HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

«Ծովից ծով հայրենիքից մի բուռ է մնացել, պետք է պահել այս երկիրը». զրույցներ պատերազմի եւ խաղաղության մասին

«Դու տեսե՞լ ես անասուններին ոնց են քշում: Ահա այդպես մեր ժողովուրդը՝ երեխաներ, ծերեր, մայրեր ողբով դուրս էին գալիս Մարտակերտի գյուղերից, ոտաբոբիկ անցնում իմ կողքով: Դա ինձ համար պատերազմում ամենածանր, ողբերգական օրն էր: Ես այս պատերազմում կորցրել եմ եղբորս եւ քրոջս տղաներին, իմ մարտական ընկեր, հերոս Սամվել Սաֆարյանին: Ես լացել եմ մեր բոլոր զոհված տղաների համար՝ որպես իմ երեխաներ: Բայց ինձ համար ամենածանրը Շահումյանի եւ Մարտակերտի զավթումն էր: Սերժ Սարգսյանը ինձ ուղարկել էր Ղարաբաղի հյուսիսային շրջան, որպեսզի հրետանու օգնությամբ գոնե ապահովվի ժողովրդի անվտանգ դուրս բերումն իրենց տներից, գաղթը: Իմ կողքով ողբով, լացով անցնում էին իմ ուսուցիչները, հարազատները, համագյուղացիները»:

Սրանք Գեորգի Գասպարյանի կամ, որ ավելի ընդունված է ասել, «գրադ» Ժորայի խոսքերն են: «Դու ինձ ասում ես, որ ես թվեմ 10 հերոսի անուն: Պետք է բոլորի անունները նշել: Իսկ նրանք, ովքեր թիկունքում էին՝ կանայք, երեխաները, ծերերը, նրանք հերոսներ չե՞ն»,-ասում է պաշտոնաթող գեներալը, ով արցախյան ազատամարտի ողջ ընթացքում ղեկավարել է հրետանին, կռվել Օմարից մինչեւ Արաքս: «Ես կարծում եմ, որ հայ ժողովրդի պատմության մեջ պատերազմներից ամենահաջողվածն Արցախյան ազատամարտն է: Նախկինում Հայաստանը ծովից ծով էր, չէ՞, չորանալով, չորանալով՝ մի բուռ է դարձել: Պետք է պահել այս երկիրը»,-ասում է նա:

83-ամյա Ռոզա Ավանեսյանը հազարավոր մարտակերտցիներից է, ով 1992թ. գարնան եւ ամռան ամիսներին թողել է հարազատ տունը: Միգուցե նա էլ է անցել «Գրադ» Ժորայի կողքով: «Մի վերմակ ու մի բարձ ենք կարողացել վերցնել փոքր երեխային փաթաթելու համար: Երկու հարկանի տունը, կուրծք արած հղի կովերս թողել եմ այնտեղ: æանս դողում է, չեմ կարող պատմել: Հարայ-հրոցով, ճիչով-լացով ճանապարհ ընկանք»,-այսպես է նկարագրում հայերի գաղթը Մարտակերտի Մարաղա գյուղից Ռոզա Ավանեսյանը, ում ընտանիքը բնակություն է հաստատել Լաչինում:

Վազգեն Մանուկյանը եւս անցել է այս ճանապարհով. «Իմ վարչապետությունից հետո, մինչեւ պաշտպանության նախարար նշանակվելը, մի փոքր ջոկատով գնացել էի Մարտակերտ, երբ Մարտակերտը գրավել էին ադրբեջանցիները: Ես ճանապարհին տեսա այն, ինչ պատմել էր պապս, կարդացել էի գրքերում. գաղթի ճանապարհ, անտառներով մեր ժողովուրդը փախչելով հեռացել էր, ծառերի վրա սավաններ, երեխաների խաղալիքներ, չթաղված դիակների հոտ … »:

83-ամյա Աշխեն Սաֆարյանը հայրենի Գետաշենում թողել է կյանքի 7 տասնամյակները, նորակառույց տունը, պտղատու այգին: Ասում է, որ եթե հնարավորություն լինի, այս ամռանը կգնա իրենց տուն՝ կարոտն առնելու:

«1991թ. մայիսի 6-ին ադրբեջանցիները մտան գյուղ եւ քշեցին գետաշենցիներին: Իմ երկհարկանի տանը ադրբեջանցին է նստած: Ամեն ինչ թողել եմ, միայն մի պայուսակ եմ վերցրել: Այս ամառ ուզում եմ գնալ մեր տուն: Ինձ ի՞նչ պիտի անի թուրքը»,-հարցնում է նա:

Արցախյան պատերազմը պատճառ դարձավ, որ ավելի քան մեկ միլիոն հայեր եւ ադրբեջանցիներ կրեն փախստականների եւ ներքին տեղահանվածների ճակատագիրը. Ադրբեջանից եւ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 400 հազար հայեր, իսկ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից եւ վերջիններիս կողմից վերահսկվող ադրբեջանական 7 շրջաններից ավելի քան 750 հազար ադրբեջանցիներ հեռացել կամ դուրս են քշվել իրենց տներից: Ադրբեջանի փախստականների ճամբարներում եւ Հայաստանի տարբեր հանրակացարաններում երկու ժողովուրդների մի ողջ սերունդ է մեծացել՝ մի օր տուն վերադառնալու հույսով: Մինչեւ այսօր փախստականներից ոմանք պահում են իրենց տան բանալիները:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը պատերազմի տարիներին ռուսական հեռուստատեսության «Վեստի» ծրագրի համար ռեպորտաժներ է պատրաստել: Նա ասում է, որ Արցախում հայ ժողովրդին պատերազմ էր պարտադրվել: «Տղաները կռվում էին՝ իմանալով, որ 200 մետր թիկունքում իրենց գյուղն է, որտեղ իրենց երեխաներն են, կանայք եւ մայրերը: Դեմից գալիս էին Բաքվից, Կիրովաբադից կամ այլ տեղերից ադրբեջանցիներ, որոնք տուն էին ուզում, իսկ նրանց դիմաց կանգնած տղաները տանն էին արդեն: Կռվում էին ղարաբաղցի գյուղացի տղաները, որոնց ուժ, ոգի էին տալիս Երեւանից, Գյումրիից, այլ բնակավայրերից եկածները: Այն գաղափարը, որ ղարաբաղցի կռվող գյուղացին մենակ չէր, եւ որ մի մարդ Երեւանում թողել է ընտանիքը, երեխային, աշխատանքը, ուսումը եւ եկել է իրենց գյուղ' իրենց հետ իրենց հացը ուտի, հողը կրծի ու իրենց հետ մեռնի, դա ամեն ինչ էր»,-այսպես է նա բացատրում պատերազմում հայկական կողմի հաղթանակը:

«Ես պատերազմից հետո նկարահանեցի իմ առաջին գեղարվեստական ֆիլմը' «Սեւ, սպիտակ», որը երկու միջազգային մրցանակ ստացավ՝ մեկը' Թուրքիայում, մյուսը' Ռուսաստանում: Ֆիլմը արցախյան պատերազմի մասին չէ, պատերազմի մասին է, բայց երկրորդ համաշխարհայինի: Ես հորինեցի պատմություն, ըստ որի մի զինվոր է վերադառնում լեռնային գյուղ, որտեղ մնացել են միայն այրիներ: Մնացել են միայն կանայք, եւ ռազմաճակատից վերադառնում է մի տղամարդ: Այդ պատմությունը ոգեշնչված էր Արցախով: Արցախում պատերազմի ընթացքում գնալով երկու գույն էր ավելանում, ճիշտ է՝ ոչ թե սեւ ու սպիտակ, այլ՝ սեւ եւ խակի: Տղամարդիկ բոլորը խակի էին հագնում՝ կանաչ կամուֆլյաժ, իսկ կանայք գնալով ավելի ու ավելի շատ սեւ էին հագնում, եւ ես դա տեսնում էի ամեն օր: Սեւ գույնի ավելանալը ամենամեծ ճնշումն էր, ամենամեծ տպավորությունը արցախյան պատերազմից»,-ասում է կինոռեժիսորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter