HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Փխրուն ժողովրդավարությունից՝ ավտորիտար կառավարում

Եվրաինտեգրման ուղին ընտրած Հայաստանը նմանվում է արեւելյան միապետության

Հուլիսի 22-ին տեղի ունեցած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) արտահերթ համագումարում Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը լրագրողներին վստահեցրեց, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները լինելու են լավագույնը: Լրագրողները փոքր-ինչ շփոթվել էին' ի՞նչ ասել է «լավագույն ընտրություն» մի երկրում, որտեղ 10 տարի շարունակ կեղծվում են նախագահական, խորհրդարանական եւ տեղական ընտրությունները, իսկ երկրի հիմնական օրենքի' Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն վերածվում է բացահայտ կեղծարարության:

Անշուշտ, արդարացված չէ կանխավ եզրակացություններ անել եւ պնդել, որ 2007-ին մեզ սպասում են հերթական կեղծված ընտրությունները: Սակայն, մյուս կողմից, ակնկալիքներն էլ չպիտի մեծ լինեն՝ հաշվի առնելով, որ 1995թ.-ից ի վեր Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական եւ նախագահական բոլոր ընտրություններն այս կամ այն չափով կեղծվել են, միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին' ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության եզրակացություններում դրանք չեն համապատասխանել եվրոպական չափանիշներին: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն հաստատեց մեկ այլ իրողություն . կեղծիքը վերջնականապես դարձավ մեր քաղաքական մշակույթի կարեւորագույն առանձնահատկությունը:

ՀՀԿ-ն 1995 թվականից ներկայացված է Ազգային ժողովում: Այդ տարի կուսակցությունը մաս էր կազմում ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» դաշինքին: 1998թ. կուսակցությունը մասնակից եղավ փետրվարյան իշխանափոխությանը, նույն տարվա արտահերթ նախագահական ընտրություններում, համալրվելով երկրապահներով, աջակցեց Ռոբերտ Քոչարյանին ընդդեմ Կարեն Դեմիրճյանի, իսկ մեկ տարի անց արդեն մաս կազմեց Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքին: 2003թ. նախագահական ընտրություններում հանրապետականները կրկին աջակցեցին Ռոբերտ Քոչարյանին, իսկ խորհրդարանական ընտրություններում ստացան ամենաշատ աթոռները:

Պատմական այս էքսկուրսը կարեւոր է նրանով, որ 1995-ից ի վեր հանրապետականը եղել է տվյալ ժամանակում գործող իշխանությունների կողքին եւ իր ներդրումն ունեցել ընտրական զեղծարարություններում: Ահա եւ այստեղ տրամաբանական հարց է ծագում. եթե նախկինում կուսակցությունը մասնակցել է Հայաստանի ընտրական համակարգի կործանմանը եւ քաղաքական դաշտի անապատացմանը, ինչո՞ւ պետք է հրաժարվի 2007թ. ընտրությունները կեղծելու գայթակղությունից: Չէ՞ որ, եթե նախորդ ընտրություններում հանրապետականներն ինչ-որ տեղ կեղծում էին նաեւ ուրիշի համար, ապա եկող տարի դա կարող են անել բացառապես իրենց համար: Եվ երկրորդ կարեւորագույն հանգամանքը' խորհրդարանական ընտրություններին հաջորդելու է նախագահականը, իսկ Հայաստանի ապագա ղեկավարի ընտրության հարցում ոչ երկրորդական դեր է ունենալու հենց 2007-ի խորհրդարանական ընտրությունը: Ի դեպ, Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններին իր մասնակցել-չմասնակցելու հարցը եւս կապում է խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի արդյունքների հետ:

Ո՞ւր է գնում Հայաստանը

Նախորդ դարի իննսունականներին քաղաքական վերլուծաբանները պնդում էին, որ սոցիալիստական ճամբարի եւ նախկին խորհրդային կայսրությունից անկախացած եւ ժողովրդավարություն հռչակած երկրներին, մինչեւ իրական, կայուն եւ անշրջելի ժողովրդավարությունը, սպասում է ավտորիտարիզմի փուլը: Այդ կանխատեսումները մասամբ իրականացան, եւ այսօր, հատկապես ԱՊՀ երկրներից մի քանիսում հաստատված նախկին փխրուն ժողովրդավարությանը փոխարինել է կառավարման ավտորիտար համակարգը:

Հայաստանը այդ երկրների շարքում է, եւ որքան էլ դաժան է հնչում' ժողովրդավարացման մակարդակով հարեւան եւ մրցակից Ադրբեջանից այնքան էլ չի տարբերվում: Ավտորիտար երկրներին բնորոշ են մեկ անձի, այսինքն' պետության ղեկավարի միահեծան իշխանությունը գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունների եւ ԶԼՄ-ների նկատմամբ, մարդու իրավունքների ոտնահարումները, օրենքի իշխանության փոխարեն մեկ անձի' նախագահի իշխանությունը, քաղաքական դաշտի ամայացումը կամ կառավարելի «ժողովրդավարությունը», կլանային տնտեսությունը եւ կամ տնտեսության օլիգարխացումը:

Ընդհանուր առմամբ, նախկին սոցճամբարի եւ խորհրդային կայսրության երկրները ժողովրդավարության, մարդու իրավունքների հարգման եւ օրենքի գերակայության չափանիշներով պայմանականորեն բաժանվում են երեք մեծ խմբերի՝ անշրջելի ժողովրդավարական, ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի միջեւ գտնվողներ, ավտորիտարներ:

Առաջին խմբի մեջ են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրները՝ բացառությամբ Ալբանիայի, մասամբ նաեւ Մակեդոնիայի, Բոսնիա Հերցեգովինայի, Սերբիայի: Մյուսները, այդ թվում բալթյան երեք երկրները, այլեւս դարձել են ժողովրդավարական երկրներ, անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին:

Ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի միջեւ գտնվող երկրներից են Ռուսաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղրղզստանը: Ընդ որում, այս խմբի երկրները եւս, կրկին պայմանականորեն, բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր շարժվում են եւ առավել հակված են դեպի ժողովրդավարությունը եւ դա ապացուցում են կոնկրետ գործով' առաջին հերթին ազատ, արդար ընտրություններով, քանի որ ժողովրդավարությունը բնորոշող առանցքային պայմանը հենց ազատ եւ արդար ընտրություններն են, եւ նրանք, ովքեր ավելի մոտ են ավտորիտարիզմին: Հայաստանը, ցավոք, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ գնում է վերջին ուղղությամբ:

Եվ, վերջապես, երրորդ խումբ երկրները՝ միջինասիական չորս հանրապետություններում եւ Բելառուսում հաստատվել է ավտորիտար համակարգ: Անշուշտ, նրանք էլ են տարբերվում միմյանցից, օրինակ՝ Տաջիկստանը եւ նրա ավտորիտար առաջնորդ Էմոմալի Ռահմոնովը ակնհայտ ժողովրդավար է Թուրքմենբաշու, իսկ Բելառուսում Բատկան' Ուզբեկստանի բռնակալ եւ արյունարբու Քարիմովի հետ համեմատած:

Հայաստանը չունի այլ լուրջ ռեսուրս, քան ժողովրդավարությունը

Աշխարհագրական առումով Հայաստանի բախտն ակնհայտորեն չի բերել: Մեր երկիրը ոչ միայն ցամաքով շրջափակված եւ դեպի ծով ելք չունեցող երկրներից է, այլեւ լուրջ հակասություններ ունի իր հարեւաններից երկուսի հետ, եւ մոտ ապագայում դժվար է ակնկալել, թե Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հնարավոր կլինի խնդիրները կարգավորել Ադրբեջանի հետ: Հայ-թուրքական հարաբերությունների ապագան եւս խոստումնալից չէ: Այսօր Հայաստանի ընդհանուր սահմանների մոտ 80 տոկոսը շրջափակման տակ է:

Հայաստանի բախտը չի բերել նաեւ ժողովրդավարության առումով, բայց, ի տարբերություն աշխարհագրական դիրքի անբարենպաստության, մենք չենք կարող իշխանական օղակների քրեականացման, տնտեսության օլիգարխացման, կոռուպցիայի մեջ թաղված լինելու, ընտրությունները կեղծելու, օրենքի իշխանությունը սափրագլուխներին հանձնելու, մարդու իրավունքների ոտնահարումների եւ ամոթալի այլ երեւույթների հարցերում մեղադրել մեր թշնամական հարեւանությանը:

Հայաստանի ժողովրդավարացումը առաջին հերթին մե՛զ է պետք, եւ ո՛չ Արեւմուտքին: Վերջինս, հանուն իր շահերի, կամ մեր երկրի՝ անհետաքրքիր լինելու հանգամանքով պայմանավորված, ի վերջո կարող է թքած ունենալ, թե ուր է գնում Հայաստանը: Ժողովրդավարությունն անհրաժեշտ է առաջին հերթին մեզ, եթե բարեկեցիկ կյանքով ապրելուն արժանի է այս ժողովուրդը:

Կարո՞ղ եք նշել մի երկիր, բացառությամբ նավթով եւ բնական ռեսուրսներով հարուստ արաբական էմիրություններն ու սուլթանությունները, որտեղ հաստատվել են ոչ ժողովրդավարական կարգեր, ու այդ երկրում քաղաքացիները երջանիկ են, կյանքը բարեկեցիկ է: Ժողովրդավարությունը միայն բառ չէ, հայաստանցիների համար այս խորթ տերմինը առաջին հերթին հարվածում է կլաններին, օլիգարխներին, կոռուպցիային:

Ժողովրդավարական երկրներում է, որ հաստատվում է տնտեսական ազատ մրցակցություն, խոսքի եւ մամուլի ազատություն, օրենքի գերակայություն: Եվ այս դեպքում է երկիրը զարգանում՝ տնտեսական եւ քաղաքական առումներով, նման երկրներում են հաստատվում արժանավայել կյանքով ապրելու պայմաններ: Ու այս դեպքում բոլորովին էլ պարտադիր չէ նավթով կամ բնական պաշարներով հարուստ լինելը:

Նայենք քարտեզին ու կրկին կհամոզվենք, որ Հայաստանը չունի այլ լուրջ ռեսուրս, քան ժողովրդավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter