Ալավերդու հիվանդանոցը փակվում է
Հուլիսի 11-ին Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը մարզպետարանի առողջապահական հիմնարկների ղեկավարների խորհրդակցության ժամանակ հանձնարարել է մարզպետարանի ֆինանսական աշխատողներին ուսումնասիրել «Ալավերդու հիվանդանոց» ՓԲԸ-ի ֆինանսական վիճակը եւ այն սնանկ ճանաչելու եւ լուծարելու համար մտնել դատարան: Սա հաստատեց նաեւ հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար Լեւոն Միքայելյանը: «Ալավերդուց Վանաձոր 40 կմ է, թող հիվանդներին տեղափոխեն Վանաձոր»,- խորհրդակցության ժամանակ ասել է մարզպետը:
Ալավերդի քաղաքի 16 հազար եւ Թումանյանի տարածքի 30 համայնքների 30 հազար բնակչությանը սպասարկող հիվանդանոցի փակումը Հենրիկ Քոչինյանը կարծես թե համարում է մարզի միակ խնդիրը եւ ցանկանում է շուտափույթ ազատվել այդ գլխացավանքից:
Հյուսիսային սահմանամերձ շրջանում տեղակայված Ալավերդու հիվանդանոցը ռեզերվային կարեւորագույն նշանակություն ունի: Բացի այդ, արդյունաբերական կենտրոն Ալավերդին համարվում է էկոլոգիական ծանր գոտի, եւ մասնագետները գտնում են, որ այստեղ խիստ անհրաժեշտ է ունենալ լավագույն բժիշկներով եւ ժամանակակից սարքավորումներով հագեցած հիվանդանոց:
Վերջին երկու տարիներին այստեղ սոցիալական եւ էկոլոգիական ծանր վիճակի արդյունքում չարորակ ուռուցքային եւ սրտանոթային ծանր հիվանդությունների գրեթե կրկնակի աճ է արձանագրվել: Ներկայումս Ալավերդու պոլիկլինիկայում գրանցված են 514 չարորակ ուռուցքներով եւ 864 սրտանոթային հիվանդություններով հիվանդներ:
Երբեմնի մեծ համարում ունեցող հիվանդանոցն այսօր իրենից ներկայացնում է 16 անհրապույր եւ դատարկ հիվանդասենյակներ:
Հիվանդանոցի բաժանմունքներից յուրաքանչյուրում 4-5 հիվանդի առկայությունը հաջողություն է համարվում: Անցյալ շաբաթ մարզպետարանի առողջապահության վարչությունը փակել է նաեւ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքը: Իսկ դա նշանակում է, որ ծանր թունավորումից գիտակցությունը կորցրած որեւէ ալավերդցու շատ արագ, 40 րոպեում Վանաձոր հասցնել չի լինի:
Ալավերդու հիվանդանոցը լուծարման հասցնելու մարզպետարանի ակնհայտ ջանքերին որեւէ որակում դժվար է տալ: Ինչպես հայտնեց հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Միքայելյանը, ներկայումս հիվանդանոցի պարտքը կազմում է 43մլն դրամ, որից 22մլն դրամը հիվանդանոցի 60 աշխատողների 4 տարվա աշխատավարձի պարտքն է, 8.5 մլն-ը' սոցվճարների պարտքը, 5.6 մլն դրամը' տույժ ու տուգանքները եւ այլն:
Ֆինանսական լարվածությունը այստեղ առավել խորացել է 2002թ.-ից' ինը հարկանի շենքից հիվանդանոցը «Ալավերդու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի մասնաշենք տեղափոխելու' մարզպետի հրահանգը կատարելիս: Պետբյուջեով հատկացված հիվանդանոցի աշխատողների աշխատավարձի 38 մլն դրամը դրվեց վերանորոգման աշխատանքների վրա, եւ այդ փողը փոշիացվեց:
Հիվանդանոցի վերջին տարիների ֆինանսական խնդիրների մասին մամուլում եղել են բազմաթիվ ահազանգեր, սակայն Լոռու մարզպետարանը, սովորույթի համաձայն, դրանց վրա աչք է փակել: Իսկ տարիներ շարունակ յուրացումների ականատես հիվանդանոցի աշխատանքային կոլեկտիվի անդամները բավարարվել են իրենց դժգոհությունը պատերի տակ հայտնելով, աշխատավարձի պակասն էլ լրացնելով հիվանդներից մի քանի կոպեկ կորզելով: Ինչպես նրանք, այնպես էլ հիվանդանոցի մյուս պարտքատերերը համարձակվեցին իրենց պարտքերը պահանջել միայն հիվանդանոցի երիտասարդ տնօրեն Համլետ Շահինյանի մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ողբերգական մահից հետո: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը արդեն բավարարել է աշխատավարձի պահանջի 15 հայց, եւս 33 աշխատող պատրաստվում է նմանատիպ պահանջով դիմել դատարան:
«Եթե բոլորը ժամանակին համարձակվեին պահանջել իրենց վճարները, հիվանդանոցում նման պարտքերի կուտակումներ չէին լինի»,-ասում է հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար Լեւոն Միքայելյանը' մատնացույց անելով էլեկտրաէներգիայի կուտակված 1մլն դրամ պարտքը:
Տարիներ շարունակ ալավերդցիները անմասն են մնացել ՀՀ կառավարության «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 2004թ.-ի մարտի 4-ի թիվ 318 որոշմամբ տրված արտոնություններից, թեեւ Ալավերդի քաղաքում եւ Թումանյանի տարածաշրջանում ապրում են 1400-ից ավելի հաշմանդամներ: Օրենքի կիրառումը կնպաստեր նաեւ հիվանդանոցի ֆինանսական առողջացմանը: Թե հիվանդանոցը օրենքի կիրառման համար ինչ ծրագրեր է ներկայացրել ՀՀ Առողջապահության նախարարությանը, հիվանդանոցում որեւէ մեկին հայտնի չէ: Այստեղ բժիշկները օրենքի չկիրառման համար մեղադրում են «Ալավերդու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն, նժդեհական Սվետլանա Քառյանին' նրան մեղադրելով չկամության մեջ: Իսկ պոլիկլինիկայի տնօրենի տեղակալ Ալիկ Միքայելյանի հավաստմամբ' հիվանդանոցի եւ համաբուժարանի հիմնախնդիրների համատեղ լուրջ քննարկման ժամանակն է: Ուսումնասիրություններից էլ պարզվեց, որ 2006թ. փետրվարից հետո պոլիկլինիկա այցելած 330 հիվանդներից 69-ը ուղեգրվել են Ալավերդու հիվանդանոց, 73-ը՝ Վանաձոր: Հիվանդանոցի տնօրենի տեղակալ Ալիկ Միքայելյանը սա պարզաբանելով նշեց, որ Ալավերդու հիվանդանոցը չունի նեւրոպատոլոգ, ուրոլոգ, աչքի եւ քիթ-կոկորդի բժիշկ-մասնագետներ: Հիվանդանոցի բժիշկների զարմանքն առաջացրեց ուղեգրվածների 69 թիվը: Օրենքի կիրառման այս մոտեցումները Ալավերդու Հայրենական պատերազմի եւ աշխատանքի վետերանների խորհրդի նախագահ, բազմավաստակ մանկավարժ Սուրեն Իսրայելյանը բացատրեց ժողովրդի չարիք դարձած անտարբերությամբ:
Օրերս Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը տեղական հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ կարող է հիվանդանոցի առողջացման համար տրամադրել 25 մլն դրամ:
Սակայն ի՞նչ կտա դա հիվանդանոցին Լոռու մարզպետի' փողի նկատմամբ ունեցած ընչաքաղց վերաբերմունքի պարագայում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել