HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Առավոտյան 9-ից 18:00-ը՝ սխրանք

Սեպտեմբերի 4: Չորեքշաբթի: Առավոտյան ժամը 10.30: Աշխատանքային օրվա պիկը:
Արտակարգ իրավիճակների նախարարության բակ:

Սրընթաց գալիս են սև, անթերի լվացած ծառայողական մեքենաները՝ ուղեկցող  մեքենաներով: Մուգ ապակիները թույլ չեն տալիս տեսնել՝ ո՞վ է մեքենայի խորհրդավոր ուղևորը: Թիկնապահները բացում են մեքենայի դուռը, իրենց բարձրաստիճան ուղևորին անվտանգ իջեցնում և ուղեկցում դեպի հով մի վայր՝ կասկածամտորեն աջուձախ նայելով:

Հով տեղում արդեն հավաքված են ավելի վաղ ժամանած պաշտոնյաները: Բոլորը ժամանակից շուտ են եկել, որպեսզի չխախտեն էթիկետը: Ժամանակը կարճելու և հնարավորինս օգտակար անցկացնելու նպատակով միմյանց հետ մտքեր են փոխանակում, գլխով հաստատական նշաններ անում և շուտ-շուտ նայում ժամացույցին:

Բարձրաստիճանների թիկնապահներն էլ միմյանց տեսնելու պատեհ առիթը բաց չթողեցին. պաչիկով միմյանց բարևում էին ու աշխույժ զրուցում:

Բոլորը սպասում են հանդիսավոր միջոցառման սկսվելուն. սեպտեմբերի 4-ն ԱԻՆ աշխատակիցների օրն է, ինչի առիթով էլ հավաքվել էր ողջ իստեբլիշմենտը:

Հանդիսավոր միջոցառումը, հասկանալի է, սկսվեց վարչապետի ժամանումից անմիջապես հետո: Նա էլ ճիշտ ժամանակին եկավ՝ ավանդական շքախմբով՝ ծառայողական ավտոմեքենա, ուղեկցող ավտոմեքենաներ, թիկնապահներ:

Եվ ահա, տրիբունայում են երկրի ղեկավարները, մեկ-մեկ միմյանց ականջին ինչ-որ կարևոր միտք են շշնջում: Մնացյալն՝ ըստ ռիտուալի՝ շնորհավորական ուղերձներ, թեթև ծափեր՝ ելույթներից հետո, պարգևների հանձնում լավագույն փրկարարներին:

Այս գողտրիկ միջոցառմանը մասնակցելու համար յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա նվիրել էր աշխատանքային օրվա ամենակարևոր՝ առավոտյան երկու ժամը:
Իսկ միջոցառման մասնակիցները հասարակ մարդիկ չէին՝ ՀՀ վարչապետը, փոխվարչապետերը, ԱԺ նախագահը, փոխնախագահը, քաղաքապետը, ԱԱԾ պետը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, ոստիկանապետը, Կառավարությունը՝ գրեթե ողջ կազմով, այդ թվում՝ արտգործնախարարը, գլխավոր դատախազը, ԱԺ պատգամավորներ…Մոռացա նաև՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:

Աշխատանքային օրվա ամբողջ երկու ժամը այս պաշտոնյաները նվիրեցին ԱԻՆ աշխատողին նվիրված միջոռմանը: Իրականում՝ սա իրո՛ք արտակարգ իրավիճակ է, երբ ձևականությունն ու պայմանականությունն ավելի կարևոր են, քան գործը:

ԱԻՆ աշխատակիցներն՝ իրենց բարեխիղճ աշխատանքի շնորհիվ, վաստակել են բոլորիս հարգանքը, և խնդիրն այս դեպքում նրանց տոնն անտեսելը չէր: Դա կարելի էր անել ջերմ ուղերձով, պարգևատրումներով, առանց նման՝ խորհրդային ավանդույթներ հիշեցնող միջոցառումների:

Եվ եթե այդ պահին որևէ տեղ անհրաժեշտություն լիներ, վստահ եմ, փրկարարները կթողնեին պայմանական այդ շքերթն ու ծափերը, կշտապեին դեպքի վայր:

Իսկ այսօր «դեպքի վայր» է Հայաստանի յուրաքանչյուր ոլորտ: Հիշենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը, ներկայացնելով գաղտնի մի փաստաթղթի տվյալներ, ասաց. «Մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում»:

Չլուծված հազարավոր խնդիրներ ունեցող երկրում պետական մեքենայի աշխատանքի համար պատասխանատու պաշտոնյաների՝ ժամանակի սխալ և ոչ օգտակար բաշխումը լուրջ խնդիր է:

Ընդ որում, գուցե սրանից է բխում նաև մյուս կարևորագույն խնդիրը՝ բյուջեի բաշխումը, ավելի ստույգ՝ բյուջեն «քնեցնելը»:

Պետության կարևորագույն գործառույթը՝ բյուջեի բաշխումը, ըստ էության, գրագետ չի իրականացվում: Ամեն դեպքում, պաշտոնական հերքում կամ բացատրություն չհաջորդեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի ներկայացրած փաստերին. «Փող ոչ միայն կա, այլև այդ գումարը ներդրված է Կենտրոնական բանկում՝ որպես ավանդ՝ մոտավորապես 300 միլիարդ դրամի չափով: Որ նշանակում է անշարժացած փող է դրված, փողը ուղղակի չի իրացվում տնտեսության մեջ: Տնտեսությունից հանում ենք և հետ չենք դնում տնտեսություն: Հարկերը հավաքագրվում են, հարկատուները վճարում են հարկերը, և ես ուրախությամբ պետք է ասեմ դա, որովհետև մենք սովոր ենք մտածել, որ սա անպայման հարկահավաքի աշխատանքի արդյունքն է: Ես կարծում եմ, որ սա բարեխիղճ հարկատուների թվի ավելացման արդյունք է: Բայց եթե այդ գումարները հետ չեն վերադառնում տնտեսություն, սա պրոբլեմ է: …Ունենալ գումար և ուղղակի չկարողանալ իրացնել տնտեսության մեջ, մի տեղ, որտեղ ճանապարհները խայտառակ վիճակում են, միջհամայնքային որևէ ճանապարհով ուղղակի չես կարող երթևեկել, դա անթույլատրելի բացթողում է»:

Ակնկալում ենք, որ նոր Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները պետք է դուրս լինեն այս կամ այն միջոցառումներին հարսանեկան գեներալների կարգավիճակով մասնակցելուց: Առհասարակ, փակեն ձևական և պայմանական միջոցառումների էջը: Վարչապետն ինքը պետք է հրաժարվի նախարարների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների՝ իրեն այստեղ կամ այնտեղ ուղեկցելու ծառայություններից, ոմանք այդ ընթացքում կորցնում են իրենց թանկարժեք ժամանակը, ոմանք՝ նաև արժանապատվությունը:

Ի դեպ, ժամը 12:30-ին, ԱԻՆ-ի միջոցառման ավարտից անմիջապես հետո, բոլորը շտապեցին նստել իրենց սպասող ավտոմեքենաներն ու սուրալ աշխատանքի: Իսկ ժամը 13:00-14:00-ն ընդմիջում է:

Հ. Գ. Վերնագիրը «Նույն այն Մյունհաուզենը» կինոնկարից է: Մյունհաուզենը ներկայացնում է օրվա իր գրաֆիկը՝ «Ժամը 8-10-ը` սխրանք»: Քաղաքագլուխն ասում է. «Ես ինքս էլ ծառայում եմ: Ամեն օր՝ առավոտյան ժամը 9-ին, պետք է գնամ քաղաքապետարան: Չեմ կարող ասել` դա սխրանք է, բայց դրանում ինչ-որ հերոսական բան, այնուամենայնիվ, կա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter