HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղավոր են մեռնողնե՞րը

Տեխնիկական անվտանգության եզրակացության մեջ առաջին անգամ չի նշվել, որ մեղավորը տուժողն է

«Երեխա չունի, հիշատակ չունի, որ դրանով գոնե կյանքս անցկացնեմ: Որ հերթափոխի ավտոբուսը գալիս է, ինձ թվում է' որդիս պիտի գա, նստի, գնա գործի, քթիս ծուխը բարձրանում է, որ հիշում եմ' երեխաս չկա»-ասում է Աիդա Խուրշուդյանը:
Նա իր 22-ամյա որդուն' Կարեն Հարությունյանին, մեկ ամիս առաջ է թաղել: Կարենի մարմինը չեն տեսել, դիակը փակ են բերել հիվանդանոցից:

«Հալ չկար երեխու վրա, փակի տակ են բերել, գոնե մայրը տեսներ, սիրտը մի քիչ հովանար»,-ասում է Կարենի տատը:

Կարեն Հարությունյանն աշխատում էր «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» Շահումյանի հանքավայրում: Ավտոբուսի կանգառը, ոտեղից նա աշխատանքի էր գնում, մոր' տիկին Աիդայի աշխատավայրի դիմաց էր գտնվում: Մայրն ինքն է որդուն չորս տարի առաջ աշխատանքի տեղավորել, 100-120 հազար դրամ աշխատավարձ էր ստանում Կարենը, որը բավարարում էր ընտանիքի կարիքները հոգալուն (նա ընտանիքի միակ արու զավակն էր, հայրը վաղուց էր մահացել):
Այս տարվա մեջ սա ընտանիքին այցելած միակ դժբախտությունը չէր: Մարտ ամսին, ծնվելու հաջորդ օրը, մահացել էր Կարենի առաջնեկը, ապրիլին հանքավայրում քարերն ընկել, ջարդել էին նրա մատները: Կնոջը' 20-ամյա Լարիսա Հովհաննիսյանին, Կարենից միայն հիշողություններ են մնացել, լուսանկարները, լավ վերաբերմունքն ու պատմությունները :

«Երբ կոմբինատում նման դեպքեր էին պատահում,-հիշում է Լարիսան,-Կարենն ասում էրª էլ չեմ գնալու: Հետո ասում էր' լավ, բա որ չգնամ, ո՞նց ենք ապրելու: Ամեն անգամ գործից տուն վերադառնալիս ասում էր. «Լարիսա, մեկ հանք մտնելիս եմ ուրախանում, մեկ էլ էնտեղից դուրս գալիս: Ասում էր' վտանգավոր է»:

ՙԴինո գոլդ մայնինգ քամփնին՚ ընտանիքին 1000 դոլար թաղման ծախս է տվել: Դրանից հետո, երբ Կարենի մայրը գնացել է ընկերություն, նրան խոստացել են շիրմաքարի եւ այն տեղադրող բանվորներին վճարելու ծախսերն իրենց վրա վերցնել:

Կապանի հանքերում լեռնային աշխատանքներ կատարելիս սա այս տարվա երրորդ մահվան դեպքն է: Նախորդ երկու մահացողները «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» աշխատակիցներ էին, երրորդը զոհվել էր «ԷՍ ԱՅ ՓԻ» ՓԲԸ-ի' Կապանի տարածքում գտնվող Կենտրոնական ստորգետնյա հանքում: Նախկինում' մինչեւ 90-ականները, հանքերում մահվան դեպքերը քիչ չէին լինում, այն դեպքում, երբ այն ժամանակ տարեկան 1 մլն տոննայից ավելի հանքաքար էին մշակում: Հիմա պետք է որ մահվան դեպքերը քիչ լինեին, քանի որ 100-150 հազար տոննա հանքաքար է հանվում:

Կարենի մահվան առիթով Հայաստանի Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության կազմում գտնվող Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ը փորձաքննության է ենթարկել «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» Շահումյանի հանքավայրի 324մ փորվածքը: Հայտնաբերել են թերություններ եւ դրանք ներկայացրել ընկերությանը' վերացնելու համար :
«Ճայթիչների, պայթիչների, էլեկտրադետոնատորների հարցով զրուցեցինք ղեկավարության հետ, որ անցնեն մեկ այլ համակարգի, հանք է էլի իրա լավ եւ վատ կողմերով, թերություններ էլ կլինեն»,-ասում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի Կապանի ներկայացուցիչ Ռուբիկ Մարտիրոսյանը:

22-ամյա Կարեն Հարությունյանը մահացել է էլեկտրադետոնատորի պայթյունից: Ըստ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ձեւավորած հանձնաժողովի' դժբախտ դեպքն այսպես է տեղի ունեցել. հուլիսի 5-ին երրորդ հերթափոխի սկզբին հերթափոխի պետը տեղամասի պետի տեղակալից հանձնարարական է ստանում թիվ 12 հանքուղում իրականացնել ջրահեռացման աշխատանքներ: Հանքուղու հանքախորշը հերթափոխի սկզբում զննելիս նկատում է մասնակի չպայթած պայթանցքից դուրս ցցված էլեկտրադետոնատորի լար եւ տեղյակ է պահում տեղամասի պետի տեղակալին:
Վերջինս վնասազերծում է երկու մասնակի չպայթած պայթանցքեր' դրանց ներսից հանելով երկու պայթած էլեկտրադետոնատորներ: Կասկածելով, որ հնարավոր է հանքախորշում լինեն այլ չպայթած կամ մասնակի պայթած պայթանցքեր, հանձնարարում է Կարեն Հարությունյանին կատարել ջրահեռացման աշխատանքներ: Հասնելով հանքուղու շուրթին' տեղամասի պետի տեղակալը եւ հերթափոխի պետը լսում են պայթյուն, վազելով հանքախորշ' Կարեն Հարությունյանին վիրավոր են տեսնում:

«Պայթել էր երրորդը, էն երկուսը վնասազերծված էին, տեղամասի պետն ինքն անձամբ է հանել էդ պայթուցիկ նյութերը' էլեկտրադետոնատորը, բայց ջուրը լցված էր, չէր երեւումª ուրիշ ինչ կա այնտեղ, ջուրը պիտի քաշվեր, որ տեսնեն, թե ինչ կա»,-ասում է Ռուբիկ Մարտիրոսյանը:

Ըստ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կազմած հանձնաժողովի' հնարավոր է, որ Կարեն Հարությունյանը, հանձնարարություն ստանալով կատարել ջրահեռացման աշխատանքներ, պոմպի ներծծման խողովակի տեղադրման համար հարմար դիրք ստեղծելու նպատակով ջրով լի փոսի մեջ ձեռքով ցանկացել է հեռացնել մանր ապարակտորներ:
Այդ պահին ձեռքը դիպչել է ջրով ծածկված չպայթած պայթանցքից դուրս ցցված էլեկտրադետոնատորի լարի բաց ծայրին: Հանձնաժողովը եզրակացրել է, որ հանքախորշի զանգվածում այդ պահին առկա է եղել թափառող հոսանք, եւ Կարեն Հարությունյանը, կպչելով էլեկտրադետոնատորի հաղորդալարի բաց ծայրին, թափառող հոսանքը հաղորդել է դրան, որից էլ առաջացել է պայթյուն:

Կարեն Հարությունյանը, մոր պատմելով, հուլիսի 5-ին աշխատանքի չէր, նրան զանգել, կանչել են: «Ինչի՞ են իմ երեխուն կանչել, ինչի՞ ա ինքը մենակ եղել էնտեղ, գոնե մոտը մարդ լիներ, ասում են' 30 մ հեռու սմենի նաչալնիկն ա եղել, ինչի՞ չեն ստուգել, հետո հանք թողել, թող ստուգեն' հետո բանվորին գցեն հանք»,- սրանք Կարենի մորը' տիկին Աիդային հուզող հարցերն են, որոնց պատասխանները, լավ գիտի, դժվար թե գտնի:

Որեւէ արտակարգ պատահարի դեպքում «Դինո գոլդ մայնինգ քամփնիում» աշխատող պատասխանատուներից դժվար է տեղեկատվություն ստանալ, ընկերության դռները, հատկապես լրագրողների առջեւ, փակ են: Նույնը վերաբերում է նաեւ վերջին դեպքին:

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի մասնագետներից կազմված հանձնաժողովի եզրակացության մեջ, ըստ Սյունիքի մարզի դատախազ Ռուդիկ Գրիգորյանի, չկա տեխնիկական պատճառաբանություն. դեպքը փոքր-ինչ նկարագրվել է, բայց չի նշվել, թե ինչ է խախտվել, ում կողմից, ինչ պետք է արվեր, որ չի արվել, ի վերջո' ո՞վ է մեղավոր:
«Ամենակարեւորը' եզրակացության մեջ եզրահանգման չեն եկել: Նրանք եզրակացրել են նույն բանը, ինչ մինչեւ նրանց գալը «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» կողմից ձեւավորված հանձնաժողովը»,- ասաց մարզի դատախազը: Նրա ասելով' նման դեպքերի մասով ստացված եզրակացությունները գրվում են անփույթ, միակողմանի, չեն համապատասխանում ներկայացվող պահանջներին: Վերջին մի քանի տարիներին ներկայացվող եզրակացությունները, դատախազի հավաստմամբ, քրեական գործեր հարուցելու համար բավարար հիմքեր չեն ստեղծում :

ՙՈչ մի պարագայում մենք չենք կարողացել հասնել դրան, կա միտում. եզրակացությունների մեջ միշտ նշում են, որ տուժողն է մեղավոր: Փառք աստծո, որ էս մեկի մեջ այդպես չի նշված՚,-ասում է Ռուդիկ Գրիգորյանը:

Վերջին դեպքի հետաքննությունը Սյունիքի դատախազը մտադիր է խորացնել եւ ցանկություն ունի հասնել քրեական գործ հարուցելուն. «Սա սուբյեկտիվ ցանկություն չէ, որովհետեւ նյութերի մեջ ես տեսնում եմ մարդու մեղք, զգայարաններով եմ զգում»,-ասում է մարզի դատախազը:

Գրեթե այդպես է նշված այս տարվա ապրիլի 3-ին «ԷՍ ԱՅ ՓԻ» ՓԲԸ կենտրոնական ստորգետնյա հանքում մահացած Գագիկ Փարսադանյանի դժբախտ դեպքի առիթով կազմված եզրակացության մեջ: Այդ օրը հերթափոխի պետ Ա. Գեւորգյանը տեղամասի պետ Ա. Մարտիրոսյանից ստանում է գրավոր հանձնարարական, որտեղ նշված էր տվյալ օբյեկտում կատարել հանքաքարի մանրացում, բարձում եւ տեղափոխում: Գ. Փարսադանյանը, անցնելով իր աշխատանքին, ըստ քարշավար Ա. Աղագուլյանի բացատրության, հերթափոխի սկզբից նկատելով այդ մեծ քարի վտանգը' կատարել է պայթեցում, մինչեւ ստեղծել են անվտանգ պայմաններ:
Հերթափոխի սկզբից մինչեւ դեպքը տեղի ունենալը նրանք բարձել եւ տեղափոխել են 5 շարակազմ հանքաքար, 6-րդ շարակազմի ժամանակ, երբ բարձում էր վերջին վագոնը, անցքը հանկարծակի բացվում է, բլոկում տեղի է ունենում հանքաքարի հանկարծակի հոսք, քարը հարվածում է ապարաբարձիչ մեքենայի առաջամասին, ուժեղ հարվածից տուժողը իներցիայի տակ հարվածում է կողքի պատին: Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, «որ

ա. Տվյալ իրադրությունում անվտանգության տեխնիկայի կանոնների խախտումներ թույլ չեն տրվել,

բ. դեպքի առաջացման կապակցությամբ պատասխանատու անձինք չկան»:

Առաջին հայացքից գուցե մեղավորներ չկան, բայց մինչեւ աշխատանքը սկսելն արդյոք չե±ն ստեղծում անվտանգության պայմաններ եւ հետո բանվորին ուղարկում աշխատանքի: Եվ հետաքրքիր է, եթե Գ. Փարսադանյանը բախտի բերմամբ չմահանար, արդյոք նա նկատողություն կստանա՞ր, որ չի սպասել մինչեւ անվտանգ պայմաններ ստեղծվեն աշխատանքի համար:

Դատախազ Ռ. Գրիգորյանն իր աշխատանքային գործունեությունը սկսելիս առնչվել է լեռնահանքային արդյունաբերությունում տեղի ունեցող դժբախտ դեպքերի քննությանը, այս կարգի գործերով դատարաններում պետական մեղադրանք էր պաշտպանում: Պետական Լեռտեխհսկողության տեսչությունը դժբախտ դեպքի գործերով հետաքննություն էր կատարում, դատախազություն ներկայացնում եզրակացություն, որտեղ մանրամասն վերլուծության էր ենթարկված դեպքը, նշվում էին բոլորի կողմից թույլ տրված խախտումները: Այդ եզրակացությունները, ըստ դատախազի, բավարար հիմքեր էին ստեղծում հետաքննության նյութերի պատրաստման եւ քրեական գործեր հարուցելու համար:

2001թ., երբ դեռեւս չէր լուծարվել Կապանի լեռնահարստացման կոմբինատը, Շահումյանի հանքում հորապայթեցման աշխատանքների գծով մասնագետ Լեւոն Համբարձումյանը մահանում է իր աշխատանքային պարտականությունները կատարելիս, խոր փորման հաստոցի հաստոցավար Սուրեն Գեւորգյանը ծանր մարմնական վնասվածքներ է ստանում:
Դժբախտ դեպքի հանգամանքների մեջ մանրազնին ներկայացված է, թե ինչպես է կատարվել դեպքը, իսկ դեռեւս գոյություն ունեցող Հայլեռտեխհսկողության հրամանով ստեղծված հանձնաժողովը եզրակացությամբ առաջարկում է առնվազն վեց մարդու պատժել' ազատել զբաղեցրած պաշտոնից երկու կամ մեկ ամիս ժամանակով, նշանակել ավելի ցածր վարձատրվող աշխատանքի, ենթարկել կարգապահական տույժի, բանավոր նկատողության եւ այլն:
Նրանց մեջ են հանքի տեղամասի պետը, օդափոխության գծով պատասխանատուն, հանքի գլխավոր ճարտարագետը, հանքի պետը, կոմբինատի գլխավոր ճարտարագետը, անվտանգության գծով նրա տեղակալը:

Արմինե Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter