HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է իր 94-րդ համերգաշրջանը

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ) իր 94-րդ համերգաշրջանը կսկսի կարևորագույն երաժշտական իրադարձությամբ՝ Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնով: Այս մասին տեղեկացնում են նվագախմբի մամուլի հետ կապերի բաժնից:

Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 14-ից և կտևի մինչ հոկտեմբերի 25-ը: Հայաստանից և ողջ աշխարհից 16 բարձրակարգ երաժիշտներ կներկայացնեն շուրջ 13 սիմֆոնիկ և կամերային համերգներ, կանցկացնեն անվճար վարպետության դասեր:

Սեպտեմբերի 14-ին` փառատոնի առաջին համերգին կատարողական վարպետությամբ կփայլի մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տրպչեսկին: “Times” պարբերականը Տրպչեսկու մասին գրել է. «Նրա կատարումն այնքան վիրտուոզ է, որ մնացած դաշնակահարներին միայն մնում է նախանձել վերջինիս»: Նա աչքի է ընկնում ոչ միայն տպավորիչ վիրտուոզությամբ և խորը արտահայտչականությամբ, այլ նաև բեմական ազդեցիկ խարիզմայով: Սեպտեմբերի 14-ին ՀԱՖՆ-ի և Սիմոն Տրպչեսկու կատարմամբ կունկնդրենք Բեթհովենի Դաշնամուրի թիվ 5 կոնցերտը, այս ստեղծագործությունը կոչվում է նաև «Կայսերական»: Բեթհովենն այն գրել է 1809–1811թթ-ին Վիենայում և նվիրել է Ավստրիայի Էրցհերցոգ Ռուդոլֆին: Այն ներծծված է հերոսական ոգով և արտացոլում է խորը հոգևոր ներաշխարհ ունեցող քաջ մարտիկի պայքարը: Դաշնամուրի մենանվագն աչքի է ընկնում կատարելությամբ, վստահ ենք՝ Տրպչեսկու մեկնաբանությամբ այն հատկապես տպավորիչ կհնչի:

Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը վստահվել է ղեկավարելու հանդիսատեսի կողմից արդեն սիրված և սպասված իտալացի դիրիժոր Պիեր Կարլո Օրիցիոյին: Առաջին բաժնում Բեթհովենի դաշնամուրի կոնցերտի հետ կունկնդրենք Շումանի միակ օպերայի՝ «Գենովևա»-ի գեղեցիկ նախերգանքը: Երկրորդ մասում կհնչի Բրամսի վերջին՝ 4-րդ սիմֆոնիան (1885թ), որը հանդիսանում է կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության բարձրակետը: Բրամսի 4-րդ սիմֆոնիան նրա առավել կատարյալ և ինքնատիպ ստեղծագործություններից է. այն ոճային առումով ամփոփում է 19-րդ դարը և կապող կամուրջ է նետում դեպի 20-րդ դար:

Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարներ Էդուարդ Թոփչյանը (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) և Ալեքսանդր Չաուշյանը (թավջութակահար) հանդես կգան սեպտեմբերի 19-ի համերգին՝ այլ հայտնի երաժիշտների ընկերակցությամբ: Հաջորդիվ պատիվ ունենք ունկնդրելու մեր ժամանակների լավագույն դիրիժորներից Անդրեյ Բորեյկոյին (սեպտեմբերի 27), իտալացի փայլուն ջութակահարուհի Աննա Տիֆուին (հոկտեմբեր 16), կրքոտ ու անթերի վարպետության տեր հունգարացի ջութակահար Քրիստոֆ Բարաթիին (հոկտեմբերի 21), մեր ժամանակների ամենահաջողակ դաշնակահարներից Ֆրեդդի Քեմփֆին (հոկտեմբերի 25), ով լեփ-լեցուն համերգասրահներ է հավաքում ողջ աշխարհում:

Փառատոնի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ՝ այցելելով ՀԱՖՆ-ի կայք կամ ֆեյսբուքյան էջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter