HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂ հարցի լուծումը մենթալիտետից հրաժարվելու մեջ է

Թվում է, թե ԼՂ հարցը ոչ ուղղակիորեն, ոչ անուղղակիորեն ոչ մի կապ չունի այն բանի հետ, թե ինչպես են հայերը եւ ադրբեջանցիները վերաբերվում իրենց մայրաքաղաքին, ինչպես են ապրում նրա կենցաղով: Պարզվում է' ուղղակիորեն կապ ունի: Եթե մի մայրաքաղաք հանդուրժում է Երվանդ Զախարյանին եւ այն, թե ինչպես է այդ մայրաքաղաքի միջին կամ աղքատ խավը հաշտվում երթուղայինով գործի գնալու փաստի հետ, եթե նա ամեն օր կեղտի ու փոշու մեջ թագավորող փողոցային մսավաճառներից միս է գնում, եթե նա իր երեխայի մանկասայլակն ամեն իրիկուն քշում է մայթերի քայքայված ասֆալտով ու մտքում հայհոյում է դրա մեղավորին եւ այդպես ամեն օր, նա ոչ թե ոչ մի թիզ հող չի զիջի ԼՂ-ից կամ ազատագրված տարածքներից, այլ ոչ մի կերպ չի համակերպվի այդ մտքի հետ առանց մատը մատին խփելու, այսինքն՝ իրականում չիմանալով, թե ինչու:

Որովհետեւ նույն տրամաբանությամբ նա կզիջի իր հայրենիքի ցանկացած կտորը՝ դարձյալ առանց իմանալու, թե ինչու: Որովհետեւ նա թքած ունի Ղարաբաղը հանձնելու եւ չհանձնելու վրա: Որովհետեւ եթե մարդը իր փողոցի ընկալումը չունի, նրան չի կարելի խառնել որեւէ կոնֆլիկտի լուծման մեջ: Իսկ եթե մեկը կոնֆլիկտ է լուծում աշխարհի քաղաքակիրթ փողոցներից այդպես էլ ոտքը չկտրելով ու չդնելով իր երկրի վրա՝ առավելեւս չարժե նրանից կոնֆլիկտի լուծում ակնկալել: Եվ երբ կողմերից մեկը, ի վերջո, զիջի իր դիրքերը, այդ կողմը ներկայացնող քաղաքացին ծպտուն անգամ չի հանի, քանզի հոգու խորքում նա ոչ մի թիզ հող չի կրում ոչ թե Ղարաբաղից, այլ իր կենսադաշտից, որը միգուցե ավելին է, քան ԼՂ-ն, ՀՀ-ն եւ Ադրբեջանը միասին վերցրած, քանզի այդ կենսադաշտը ոչ թե աշխարհագրական տարածք է, այլ' ավելի ընդգրկուն մի բան, որտեղ տեղ ունեն եւ՛ հայը, ե՛ւ ադրբեջանցին, եւ՛ թուրքը, եւ՛ տաջիկը, եւ՛ ռումինը, եւ՛ ֆրանսիացին եւ այլն : Բանն այն է, որ այն ընկալումը, որը մենք, այսինքն՝ հայերս եւ ադրբեջանցիներս, ունենք մեր մայրաքաղաքի, մեր ծառ ու թփի, մեր փողոցի ու բակի, մեր քաղաքական եւ ոչ քաղաքական առաջնորդի հանդեպ, վկայում է, որ մենք ոչ միայն ԼՂ չունենք, որ այդպիսի հարց ոչ միայն չկա, այլեւ մենք մեր Հայրենիքը չունենք, մենք, կարճ ասած, փայփայելու բան չունենք:

Ո՛չ հայը, ո՛չ ադրբեջանցին այսօր պատկերացում չունի, թե ինչպիսի երկրում է ուզում ապրել: Ո՛չ հայը, ո՛չ ադրբեջանցին պատկերացում չունի, որ հանդուրժողականությունը վեր է ցանկացած ազգությունից, ո՛չ հայը, ո՛չ ադրբեջանցին չեն էլ ենթադրում, որ ազգությունը այն ընկալմամբ, որ կա մեր մեջ, կարող է տանել մարդակերության, բայց հանդուրժողականությունը, եթե այն ունենք մանանեխի հատիկի չափ, ոչ մի նման բան, նույնիսկ հայհոյանքի ծիլ չի ենթադրում: Քանզի ազգությունը այն ընկալմամբ, որ մենք ունենք, կրոն է, ոչ թե մշակույթ, հենց այդ ընկալմամբ էին թալիբներն իշխում Աֆղանստանում: Քանի դեռ մեր փողոցներում չկան կենցաղային եւ հատուկ ծխախոտի համար նախատեսված աղբամաններ, քանի դեռ ժողովրդավարությունը չափվում է մենթալիտետով, ու դա ոչ մեկի պետքը չէ, դու՝ իբրեւ երկիր, քո 1700 տարվա քրիստոնեությամբ Աֆղանստանի մի մասն ես, որովհետեւ թալիբները նույնպես իրենց առջեւ չեն դրել հենց այն խնդիրները, որոնք դու, ժողովրդավարությունն իբրեւ կեցության ձեւ ընտրելով, նույնպես չես դրել քո առաջ:

Եվ երբ դու իբրեւ քաղաքացի խոսում ես անհամատեղելի հարեւանների մասին, նշանակում է' հույս ունես, որ կդառնաս Եվրամիության անդամ, իսկ Ադրբեջանը' ոչ: Բայց հենց այդ հույսն էլ արգելք է, որ դու դառնաս: Հայաստանի համար չկա ԵՄ առանց Ադրբեջանի, որովհետեւ ո՞րն է ԵՄ-ի իմաստը, եթե ոչ անհաղթահարելի խնդիրների հաղթահարումը համատեղ ուժերով, միմյանց հանդեպ վստահությամբ, արյամբ հարց լուծելու մտքի հանդեպ հաղթանակը: Երբ դու իր իշխանությունը չվայելած ժողովրդին նախապատրաստում ես պատերազմի' անսալով իր ժողովրդին ԵՄ-ում չպատկերացնող Իլհամ Ալիեւի հավաստիացումներին, որ պատերազմն անխուսափելի է, նշանակում է' դու չես ընկալում խաղաղությունն իբրեւ քաղաքականություն ընդդեմ պատերազմի անխուսափելիության, նշանակում է' դու ինքդ ես պատերազմը նախաձեռնել այն տարբերությամբ, որ առաջինը չես կրակել, որովհետեւ մսաղացն այնտեղ է, որտեղ մսացուն: Պատերազմի սպառնալիքը մեզ եւ ադրբեջանցիներին իրավունք չի տալիս ապրել ըստ խաղաղության: Եվ հենց այդ պատճառով ես չեմ կարող մերժել Ադրբեջանի հարեւանությունը, որը ոխերիմ է:

Այսօր Ղարաբաղի հարցի որեւէ լուծում չի հանդուրժում ոչ թե մեր ողջախոհությունը, այլ' մեր մենթալիտետը: Բայց քիչ է ասել, թե մեր մենթալիտետն այն է, թե հոգու խորքում համաձայն ենք յուրաքանչյուր կաշառակերի հետ, քանի որ դեմ չէինք լինի լինել նրա տեղը: Մեր մենթալիտետը Հայրենիքի մեջ տեսնում է թուրքով կամ քրդով չբնակեցված Մասիսը, բայց ադրբեջանական Ղազախը նրա բնակչով, ղազախցու հետ մեր հարաբերությամբ չի ընկալում: Մասիսն ինքը մշակույթ է, նրա հանդեպ մեր ընկալումը' մենթալիտետ: Ընտրությունը մշակույթ է, Լֆիկ Սամոյին, Ճոյտին կամ Ալրաղացի Լյովին ԱԺ-ում հանդուրժելը' մենթալիտետ, Երեւանը մշակույթ է, Երվանդ Զախարյանը (կամ նրան նախորդող եւ հաջորդող քաղաքապետերը)' մենթալիտետ: Ու քանի դեռ սրանք գործոն են, ոչ ոք ինձ չի խանգարում միզել վերելակի մեջ ու լինել անիրավացի: Որովհետեւ սրանք' բռունցքներ գործի դնողները, անցյալն իրենց մանկության հեղինակություններով, ոչ թե հենց մանկությամբ ընկալողներն են այսօրվա Հայաստանը ու սրանք եւ սրանց նմաններն են մեր քրեական ու սոցիալական ավանդույթները (ասենք՝ վերելակի մեջ միզելը) արտահանում Բեռլին, Ամստերդամ ու Ստրասբուրգ: Ու դրանից հետո մենք աշխարհում ոչ մեկին չենք կարող համոզել, թե մեզ հետ Ղարաբաղի համար ավելի լավ է, քան' առանց մեզ: Ըստ այդմ, Ղարաբաղի հարցը մշակութային լուծում է պահանջում, եւ ոչ թե՝ քաղաքական: Իսկ լուծում կա: Այն, այո, փուլային է: Եվ այն պահանջում է, որ կողմերն իրենց հոգու խորքում լինեն, պայմանականորեն ասած, Եվրամիության քաղաքացիներ: Եվ երբ երկու երկրների ղեկավարները կամ պաշտպանության նախարարներն ասում են, որ իրենք պատրաստ են հարցը լուծել նաեւ ռազմական ճանապարհով, դրանով նրանք սնում են իրենց ժողովրդի անհանդուրժողականությունը: Նրանք ժողովրդին սովորեցնում են պատրաստ լինել դիմացինի կոկորդը կրծելուն, քանի որ դիմացինը ապրում է ոտնձգության պատրանքով:

ԼՂ հարցը հնարավոր է լուծել՝ ընդունելով միայն ՀՀ-ի, ԼՂ-ի եւ Ադրբեջանի՝ քաղաքակիրթ ժողովուրդներ ունենալու կանխավարկածը: Այս կանխավարկածը ճանաչելուց հետո ԼՂ հարցի լուծման առաջին քայլն այդ երկրի անկախության իրավունքն ընդունելն է: Ընդ որում, այն ընդունելուց անմիջապես հետո պետք է սկսել երեք երկրների' ԵՄ անդամակցության գործընթացի շուրջ բանակցությունները: Այս դեպքում կողմերից ոչ ոք շահող կամ կորցնող դուրս չի գա, քանի որ ԵՄ-ն նախ եւ առաջ ենթադրում է ընդհանուր սահմաններ, կամ որ նույնն է' սահմանների բացակայություն: Եվ երբ Մեղրիի հարցը դարձնում ես այլընտրանք ԼՂ անկախության կամ Լաչինի եւ Քելբաջարի դիմաց, նշանակում է՝ դու Հայրենիքդ դարձնում ես Էրգիր ու այն թողնում սերունդներին իբրեւ Մուշ ու Վան, հետո ծնվում են կուսակցություններ, որոնք ասում են, որ Մեղրին պետք է վերադարձնենք, այսինքն՝ թուրքի կոկորդ կրծենք, այսինքն՝ թրքանանք: Եվ երբ Մեղրիի հարցը դարձնում ես այլընտրանք ԼՂ անկախության կամ Լաչինի եւ Քելբաջարի դիմաց, նշանակում է՝ դու սահմանի վրա սահման ես ավելացնում, այսինքն՝ անհանդուրժողականության վրա' անհանդուրժողականություն: Նշանակում է՝ քո կոչումն է, քո աշխատանքի իմաստն է փաստել իմ եւ ադրբեջանցու անհամատեղելիությունը: Ի՞նչ է անհամատեղելիությունը, եթե մեր արանքում չկա Իլհամ Ալիեւ, որն անընդհատ խոսում է հարցի ռազմական լուծումից: Ի՞նչ է կոնֆլիկտը, եթե այն չի պատճառաբանում իշխանության վերարտադրությունը. չէ՞ որ ժողովուրդների ձգտումն է՝ ապրել խաղաղության մեջ, իսկ իշխանություններինը' ասել, որ դա անհնար է, եթե կա կոն ֆլիկտ:

Ուրեմն, նախ եւ առաջ պետք է հասնել այն բանին, որ ժողովուրդների երկխոսության մեջ նվազագույնի հասցվի իշխանությունների դերը: Հենց այս տրամաբանությամբ պետք է լուծվի ԼՂ հարցը: Հայերը չեն մտածի' ո՞նց կարող է Ղարաբաղը մնալ Ադրբեջանի կազմում, ադրբեջանցիներն էլ չեն մտածի, թե ո՞նց Ղարաբաղը կարող է լինել անկախ կամ ՀՀ կազմում, քանզի ուղղակի չեն հասցնի այդպես մտածել: Պետք է երեք երկրների հասարակություններին պատրաստել այն բանին, որ նույնիսկ ԼՂ անկախությունից շահող կողմ չկա, քանի որ երեք երկրներն էլ ամենամոտակա, ասենք՝ 5-ից 10 տարվա ընթացքում կարող են անդամակցել ԵՄ-ին: Մինչեւ ԼՂ-ի անկախությունը ճանաչելը ամեն ինչ պետք է անել, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները փոխվեն եւ խմբում ընդգրկվեն բացառապես ԵՄ անդամ, բայց կոնֆլիկտի նկատմամբ ծայրահեղ չեզոք երկրներ: Անպտուղ պատվի հարցը պետք է դուրս մղվի բանակցային գործընթացից, քանզի որտեղ պատվի հարց, այնտեղ' արյուն թափելու պատրաստակամություն: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի երեք երկրների հասարակությունները նախ եւ առաջ մտածեն ընդհանուր շահերի, քան' առանձին վերցրած իրենց մասին: Դրա համար ամեն երկիր իր համար պետք է բացառի նախ Երվանդ Զախարյանի նմանների՝ իշխանությունում մնալը, պետք է բացառի ընտրակեղծարարների, օլիգարխների եւ հասարակությունը դեպի մենթալիտետային իշխանություն մղողներին տոն տալը իրենց կյանքում: Դա վերաբերում է եւ՛ ընդդիմության, եւ՛ կոալիցիոն կուսակցությունների ղեկավարներին, ինչպես նաեւ' բոլորին, ովքեր իշխանությունն ընկալում են իբրեւ բարեկեցության խթան: Քանզի իշխանությամբ օժտելով օլիգարխին, Սեյրան Ավագյանին, Գարեգին Ազարյանին, Լիսկային, Ալբերտ Հերոյանին եւ, ավելորդ եմ համարում ասել, Երվանդ Զախարյանին՝ դու նրանց դարձնում ես կոշկակարի, գրողի, պարուսույցի կամ դասախոսի նման, եւ մի ողջ երկիր ուզում է կրել իշխանությունը' իր զավակի մեջ սպանելով կոշկակարին, գրողին, պարուսույցին եւ դասախոսին: Ռեկտորդ ռեկտոր կլինի, ոչ թե Վիլեն Հակոբյան, բարերարդ կլինի ոչ թե Արա Աբրահամյանի նման անգրագետ մեկը, այլ քո միջի հարուստը, իսկ հայրենակիցդ' հաստատ ոչ Լեւոն Չախմախչյանի նման կաշառակերը, մարզդ մարզ կդառնա, ոչ թե Գագիկ Ծառուկյանի սեփականություն:

Այսպիսով՝ մեզ, Ղարաբաղին եւ ադրբեջանցիներին ի՞նչ կտա հարցի վերը ձեւակերպված լուծումը: Դա երեք երկրներին կփրկի մենթալիտետային իմիջից, մեզ կդարձնի քրիստոնեական, իսկ Ադրբեջանին' պակաս իսլամիստական երկիր: Ծայրահեղ դեպքում Ադրբեջանին կխանգարի երբեւէ տրվել իսլամանալու հովերին: Երկրորդ՝ երեք երկրներում էլ կբացառի ընտրությունների կեղծման մտահոգությունն անգամ: Ընտրությունները կդադարեն լինել դարակազմիկ, բայց անպտուղ իրադարձություն, դրանք իրենց նշանակությամբ կդառնան առօրեական, ավելի ճիշտ՝ կլինեն նույնքան իրադարձային, որքան սեփական տան ջրի փականը փոխելը: Նախ՝ դա ամեն օր չես անում: Երկրորդ՝ դրա համար ոչ մեկին կաշառելու կարիք չկա, բայց ինչ-որ բան ես փոխում քո կյանքում: Դրանով ապահովում ես քո կենցաղային արժանապատվությունը, որից հետո զզվանքով ես նայում, թե ինչպես են մարդիկ փողոցում փոշու եւ կեղտի մեջ միս վաճառում: Երրորդ՝ ասպարեզից դուրս կմղի տնտեսության եւ անհատի օլիգարխացումը: Հարուստները չեն փորձի ավելի հարուստ երեւալ աղքատների մեջ, իսկ աղքատներն էլ չեն տառապի հարուստի ինչքից: Չորրորդ՝ կօգնի պատճառաբանել քո տեղը քո երկրում, որտեղ դու ոչ մեկի վրայով չես փորձի վերահաստատել քո իրավունքը:

Հովհաննես Պողոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter