
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում 12.3%-ով աճել է
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 770 055։ Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալներից, 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 12.3 %-ով։
Զբոսաշրջիկների մեծ մասը տեղավորվում է բարեկամի կամ հարազատների տանը, վարձով բնակարաններում և այլն։ Նրանք կազմել են առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 71 %-ը։ Սա նշանակում է, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մեծ մասն արտասահմանում ապրող հայերն են։
Իսկ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղավորվել է զբոսաշրջիկների միայն 29 %-ը։
Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010)` միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավել, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:
Հայաստան եկած և հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղավորված զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 222 576, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ 59.6%-ով աճել է։ Հյուրանոցներից ստացված տվյալների հիման վրա Վիճկոմիտեն հաշվարկել է, որ նշված 222 576 զբոսաշրջիկների 26.5%-ն ԱՊՀ երկրներից է, հիմնականում՝ Ռուսաստանից։ ԵՄ երկրներից է նրանց 25.2%-ը, 48.3%-ն էլ՝ այլ եկրներից։ ԵՄ երկրների շարքում առավել մեծ է Գերմանիայից ու Ֆրանսիայից ժամանած ուղևորների տեսակարար կշիռը։ Իսկ այլ երկրների շարքում առանձնանում են ԱՄՆ-ն ու Իրանը։
Ըստ Վիճկոմիտեի՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների կեսից ավելին՝ 54.4%-ը, ժամանել է հանգստի և ժամանցի նպատակով, 16.4%-ը՝ գործնական այցով, 0.6%-ը՝ բուժման նպատակով և մնացած՝ 28.6%-ը՝ այլ նպատակներով։
Հայաստանից մեկնողների փոքր մասն է օգտվում զբոսաշրջային գործակալություններից
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից զբոսաշրջության նպատակով արտասահման մեկնածների թիվը կազմել է 684 808, որը 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել է 12.1%-ով։
Չնայած զբոսաշրջային գործակալությունների միջոցով ուղևորությունը կազմակերպողների թիվն աճել է այս տարի, սակայն նրանց տեսակարար կշիռը զբոսաշրջիկների ընդհանուևր թվի մեջ բավականին փոքր է։ Մասնավորապես, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնածներից 3 729 հոգի իր ուղևորությունը կազմակերպել է գործակալությունների միջոցով։ Այսինքն՝ ընդհանուր մեկնողների 0.5 %-ը։ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից օգտվողների թիվը 3.4 անգամ աճել է։
Իսկ մեկնողների 99.5%-ն ինքնուրույն է կազմակերպել ուղևորությունը։
Հայաստանից մեկնող զբոսաշրջիկները ևս մեծամասամբ հանգստի ու ժամանացի նպատակով են գնացել՝ 75.4 %-ը։ Գործնական նպատակով մեկնել է 24.2 %-ը, և մնացած 0.4%-ն՝ այլ նպատակներով։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել