HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդուհի Զաքարյան

Էրեբունի հյուրանոցում ապաստանած գյումրեցիներին վտարում են

«Էրեբունի» հյուրանոցի երկրորդ մասնաշենքը դեռ շահագործման չէր հանձնվել, երբ 1988-ին երկրաշարժից փրկված գյումրեցիները հանգրվանեցին այնտեղ: 1996 թվականից այստեղ է ապրում նաեւ Գայանե Սարգսյանը մոր' Անահիտ Պապիկյանի հետ: Գայանեի հայրը' Ֆելիքս Սարգսյանը, 1988-ից հետո որոշում է սեփական նախաձեռնությամբ տուն կառուցել: «Շիրակինվեստ» բանկի միջոցով Սարգսյանների ընտանիքը ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից վարկ է վերցնում տուն կառուցելու համար: Վարկը մի քանի փուլով էր տրամադրվում: Առաջին իսկ փուլով նախատեսված գումարը կիսատ են տալիս: «Շիրակինվեստ»-ը սնանկանում է, իսկ Սարգսյանների շինարարությունը մնում է անավարտ: «Բանկն ու նախարարությունը սկսեցին իրար վրա գցել, թե ով պետք է վարկի մնացած մասը տրամադրի, որ վերջացնենք շինարարությունը: Մինչ օրս էլ անորոշ վիճակ է, կիսակառույցը չմարված պարտք է մնացել մեզ վրա: Մեզ խոստացան, որ մի օր գումարը կտրամադրեն, բայց ե՞րբ' պարզ չի: Հարցն այսպես փակվեց»,-պատմում է Էրեբունի հյուրանոցի 2-րդ մասնաշենքի բնակչուհի Գայանե Սարգսյանը:

Գյումրիում Սարգսյաններն արդեն բնակարան ստանալ չէին կարող, քանի որ վարկ վերցրած բնակիչներին չէին ներառում հաշվառման ցուցակներում: «Ամուսնուս հետ քրոջս տանն էի ապրում, նրանք արտասահմանում էին, հետո եկան տունը վաճառեցին: 17 տարի է այստեղ-այնտեղ ենք ապրում, հիմա աղջկաս մոտ եմ եկել, իսկ ամուսինս Գյումրիում քանդված մանկապարտեզում է մնում, մինչեւ տեսնենք' ինչ է գալիս գլխներիս»,-պատմում է Գայանեի մայրը:

1989-ից հյուրանոցի նույն մասնաշենքում բնակվում էին նաեւ Բաքվի փախստականները: Հյուրանոցում, ընդհանուր առմամբ, ապրում էր 220 ընտանիք: Ժամանակի ընթացքում նրանց մի մասը տարբեր ճանապարհներով լուծել է իր բնակարանային խնդիրը եւ հեռացել: 2004-ին հյուրանոցում մնացել էին 18 փախստականների, 17' գյումրեցիների ընտանիքներ:

«Տարիներ շարունակ այս շենքը միտումնավոր վթարային էին սարքում. վերելակները լրիվ փչացրեցին, անցած տարվա ամռանը հոսանքը կտրեցին, ձմեռվանից էլ ջուր չունենք: Հիմա էլ նոր սեփականատիրոջ ներկայացուցիչը շենքում նստած այստեղ մնացած բնակիչներին ահաբեկում է, ստիպում հեռանալ: Մի խեղճ կնոջ համարյա կաթվածի էր հասցրել, ասում է' հենց հիմա եղած-չեղածդ հավաքիր ու հեռացիր, չգիտեմ, գումարը չի բավականացնում, գնա վարձով ապրի: Բայց ինչքա՞ն, գնանք բո՞մժ դառնանք»,-տարակուսած շարունակում է Գայանեն:

Հյուրանոցի տնօրինությունը, ի տարբերություն երկրաշարժից տուժածների, փախստականներից բնակության վարձ չէր պահանջում: Տնօրինության այդ առանձնահատուկ վերաբերմունքը դեպի փախստականները բացատրվում է նրանով, որ երկրաշարժից տուժածների խնդիրները պետությունն ի սկզբանե վերցրել է իր վրա, ուստի հենց պետությունն էլ պարտավոր է զբաղվել գյումրեցիներով: «Անհասկանալի է, թե ինչու են տարբերություն դնում մեր եւ փախստականների միջեւ: Ես բոլոր վճարները տալիս էի, բայց մի օր լույսը կտրեցին: Դիմեցի Էներգետիկայի նախարարություն: Ասացին, թե ես բաժանորդ չեմ, քանի որ հյուրանոցում հաշվառված չեմ: Ուստի 2003թ.-ին սահմանված կարգով Գյումրու հասցեիցս դուրս եկա եւ այստեղ գրանցվեցի: Զգուշացրեցին, որ նորից նախկին հասցեում վերագրանցվել չեմ կարող, բնակարան ստանալ' նույնպես: Լավ է, որ ծնողներս Գյումրու բնակիչ են: Բայց ինձ այստեղից որ դուրս հանեն, ընդհանրապես օդում եմ մնում: Բայց հիմա դա էլ արդեն կարեւոր չէ: Այստեղ արդեն սկզբունքի հարց է: Չի կարելի մարդկանց ապրանքի նման ուղղակի դուրս նետել: Ես անկախ արդյունքից մինչեւ վերջ պայքարելու եմ, նույնիսկ, եթե դա ամիսներ տեւի»,-ասում է Գայանեն:

«Էրեբունի» հյուրանոցն իր ողջ համալիրով հանդիսացել է «Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի» սեփականությունը: 2003-ին հյուրանոցի սեփականատերը Բաքվի փախստականներից յուրաքանչյուրին հեռանալու համար 5000 ԱՄՆ դոլար է առաջարկում, բայց վերջիններս հրաժարվում են: 2004թ. հյուրանոցը 470.500.000 դրամով վաճառվում է «Գինեքար» ՍՊԸ-ին, որի տնօրենն է Վայոց Ձորի մարզետ Սամվել Սարգսյանը: «Գինեքար» ՍՊԸ-ն Բաքվի փախստականներին, ըստ ընտանիքի անձանց քանակի, առաջարկում է 8750 եւ 12.500-ական դոլար, իսկ գյումրեցիներին' իրենց սենյակներից հեռանալու' 2005-ի գարնանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռները:

Գայանե Սարգսյանի հանդեպ կայացվել է գաղտնի դատավճիռ: Նա դատական նիստի մասին չի տեղեկացվել եւ այդ ժամանակահատվածում բացակայել է հանրապետությունից:

«Հիմնադրամը, ընդառաջելով ՀՀ վարչապետի միջնորդություններին, եւ ըստ Գյումրու քաղաքապետի հետ ճշգրտված ցուցակների' մասնաշենքում բնակվող եւ Գյումրիում գրանցում ունեցող անօթեւան ընտանիքներին կրկին ցուցաբերեց բարեգործական օգնություն: Փախստականներին եւ անօթեւաններին «Բնակարանային ապահովման բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրի շրջանակներում, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի որոշման մեջ նշված չափը, ցուցաբերվել է բարեգործական օգնություն, այլ ոչ թե' փոխհատուցում»,-ասում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մ. Հարությունյանը:

Եթե Գայանե Սարգսյանի վերաբերյալ Հիմնադրամի տնօրինությունը դատարանի վճիռ ուներ, ապա հյուրանոցի մեկ այլ բնակչի' Աղունիկ Զաքարյանի եւ նրա մոր' Էվելինա Թորոսյանի պարագայում դա էլ չկա: Նրանց ուղղակի վտարում են: Աղունիկ Զաքարյանը մոր հետ 1996 թվականից բնակվում է էրեբունի հյուրանոցում: Նրանց բնակարանը երկրաշարժից հիմնովին քանդվել է, եւ հիմա հայրը եղբոր ընտանիքի հետ բնակվում է փայտե տնակում: «Տնակի վիճակն ահավոր է, տանիքը փլվում է: Ապրելն ուղղակի անհնար էր, դրա համար էլ մորս հետ եկել եմ Երեւան: Հիմա էլ վտարում են, գնալու տեղ չունենք, չգիտեմ' ինչ է լինելու վիճակներս»,-ասում է Աղունիկը:

Գյումրու քաղաքապետն ու Շիրակի մարզպետն էլ իրենց հերթին հյուրանոցի գյումրեցի բնակիչներին պատասխանել են, որ նրանց կացարանի հարցն իրենք ի վիճակի չեն լուծել, որ բնակիչները, համաձայն գործող բնակարանային բաշխման կանոնագրի հերթականության, պետք է սպասեն մինչեւ իրենց բնակարան ստանալու հերթը հասնի:

Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամը հարցը վերջնականապես լուծելու համար բարեգործական հիմունքներով, արդեն վարչապետի հանձնարարությամբ, պարտավորվում է աղետի գոտու անխտիր բոլոր բնակիչներին փոխհատուցում տալ: Այս անգամ, այսպես կոչված, բարեգործական նվիրատվությունը կազմում է Ադրբեջանից արտագաղթած ընտանիքներին փոխհատուցած գումարի կեսը: Սակայն այստեղ էլ հիմնադրամն անհասկանալի սկզբունքով կամայական եւ սուբյեկտիվ վերաբերմունք է դրսեւորում: Փոխհատուցման տրամադրման ցուցակում չեն հայտնվում ո՛չ Գայանե Սարգսյանը, ո՛չ էլ Աղունիկ Զաքարյանն ու մայրը:

Տուրիզմի զարգացման հիմնադրամի տնօրինությունն, անշուշտ, իր բացատրությունն ունի. Հիմնադրամը Գայանեին հայտնում է, թե բանավոր հարցում է անցկացրել Ախուրյանի գյուղապետարանում եւ տեղեկացել, թե Սարգսյանների ընտանիքը բնավ էլ անօթեւան չէ: Դրանից հետո Գայանե Սարգսյանը գրավոր դիմում է նույն Ախուրյանի գյուղապետին, որին ի պատասխան' վերջինս ժխտում է, թե նրանց անօթեւանության մասին ինչ-որ տեղեկություն է տրամադրել եւ փաստացի հայտնում, որ Սարգսյանների ընտանիքն իսկապես անօթեւան է եւ պետությունից ոչ մի փոխհատուցում չի ստացել: Սակայն այս փաստաթուղթը ՀՀ կառավարությունն առանց հիմնավորման Գայանեի դիմումի հետ միասին ետ է ուղարկում: Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի Արդարադատության խորհրդի քարտուղարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Մհերյանը 2005-ի մարտի 10-ին Գայանե Սարգսյանին պատասխանում է, որ «օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել հատուկ արտոնագիր ունեցող եւ Վճռաբեկ դատարանում գրացված փաստաբանների կողմից' եռամսյա ժամկետում»: «ՀՀ կառավարության տարածքային կառավարման վարչության ներկայացուցիչ Խաչիկ Վարդանյանը 4 ամիս է հետեւողական արհամարհում եւ չի պատասխանում ՀՀ կառավարությանն ուղղված իմ գրավոր բողոքներին' ուղղակի բավարարվելով բանավոր պատասխաններով, որ «... մենք կապ չունենք, Տուրիզմի հիմնադրամինն է շենքը, նա էլ որոշում է' ինչ անել»»,-ասում է Գայանե Սարգսյանը:

Իսկ Աղունիկ Զաքարյանին Տուրիզմի զարգացման հիմնադրամը պատասխանել է, որ հարցման հետեւանքով պարզել է, թե իբր Զաքարյանն ու նրա մայրը ընդամենը 2 տարվա անօթեւան են: Հարցն այն է, որ 2004-ին բոլոր գյումրեցիները նախագահի հրամանով վերահաշվառվել են, այնինչ նրանց տեղեկանքում պարզապես գրված է' հաշվառում: Աղունիկ Զաքարյանը դիմել է Գյումրու քաղաքապետարան' խնդրելով նոր տեղեկանք տրամադրել: 2006-ի ապրիլին Գյումրու քաղաքապետի տեղակալը մի փաստաթուղթ է տրամադրել, որտեղ հստակ նշված է, որ վերջիններս 1988-ի երկրաշարժից հետո անօթեւան են գրանցված, իսկ 2004-ին վերահաշվառվել են ՀՀ նախագահի հրամանով: Սակայն այս երկրորդ փաստաթուղթը, որը ժխտում է Հիմնադրամի բացատրությունը, իրերի դրությունը չի փոխում: Ուրիշ ելք չունենալով' Զաքարյանը դիմում է դատախազություն: Դատախազությունը կասեցնում է նրանց վտարումը, բայց միեւնույն ժամանակ հայտարարում, որ չի կարող հոգաբարձուների խորհրդին ստիպել որոշումը փոխել, եւ հարկավոր է դիմել դատարան: «Ում դիմում եմ, ասում են' չենք կարող: Բա սա կառավարությու՞ն է, որ նույնիսկ իր քաղաքացիներին չի կարողանում օգնել ու պաշտպանել»,-ասում է Աղունիկը:

Ներկայումս բնակիչների հետ գրեթե անհնար է կապ հաստատել. շենքի մուտքը կողպեքով փակ է: Ճաղերի ետեւում հայտնված բնակիչներն առանց պահակի ոչ կարողանում են դուրս գալ, ոչ էլ ինչ-որ մեկը կարող է վերեւ բարձրանալ: Շենքի ներսում գտնվող մի քանի մարդ, ովքեր ներկայացան ուրիշ գրասենյակի աշխատակիցներ, մեզ ասացին, որ պահակը դեռ չի եկել եւ դուռը բացող չկա: Ամեն դեպքում, եթե նույնիսկ պահակը գար, միեւնույն է, ոչ ոքի ներս չեն թողնում: Հետո ավելացրեցին, որ շենքում մնացել էր երկու ընտանիք, որից մեկը նոր է հեռացել, բայց իրերը դեռ չի տարել: Իսկ հիմա շենքում ապրում են երկու ծեր կանայք, որոնցից մեկը հաշմանդամ է եւ ընդհանրապես սենյակից դուրս չի գալիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter