
Վահագն Աբգարյանի դեմ մահափորձի և նրա թիկնապահը համարվող Գագիկ Մոսինյանի սպանության գործի քննությունը սկսվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, այսօր սկսվեց «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի դեմ մահափորձի և նրա թիկնապահ Գագիկ Մոսինյանի սպանության գործի քննությունը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Վերնիսաժում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կրակոցներ են հնչել, որի հետևանքով Վահագն Աբգարյանը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրա թիկնապահը համարվող Գագիկ Մոսինյանը՝ մահացել:
Գործով ամբաստանյալի աթոռին են Ալավերդու բնակիչներ Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը:
Ըստ մեղադրանքի՝ Բլբուլյանն ու Կարադավիդովը խմբի կազմում երկու և ավելի անձանց` Վահագն Աբգարյանին, նրան ուղեկցող Գագիկ Մոսինյանին, Արթուր Մնացականյանին, Արամ Խաչատրյանին և Դավիթ Բուդաղյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի համար վտանգավոր եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած, պահած և կրած ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով լիցքավորված հրազեն հանդիսացող ատրճանակից կրակոցներ են արձակել վերջիններիս ուղղությամբ և սպանել Գագիկ Մոսինյանին, իսկ Վահագն Աբգարյանին, Արթուր Մնացականյանին, Դավիթ Բուդաղյանին և Արամ Խաչատրյանին կյանքից ապօրինաբար զրկելու հանցավոր մտադրությունը խմբի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ արձակված կրակոցները Արթուր Մնացականյանին, Դավիթ Բուդաղլյանին և Արամ Խաչատրյանին չեն դիպել, իսկ հրազենային վնասվածքներ ստացած Վահագն Աբգարյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և ստացել անհրաժեշտ բուժօգնությունը:
Բլբուլյանին ու Կարադավիդովին մեղադրանք է առջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, երկու կամ ավելի անձանց սպանության փորձի և ապօրինի զենք կրելու Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նրանք տևական ժամանակ գտնվել են հետախուզման մեջ, ապա հայտնաբերվել Վրաստանում ու 2019-ի փետրվարին արտահանձնվել Հայաստանին:
Սպանության և սպանության փորձի գործով ամբաստանյալի կարգավիճակ է ունեցել նաև Ռաֆիկ Խաչատրյանը, վերջինս, սակայն 2018-ի նոյեմբերին մահացել է, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է մահվան հիմքով:
Վահագն Աբգարյանը քրեական գործի շրջանակներում տուժողի կարգավիճակ ունի: Վերջինս Ալավերդցի Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև սպանությունը քննող քննիչին և քննչականի պետին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ է մեղադրվում, կալանավորված է: Քրեակատարողական հիմնարկից Վահագն Աբգարյանը գրություն էր ուղարկել դատարան այն մասին, որ չի ցանկանում մասնակցել գործի քննությանը: Աբգարյանի ներկայացուցիչը դատարանում իրավապաշտպան Մարինա Պողոսյանն է, որը ներկայացնում է նաև մյուս տուժողների շահերը:
Դատարանն այսօր ճշտեց ամբաստանյալների ինքնությունները: Նրանցից Արմեն Կարադավիդովը հայտնեց, որ նախկինում դատվածություն ունի: Դատավոր Վաչե Մարգարյանը, գործում առկա փաստերին հղում կատարելով, նշեց, որ Կարադավիդովի դատվածությունների թիվը երեք է, և դրանք համարվում են մարված: Նախկինում երկու դատավածություն էլ ունի Ալբերտ Բլբուլյանը: Ինչպես Բլբուլյանի, այնպես էլ Կարադավիդով դատվածություններից մեկը Վրաստանում է: Նրանք դատապարտվել են Վրաստանի սահմանը՝ Վերնիսաժում տեղի ունեցած միջադեպից հետո ապօրինի հատելու Վրաստանի Հանրապետության համապատասխան հոդվածով:
Տուժող կողմի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը նոր է ներգրավվել քրեական գործում: Դատարանին հայտնեց, որ գործի ամբողջական նյութերն, այդ թվում՝ լազերային կրիչներ, իրեն չեն տրամադրվել, միջնորդեց դրանք տրամադրել իրեն, ինչպես նաև ժամանակ տրամադրել քրեական գործի նյութերին ծանոթանալու համար: Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 18-ը:
Նշենք, որ ամբաստանյալները չեն համաձայնել տեսանկարահանում իրականացնելուն:
Մեկնաբանել