Հասիր այնտեղ, որտեղ մոռացվում է անցյալը
Մանե Գրիգորյան
-Հանգստացիր, ասում եմ քեզ, ամեն ինչ լավ է, հանգստացիր,- մինչ տիկինը փորձում էր հանգստացնել շանը, վերջինս նայում էր ինձ ու հաչում, ասես աշխարհի բոլոր անարդարությունները, պատռված երակներից թափվող ինքնասպանների արյունը, չստացված, մի երկար, տաղտկալի կյանքի կպչուն ձանձրույթը, ամենը հաչալով էր ուզում սպառել:
- Հանգստացիր, մկնիկ, հանգստացիր,- շարունակեց տիկինը, որը կապույտ վերարկու էր հագել, և որի մազերը նման էին սնկի գլխարկի՝ գանգամաշկը գրկող դարչնագույն գլխարկի: Ու երբ ուղեղդ բորբոքված է, երբ տեսածդ կեղծամը սունկ է, ուրեմն հեռու չէ նաև այն պահը, երբ դարչնագույն գլխիկը կպատեն կարմիր կետերը, տիկինն ինքն էլ ժամեր անց հայելուն նայելիս նույնքան անհանգիստ կլինի, որքան դու, սև շուն: Տիեզերքը դուրս կգա հավասարակշռությունից, տանը, որտեղ դու ես ապրում, չի մնա ոչ մի անաղմուկ անկյուն:
Մկնիկը նայում էր ինձ այնպես, ասես ճանաչում էր, ասես ամենի պատասխանատուն ես էի, ասես ես էի հողի տակ ներս խուժած այն վրիժառու որդը, որը, սողալով, քայքայում էր այն ամենը, ինչը ծանրացել էր սեփական մարմնի տակ:
Ես ժպտացի, դու նորից հաչացիր՝ նայելով ինձ այնպիսի դառնությամբ, որ կարծեցի՝ բիբերս կոկորդիդ կանգնած պղպեղե գնդեր էիր: Դու չէիր հանգստանում, տիկինը շարունակում էր հարմար բառեր փնտրել, բայց եթե անգամ բառը դեղաբույսերի թուրմ է, միևնույն է, չմոտեցար դրան, այդ պահին հասկացա՝ ցավդ մեծ է:
Գուցե ճանաչում ես ինձ, գուցե իսկապես մինչ բալը կպայթեր՝ դուրս թքելով կորիզը, մինչ կփլվեր ասֆալտը՝ ներս առնելով անընդմեջ պտտվող մեքենայի անիվը, ավելին՝ ներս ծծելով անիվի դիմադրությունը, մինչ ինչ-որ մեկը զայրույթից կպատռեր անծանոթ մեկի որովայնը, մինչ հավատը չկորցնելու համար մարդիկ կհավատային, որ այս չբեր հողերի վրա Աստված երկնքից մանանա կթափի, հազարումի վախի ու ցնորքի միջև գուցե մենք միմյանց ձեռք ենք սեղմել:
Փորձում էի մտաբերել քեզ, բայց չգիտեմ ինչու հիշեցի մանկությանս տարիների առեղծվածներից մեկը՝ Ջենիի կոկորդին մնացած փուշը: Հիշողությունիցս ջնջվել են բոլոր մանրամասները, հիշում եմ միայն, որ սեպտեմբերյան մի աշնանային օր՝ նման մնացած օրերին, ճաշում էինք: Ջենին կուլ տվեց ձկան փափկամիսը ու շունչը պահեց: Փուշը կանգնել էր նրա կոկորդին, անսասան, ինչպես Հիսուսը՝ ջրերի վրա: Խուճապահար Ջենին ջուր խմեց, չորահաց կուլ տվեց, ձեռքերը աջուձախ թափահարեց, ասես նրա վրա գրոհում էր բզկտված ձուկը` չկարողնալով իր շուրջը հավաքել սեփական մսերը, ասես փուշը մեռած ձկան վրեժն էր: Երբ ոչինչ չօգնեց, դուրս եկանք տնից, հապշտապ քայլերով հատեցինք մի քանի իրար շարունակող բակեր, որոնցից մեկն էլ դպրոցի բակ էինք կոչում, շուկա չհասած, մայթին նստած, ավելուկ վաճառող մի կնոջ հանդիպեցինք: Շուկայի վաճառասեղանների տակ մի հարմար պատառ չգտնելով՝ կատուները բզկտել էին կարմիր չուլը, որի վրա անփութորեն թափվել էր նրա ծանր, ծեր մարմինը: Նա նման էր փոկի, որը հսկում էր հյուսքերով չորացրած ավելուկները, ավելուկները՝ նման ջրերում մեռած ջրահարսերի մամռակալած վարսերի: Հարցրեց՝ ինչ է եղել, ասեցի՝ փուշը Ջենիի կոկորդին է կանգնել: Նա ասաց՝ իջեցրու գլուխդ, Ջենին իջեցրեց, եթե մի քիչ էլ խտացնենք գույները և մայրամուտի մանուշակագույնը տարածենք նրա ամուր, թշվառությանը չենթարկված կզակի վրա, նա կնմանվի գրքերում ու ֆիլմերում լարվածությունը պահելու համար մերթընդմերթ հայտնվող ուրվականի:
Կինը մոգական գնդերի վրա վարագույր քաշեց. կոպերը ծածկեցին ակնագնդերը: Նա շշնջաց.
-Ջենի` դուստր Աստծո, Սուրբ Հոգու և նրա Որդու, գիտեմ՝ կամա թե ակամա չար բառ ես ասել, բառը ծտի պես դուրս է թռչել բերանիցդ, դրա փոխարեն փուշն է խրվել, փուշը կհանեմ, բայց էլ վատ բառեր բերանդ չառնես: Մեղա տեր, մեղա,- ասաց, խաչակնքեց ու աշխատանքից, ավելուկ հյուսելուց, եղանակների քմահաճույքների տակ մնալուց հոգնած, մաշված ձեռքը սահեցրեց Ջենիի սպիտակ դեմքի վրայով: Փուշը կուլ գնաց:
Վերելակը մեզ ներքև է իջեցնում: Տիկինը շարունակում է քեզ մկնիկ ասել, իսկ դու, միևնույն է, ինձ վրա ես հաչում: Թուրք հուժկու տղամարդու, իմ ու տիկնոջ միջև կանգնել ես չորեքթաթ ու միակ թիրախդ ես եմ, ուրեմն ճանաչում ես ինձ, ուրեմն մինչ ես ապրում եմ, դու արդեն հասցրել ես մեռնել ու վերածնվել շան մարմնում: Միայն թե ինչ կտան քեզ անցյալ կյանքի մասին հիշողությունները, դու ուզում ես հոտոտել ու գտնել ականները անծայրածիր դաշտում, դու ուզում ես քթերդ լցնել այն բոլոր վտանգներով, որոնք մեզ դարձրեցին այսպիսին…դու մեր ներսում՝ նեխած ջրերի վրա, գորտեր ես գցում, որ նրանց ամեն ցատկի հետ հիշենք մեր աղտոտվածության մասին:
Ավելի լավ է մոռացիր ինձ, ես քո ներկայի հետ եզր անգամ չունեմ, անգամ չգիտեմ` որ հարկում ես ապրում, քեզ ոսկորուջուր տվող տիկնոջ սանրվածքն եմ միայն մտապահել, բավական է նա ճաղատանա, ու այլևս չեմ ճանաչի նրան:
Տանը պատմեցի քո մասին, բայց եղածը որպես երևակայության խաղ ներկայացրեցի, ինքս էլ ձևացրեցի, որ տեղի ունեցածը ընդամենը աշխույժ, պրպտող մտքիս արգասիքն է: Փորձեցի սանձել ներսումս ծնվող կասկածի ձայնը, ծիծաղիս անկաշկանդության երանգ տվեցի, ճիգը ուրախությունս ծանր դարձրեց, շարժումներս՝ կտրուկ: Չկարողացա չմտածել քո մասին:
Սա արդեն երկրորդ դեպքն է: Ինձ թվում է` առաջին անգամ քեզ տեսել եմ եկեղեցու ետնաբակում՝ Աստծո աչքից սպրդած մի տեղ: Օրը չորեքշաբթի էր, աղմուկը սողոսկել էր ամենուր. չկար մի մեկուսի ծառ, որ իր ներսում փողոցի արձագանքը չկրեր, այն կրծկալի պես անցորդներին իր մեջ էր առել: Մեքենաների ազդանշաններից խուճապահար վեր թռավ ասֆալտին ճեմող մի ագռավ. նա երևի կարծեց՝ ահասարսուռ թռչունների մի երամ անցավ իր վերևում:
Ես շարունակեցի քայլերս, ինչպես միշտ մտա չինացիների հազարումի մանրուքների՝ մանր, էժան, թեթև, զանազան, խայտաբղտեղ իրերի խանութը, որովհետև այն ինձ հիշեցնում է Հայաստանը, իմ մանկության ու պատանեկության տարիների թափառումները, կամրջի տակ նստած մի աչքով մորփեոսի երազների փղոսկրե, մյուսով՝ եղջերավոր դարպասը բացած շիկահեր գերմանացու կողքով անցա (նա այս օրերին եվրոպական երկրներում ակտուալ՝ «ո՞ր կրոնն է ավելի հանդուրժող» հարցադրմամբ, փող էր մուրում) ու երբ ամեն անգամվա պես մի ծանոթ՝ գազարագույն ուլունքե աչքերով վայրի աղավնու տեսա, արդեն գիտեի՝ շուտով օդում կգծագրվի եկեղեցու գմբեթը:
Ետնաբակում էի: Սև մտքերի ծառեր էին վրաս թափվել, ուռենիներ էին երևի: Մտքումս պտտվում էր, թե ինչպես էին նրանք դասի ընթացքում թղթերի վրա տարբեր գույների թանաք թափում, հորդորում ինձ, որպեսզի հետևեմ՝ ինչպես է մի գույնը խժռում մյուսին: Նրանց հրճվանքը զայրացնում էր ինձ. ես ոչ մի կերպ չէի կարողանում ժպտալ, ժպիտս շրթունքներիս համասեռ զանգվածն էր`մատիտով քաշված մի լարված կամար, ամեն նոր ծնվող պատկերի հետ մի տխուր, հեռվում թաղված հիշողություն էր վայրի շարժումով դուրս ցցվում: Ինձ սպառված էի զգում: Ետնաբակի պատին պատկերված արծաթակապտագույն խողովակի տեսք ունեցող փղի կնճիթը ասես փոշեկուլի խողովակն էր, որը դուրս էր քաշել աչքերս: Ակնախոռոչներումս գոնե փշրանքներ լինեին, գմբեթներից աղավնիները կիջնեին ցած` արնաշաղախ չորահացերը կտցահարելու, կպոկեին նյարդաթելերս, դեմքս կվերածեին դիմակի: Ահա և արդարացում չժպտալու, բայց ոչ, նրանք կշարունկեին հորդորել հետևել փոխակերպությանը, նրանք մժեղների պես կհարձակվեին վրաս և կպահանջեին՝ հաճույք ստանալ ընթացքից, ժպտալ աչքերով, նրանք ցանկություն կհայտնեին տեսնելու, թե ինչպես է մարմինս ցնցվում ժպիտից, թե ինչպես է ձայնս ժպտում, ճառագում նեխած, այլանդակ ժպիտով: Նայում էի փղի խողովակաձև կնճիթին, դրանով հնարավոր էր բարձրացնել աղբի կոնտեյները, տեսնել, թե ինչպես է վերջինիս տակացուն ահռելի կենդանու երախի պես բացվում, որպեսզի թափի ապակե տարաները. անատամ երախ, պատռված ժպիտ, չվերջացող մասնատում ու միաձուլում:
Շուրջս ոչ մի ծառ չկար, ճկված մռայլ մտքերի ծանրության տակ նման էի ծառի, որը չունի ճեղքեր, որը չի շնչում, որը պարփակված է սեփական կեղևի մեջ, նման էի ծաղկի, որը կուլ է տվել սեփական վարսանդը: Հենց այդ ինքնամփոփ ու ինքնակործան պահին էր, որ տեսա, թե ինչպես է նա արձակված նետի արագությամբ դեպի իմ կողմը սլանում: Ամայի, առաջին ձյանը սպասող դաշտում մեզնից բացի ոչ մեկ չկար: Նա մերկացրել էր բոլոր ատամները, գռմռում էր: Երեք քայլ հեռավորության վրա ոչ ես էի տեղիցս շարժվում, ոչ՝ նա: Ես սև վերարկուով էի, նա քեզ պես՝ սև մորթով: Նրա ակնագնդերը նոր նստած ձյան պես սպիտակ էին, այդպիսի թարմ ձյուն տեսել էի մանկությանս տարիներին: Տարիների ընթացքում ձյունը աչքերումս ապականվեց, դրա մեջ ծույլ ցեցերի պես ցատկեցին ու սուզվեցին թունավոր ներբանները: Ահա թե ինչու նրա աչքերից տարածվող լույսն այդքան հարազատ թվաց: Եթե չլիներ լույսի այդ աղբյուրը, եղածը սովորական վատ երազ կլիներ:
Թվաց՝ մի հավերժություն էր անցել, երբ չընդհատվող միալար գռմռոցները ընդհատեց մի անծանոթ ձայն, մի հրամայական կանչ լսվեց: Համարելով, որ իր առաքելությունն արդեն ավարտված է, նա փափկեց, ենթարկվեց ձայնին, անսպասելի լռություն իջավ: Մինչդեռ կանգնած էի քարացած՝ անհնար հասկանալու տեղի ունեցածը, ձայնն ու տղամարդը մի մարմին դարձած մոտեցան ինձ:
-ներողություն եմ խնդրում, գիտեմ՝ վախեցել եք, սովորաբար իրեն էդպես չի պահում, անգամ Շպռե գետի մոտ նրան առանց մտավախության ազատ եմ արձակում՝ համոզված լինելով, որ ջուրը չի նետվի: Մեկ այլ ուղղությամբ պետք է քայլեինք, բայց նա խելահեղ արագությամբ եկեղեցու ետնաբակ վազեց,- արդարացավ տղամարդը,- սարքածդ թատրոնի համար գոնե ներողություն խնդրիր,- ասաց նա՝ շոյելով շանը, որն այլևս չնայեց իմ ուղղությամբ:
- անունն ի՞նչ է,- հարցրեցի ես, երբ արդեն գնում էին:
-միևնույն է`չեք հավատա, եթե ասեմ՝ Nachtigall (գերմաներենից թարգմանաբար՝ Սոխակ),-պատասխանեց տղամարդը:
Երբ մենակ մնացի, երբ սիրտս դադարեց թպրտալ, երբ մտքումս մի քանի անգամ պտտեցի միևնույն տեսարանը, երբ հիշեցի ալիքների պես նրանից տարածվող կանչող ճերմակը, հասկացա՝ նա իմ ընկերն էր, ավելին՝ գուցե սթափեցնող, ինքնաավերումի թեփուկները վրայիցս թափ տվող հրեշտակ էր կամ գուցե իսկապես՝ սոխակ էր:
Այդ դեպքից օրեր էին անցել, երբ ռադիոյով ասացին, որ Տեսլան էլ է նման մի լույս նկատել: Լույսը աղավնուց էր եկել: Գրում են անգամ, որ նա սիրահարված է եղել աղավնիներից մեկին, նրան շատերի միջից տարբերել ու ճանաչել է:
Բայց ես քեզ չեմ ճանաչում, ես քարշ տվեցի իմ սերը քո հանդեպ ճանապարհների վրա, որում կարծում էի՝ ոչինչ չի փոխվում, ես քեզ հետ բարձրացա աստիճաններն ի վեր ու ի վար, և ոչինչ դրանից ավելի թեթև չդարձավ, դու պարանոցիցս կախված թև էիր, որ արնահոսում էր, հանդարտվիր, խնդրում եմ, բացատարիր, ինչպես է հնարավոր առանց հրաժեշտի քո հեռացումից հետո այժմ նորից այստեղ ես ու կարծում ես՝ ամենի պատասխանտուն ես եմ, այդ ես էի, որ ցած նետեցի ճապոնական հեռուստացույցը, որ դու էիր գնել, այն պահին, երբ դերասանուհու շուրթերին դեռ չէր մեռել վերջին բառը, նա ասաց՝ հեռացիր խոսե լուի… և նա կհեռանար, բայց ես կանխեցի հրաժեշտի պահին փոխանկվող վերջին հայացքը, ընդամենը շրխկացրեցի դուռը, իսկ սառանարանի վերևում՝ պատվանդանին դրված հեռուստացույցը, սահեց ու ընկավ, այդպես քո հեռացումով իմ կյանք ներխուժեց պոեզիան՝ մի չփոխանակված հայացք, իրար չասված մի քանի բառ, ձեռքսեղմումի ժամանակի քրտինքի բացակայություն ... եղածը մոլախոտ էր, որ գրկեց ինձ,ի վերջո այդ ես էի, որ նետվեցի ննջասենյակ, մտովի պատառոտեցի մորթե ծածկոցը գտնելու համար վագրին, որ մեռել էր:
Գուցե ինձ չես էլ հիշում, ուղղակի, ամեն անգամ տեսնելիս, անցյալ կյանքից մնացած մի աղոտ զգացողություն է մեջդ արթանում, մի տարօրինակ հուշ, աղճատված մի հնչյուն է ներսումդ նվվում, դրա համար էլ հաչում ես:
Գիտես, այդպես լինում է, երբ մարդ շատ բան մոռանում է անգամ մեկ կյանքի ընթացքում: Վերջերս ինձ հետ մի այդպիսի դեպք պատահեց: Քնելուց առաջ ասում եմ ինքս ինձ՝ Սինայ սարի գլխին երեք հրեշտակ է կանգնած, մեկը լսում է ամեն ինչ, մյուսն ամեն ինչ տեսնում է, իսկ երրորդը ճշմարտությունն է ասում: Եթե երազումս ինչ-որ բան կորցնեմ, վաճառեմ, կամ մեկ ուրիշին տամ՝չի կատարվի երազանքս, եթե գտնեմ, գնեմ, կամ մեկ ուրիշը ինձ ինչ-որ բան տա՝ կկատարվի: Փոքրիկ խաղ է գիտես, ոչ մի լուրջ բան, ի վերջո ես մի երկրից եմ, որտեղ բիբլիական սարերի հանդեպ ակնածանք են տածում: Իհարկե կասկածելի էր հրեշտակների նման դերաբաշխումը, բայց պատկերացնել՝ հնարավոր էր, և ուրեմն պատկերացրեցի:Չգիտեմ երկար, թե կարճ քնեցի, երբ տեսա Տուրգենևին`նստած հյուրասենյակի բազմոցին,ոսկեգույն ծածկոցին կարված կարմրաշականակագույն նախշերը ջրի պես տարածվել էին նրա մորուքին: Ոչինչ չէր ասում, բայց հայացքում ասես գրված լիներ՝գիրքդ, եթե տաս, կկարդամ: Շփոթվեցի այդ մտքից, վերցրեցի ծանոթ շապիկով գիրքը, ու քանի որ մոռացա, թե ինչպես էի վերնագրել բանաստեղծություններիս ժոողովածուն, շապիկի վրա տառերի բրոունյան շարժ սկսվեց. ինչ-որ բան էր ցրտի ու կնոջ հետ կապված, բայց թե ինչ, ոչ մի կերպ չկարողացա հիշել: Տառերը շարվեցին իրար կողքի, բայց բառեր չդարձան: Որոշեցի, որ գիրքը ես չեմ գրել: Ձեռքիցս բաց թողեցի: Նետվեցի իմ սենյակ, փնտրեցի գիրքը: Ընթացքում, պողպատե արձանի պես անկոտրում,չխնայելով ինձ, մայրս պատմություններ էր պատմում բարեկամների հաջողակ, գեղեցիկ, կայացած երեխաների մասին, խնդրեցի՝ լռի: Խուճապահար վեր թռա՝ հիշելով Սինայ սարի վրա կանգնած երեք հրեշտակներին: Հետո համոզեցի ինձ նորից քնել, որպեսզի գտնեմ գիրքը: Այս անգամ քայլարշավի էի դուրս եկել միանձնուհիների հետ, երբ նրանցից մեկն ասաց՝ գիրքը գտանք: Ասես չար կատակ լիներ, նորից չկարողացա հիշել վերնագիրը:Բայց ասա հնարավոր է, որ մայրը մոռանա՝ ինչ անուն է տվել իր երեխային, կամ հենց նույն Տուրգենևը, որ հյուրասենյակում մեծահոգաբար սպասում է ինձ, հնարավոր է նա մոռանա, որ ինչպես Բազարովն էր դանակով բացում տիֆից մեռածի մարմինը, այնպես էլ նա բացել էր Բազարովի սիրտը, այնտեղ առատորեն լցրել էր այն ամենն, ինչի համար Բազարովը ապրեց և ինչից, ի վերջո, մեռավ:
Հնարավոր է, ամեն մեկը մոռանում է այն, ինչը ի զօրու չէ հիշել:
Էնպես որ քեզ վատ մի զգա, թույլ տուր քեզ մոռանալ, չհիշել, և խնդրում եմ, դադարիր հաչալ, անհնար է քեզ հետ խոսել, երբ դու միալար հաչում ես:
Քեզ մի բան պետք է ասեմ, ենթադրենք դու նա ես, հենց նա, ուրեմն իմացիր՝դու շուն ունեիր քո անցյալ իմ ներկա կյանքում: Մեր շունը: Այն երկու ափերիդ մեջ տեղավորվող ձնագունդ լիներ կարծես, վազվզում էր միջանցքի կարմիր դեղին նախշերով գորգի վրայով, լույսը երբ ընկնում էր նրա մեջքին, իսկապես թվում էր՝ ձյան վրա արևի շող է ընկել: Ես մի օր կանգնեցի նրա թաթին,նա վնգստաց և մի բուռ դարձավ: Հասկացա, որ լավ բան չեմ արել, ամբողջ օրվա ընթացքում խուսափեցի ձեզնից:
Հիվանդությանդ երկար երեկոների ընթացքում նա միշտ նստում էր ուսերիդ:
Մահիցդ հետո շանը տվեցինք Ջենիին: Այլևս երբեք նրան չտեսա: Տարիներ անց Ջենին զանգահարեց, նրա լացակումած ձայնը պատմեց, որ հերթական զբոսանքի ժամանակ շունը, տեսնելով մյուս մայթի վրա գտնվող ծանոթ շատրվանը,անսպասելի թողել է Ջենիին: Փողոցն անցնելիս մեքենայի տակ է ընկել:Մեր շունը նոր նստած փխրուն ձյան պես փշրվել է: Էնպես որ զգույշ եղիր փողոցն անցնելիս:
Աչքերս փակում եմ: Մի կարմրահեր աղջկա ձայնի ներքո փորձում սուզվել ներս, փնտրել, գտնել քեզ: Ընդարձակ սենյակում եմ հայտնվում, ամենուր գրքեր են՝մինչև առաստաղը ձգվող, բարձրունքներում իրար վրա կուտակված գույների վերածվող գրքեր: Փնտրում եմ գրադարանավարին: Տեսնեմ՝ կանգնել ես սպիտակ կոստյումով, նիհարած,մաշկդ ջրաներկով են ներկել, թափանցում են մկաններդ, ոսկորներդ,երակներդ,միսդ: Ակնագնդերումդ լողում է մի թշվառ կանաչ երանգ: Մոտեցա քեզ: Նայում ես այնպես՝ իբր չես ճանաչում. չեմ համարձակվում հետդ խոսել: Չգիտեմ՝ ինչ ասել քեզ: Քեզ, որ այդքան երկար բացակայել ես: Խնդրում եմ ինձ բաժանորդագրել հարցերի պատասխանների տիեզերական գրադարանում: Գրպանիցդ հանում ես տոմսը, ինչ-որ բան գրում վրան, լուռ մեկնում ինձ: Տեսնես դու էլ ինձ պես մտածում ես՝ նա այլևս չի ճանաչում ինձ, տեսնես քո կոկորդում էլ բառերը արևին մոտ գտնվող տերևների պես սկզբում կանաչել, հետո, անցնելով տարբեր գույների երթուղին, դանդաղ այրվել են: Հաշվում եմ քայլերս, տասնհինգ քայլ հեռու եմ քեզնից, քեզ ոչ մի դեպքում չեմ կորցնի տեսադաշտիցս: Մինչ հայացքս տասնյակ մրջյունների վերածված սահում է գրքերի վրայով, դրանցից մեկը շրխկոցով ընկնում է գետնին: Բարձրացնում եմ այն, փորձում բացել, բայց Հերակլի ուժ առած թերթերը դիմադրում են ինձ: Մատներս ասես սարդն է հյուսել, դրանք տկար են: Նայում եմ գրքի շապիկին, վերնագրի փոխարեն մի անորոշ զանգված, գույն ու ձև դարձած մի աբստրակտ, դոնդողանման, շարժվող պատկեր է: Հայացքս փախցնում եմ, որսում եմ պատուհանից ներս ընկած լույսի բարակ շեղբը, դրանում, բզկտված ձկներ որպես, թպրտում են մեկ հայերեն, մեկ գերմաներեն, մեկ երկուսի խառնուրդ դարձած տառերը: Դրանց միջև զսպանակի պես լարվել է միտքը՝ ինչու, ինչու չես խոսում հետս: Փուշը խրվել է կոկորդումս. Զայրույթի, անզորության փուշը: Մի վերջին անգամ նայում եմ քեզ,մի պահ ուսերիցդ վեր բարձրացող թռչնի թևեր եմ նկատում: Ամեն անգամ աչքերս թարթելիս թևերդ հովհարային անջատումների պես մեկ հայտնվում են, մեկ՝ կորում: Ժպտում ես, Սինայ սարին կանգնած հրեշտակի պես հեռու ես թվում:
Աչքերս բացելուց հետո ժամեր էին անցել, իսկ մտքումս չէր դադարում պտտվել միևնույն հարցը՝ ինչու ոչինչ չասացիր:
Երեկ ցուցատախտակին փակցված լուսանկարդ տեսա, լուսանկարում երևում էր գլուխդ, ետևում սև ու մոխրագույն գոգավորություն՝մի ալեկոծ ալիք՝մարմինդ: Սեռդ՝ արական, ցեղատեսակդ՝ խառնուրդ, թաթերրդ՝ սպիտակ: Գրված է՝ կորել ես, ուրեմն այդպես էլ չհանգստացար, հասկանում եմ, մեր պատահական հանդիպումները անտանելի էին դարձել քեզ համար: Դարչնագույն սնկի գլխարկով տիկինը՝ տիրուհիդ, փնտրում է քեզ, էնպես որ վազիր առանց հետ նայելու, հասիր այնտեղ, որտեղ մոռացվում է անցյալը, ի վերջո, մոռացիր ինձ, պապ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել