարյանը պատասխանեց.

«Իսկ չե՞ք մտածել, որ կարող է լինել մարդ, որն իր պրոֆեսիոնալ գործունեությունն է իրականացնում և չի խառնվում որևէ քաղաքական խարդավանքի, և դա գնահատվել է ցանկացած իշխանության կողմից»:

ԲԴԽ նախագահը «պատերի տակ վնգստացող դատավորների» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը փոքր-ինչ կոպիտ է համարում

Հարցին, թե ինչու Բարձրագույն դատական խորհուրդն այդպես էլ չարձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե դատական համակարգը անտեր է, կան դատավորներ, որոնք վնգստում են պատերի տակ ու նոր տերեր փնտրում, Վարդազարյանը պատասխանեց, որ արձագանքելու հարցը շատ է քննարկվել, բավական աշխատանք տարվեց մի քանի տեքստի վրա, հետո որոշվել է քաղաքական հայտարարություններին չարձագանքել:

«Ես գտնում եմ, որ միգուցե բառակապակցությունը փոքր-ինչ կոպիտ էր: Պարզ ասեմ՝ դատավորները միշտ կաշկանդված են իրենց կոլեգաների մասին հրապարակային կարծիք հայտնել, բայց երբ իրար հետ են զրուցում, շատ լավ հասկանում են, թե վարչապետն ում նկատի ուներ և ինչի մասին էր խոսքը»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter