HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնավնասում և հափշտակություններ․ Գեղարքունիքի ներկա և նախկին փոխմարզպետները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հունիսին Արտաշես Նիկոյանն ազատվել է փոխմարզպետի պաշտոնից, իսկ Նարեկ Գրիգորյանը նշանակվել է փոխմարզպետ։ Վերջինս էլ Նիկոյանի փեսան է: Նարեկ Գրիգորյանի աշխատանքային գործունեությունն, ըստ կենսագրական տվյալների, սկսվում է փոխմարզպետի պաշտոնից: 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2016-2018 թվականներին եղել է Նորատուսի ավագանու անդամ:

Պաշտպանության նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ քաղաքացի Նարեկ Գրիգորյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել է զինծառայությունից՝ առանց մանրամասնելու հիմքը: «Հետք»-ին հայտնի էր դարձել, որ փոխմարզպետը զինծառայությունից ազատվել է ինքնավնասման միջոցով: Այդ մասին են վկայում նաև Նարեկ Գրիգորյանի թևերի սպիները, որոնք նրա լուսանկարներում նկատելի են:

Մենք դիմեցինք Նարեկ Գրիգորյանին պարզաբանում ստանալու համար, սակայն նա մերժեց հարցմանը պատասխանել՝ վկայակոչելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքների դրույթները:

«Ես իրավունք ունեմ այդ տեղեկությունները չտրամադրել Ձեզ, և միաժամանակ առանց իմ համաձայնության դրանք չեն կարող տրամադրվել Ձեզ»,- գրել է Գրիգորյանը:

Փոխմարզպետին տվել էինք հետևյալ հարցերը.

Մենք ունենք տեղեկություններ, որ Դուք զինծառայությունից ազատվել եք ինքնավնասման միջոցով:

Խնդրում ենք կցել Ձեր զինգրքույկի պատճենի այն էջը, որում արտացոլված է, թե որ հոդվածի հատկանիշներով եք ազատվել զինծառայությունից:

Հայտնեք նաև, թե կից ուղարկված լուսանկարում Ձեր թևի սպիներն ինչի՞ հետևանքով են առաջացել:

Այդ հիվանդության դրսևորումներն արդյոք չե՞ն խանգարում Ձեզ հանրային պաշտոն զբաղեցնել:

Տեղեկացնենք, որ սա առաջին դեպքն է, երբ մենք զինծառայությունից ազատված որևէ պաշտոնյայի առողջական խնդրի մասին մանրամասն գրում ենք:

Ըստ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշման՝ հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկն է՝

  • Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ 
  • Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ 
  • Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ 
  • Սովորույթի և հակումների խանգարումներ 
  • Մտավոր հետամնացություն 
  • Հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով
  • Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն 
  • Էպիլեպսիա 
  • Ականջի հիվանդություններ՝ արտահայտված խլությամբ  (դիվանագիտական ծառայության պաշտոնի դեպքում)
  • Տեսողական խանգարումներ` արտահայտված կուրությամբ (դիվանագիտական ծառայության պաշտոնի դեպքում)»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստուգվում են գործող ու նախկին պաշտոնյաների ու նրանց որդիների զինծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը:

Աներոջ և զոքանչի քրեական գործը

Ոստիկանությունն այս տարվա օգոստոսի 2-ին հաղորդագրություն տարածեց, որ տվյալներ են ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված մի շարք ապօրինությունների վերաբերյալ։ Համաձայն օպերատիվ տեղեկատվության՝ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետի կինը, Գեղարքունիքի նախկին մարզպետի 2009 թվականի կարգադրությամբ, որպես վերստուգող է հրամանագրվել «Գավառ» բժշկական կենտրոնում, ինչպես և Լճափ, Ծովակ, Գանձակ համայնքներում գործող բուժամբուլատորիաներում, սակայն փաստացի աշխատանքի չի ներկայացել։ Նրա անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7․002․854 դրամը յուրացման եղանակով հափշտակվել է։

Գեղարքունիքի նախկին փոխմարզպետը Արտաշես Նիկոյանն էր՝ գործող փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի կնոջ հայրը, իսկ նախկին փոխմարզպետի կինը՝ Անուշ Բազկոյանը։ Փոխմարզպետի պաշտոնից ազատվելուց հետո Արտաշես Նիկոյանը աշխատանքի է անցել «Գավառ» բժշկական կենտրոնում՝ դառնալով փոխտնօրեն։

Ոստիկանության փոխանցմամբ՝ «Գավառ» բժշկական կենտրոնում 2017 թվականի դեկտեմբերից 2019 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում բուժհաստատությունում պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ցուցաբերված քաղաքացիների անվամբ ստացիոնար հիվանդների բժշկական քարտերում մտցվել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ, ինչի հետևանքով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 3․126․700 դրամ, գումար։

Քննչական կոմիտեից «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը գտնվում է Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում։

«Հայտնում եմ նաև, որ քննության ներկա փուլում Անուշ Բազկոյանը, Արտաշես Նիկոյանը դեռևս դատավարական կագավիճակ չունեն, կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակում գտնվող անձ չկա, իսկ հանցագործությամբ պատճառված գույքային վնասի վերականգնում դեռևս չի կատարվել»,- տեղեկացրել է ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։