HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարուժան Գեղամյան

Մերձավոր Արևելքի «մերձությունը»

Չընդատվող շղթան 

Մի կողմ թողնելով տարբեր պատմագիտական մանրամասներ՝ կարելի է ասել, որ ներկայիս հայկական պետությունը, ըստ էության, ձևավորվել է Մեծ Մերձավոր Արևելքում (Greater Middle East) Առաջին աշխարհամարտի (1914-1918թթ.) առաջ բերած սոցիալ-քաղաքական հսկայական տեղաշարժերի արդյունքում (այդ փոփոխություններից բավական է նշել միայն Հայոց ցեղասպանության առաջացրած ժողովրդագրական փոփոխությունը կամ Ռուսական կայսրության անկումը բոլշևիկյան շարժման հեղափոխության արդյունքում, որպեսզի հասկանալի լինի տեղաշարժերի մասշտաբը)։ Պետականաշինության հաջողության կարևորագույն գրավականներից մեկը, ինչպես այժմ, այնպես էլ հայկական պետականության կայացման ժամանակահատվածում տարածաշրջանի իրողություններն ու մարտահրավերները գնահատելու կարողությունն է, ինչը հնարավորություն է ընձեռում մշակել արդիական քաղաքականություն և այդ քաղաքականությունն իրականացնելուն միտված օրակարգ։ Սակայն, դժբախտաբար, Առաջին հանրապետության գոյության տարիներին (1918-1920թթ.) դրա ստեղծմանը նախորդող ժամանակահատվածում պատերազմի մերձավորարևելյան թատերաբեմում տեղի ունեցած սոցիալ-քաղաքական վերոնշյալ իրադարձությունները գնահատելու և վերարժևորելու ժամանակ ու հնարավորություն չկար/չստեղծվեց։

Խորհրդայնացումից հետո Հայաստանը բաժին ստացավ «երկաթյա վարագույրի» կարևորագույն «շերտերից» մեկը՝ անմիջապես սահմանակից լինելով պրո-արևմտյան (իսկ հետագայում Հյուսիս-Ատլանտյան դաշինքի անդամ) Թուրքիայի և «անհասկանալի և հարափոփոխ» Իրանի հետ։ Բնականաբար, ԽՍՀՄ գոյության ընթացքում մեր աշխարհաքաղաքական գնահատումների հիմքում, եզակի բացառություններով, ընկած էր «հայացքը Մոսկվայից», և ոչ՝ Երևանից։ Այս իրավիճակում մենք անբեկանելիորեն դարձանք Անդրկովկասի 3 հանրապետություններից մեկը, իսկ մեր քննարկած աշխարհաքաղաքական հիմնական հարացույցը կառուցված էր Երևան-Մոսկվա-աշխարհ առանցքի վրա։ Եվ հաշվի առնելով խորհրդային պետության բնույթը՝ Հայաստանը գրեթե ամբողջությամբ կտրված էր իրենից հարավ ընկած հսկայական տարածաշրջանից և դրանում ընթացող գործընթացներից։

1991 թվականին անկախության հռչակումից հետո Հայաստանը (ներառյալը Արցախը) որպես աշխարհաքաղաքական սուբյեկտ օրինաչափորեն դասվեց նախկին խորհրդային ճամբարին և Հարավային Կովկասի պետությունների շարքին։ Մենք էլ մեր հերթին հռչակեցինք մեզ Եվրոպայի անքակտելի մասնիկը, որովհետև այդպիսի հեշտ մոտեցումը խիստ հարմար ու գայթակղիչ թվաց բարդ աշխարհաքաղաքական պայմաններում։ Հայաստանի ու հայության բոլոր հայացքներն ու ջանքերը ուղղվեցին դեպի Բրյուսել, Մոսկվա և Վաշինգտոն՝ կանխորոշելով մեր աշխարհաքաղաքական հիմնական քայլերը։ Այս առումով մեր երկիրը նմանվում է ամեն գնով դեպի «ապահով ու հարմարավետ Եվրոպա» մեկնել փորձող գաղթականի, որը որևէ կերպ չի համակերպվում իր առկա կացության և բնակության վայրի հետ։

Մերձավոր Արևելքի «մերձությունը»

Անցնող 30 տարիների ընթացքում մենք ինքներս մեզ որևէ կերպ չասոցացրեցինք Հայաստանից հարավ ընկած Մերձավոր Արևելքի հետ։ Թե՛ պետական քաղաքականության, և թե՛ հանրային ընկալման մեջ Մերձավոր Արևելքը որակվեց որպես ինչ-որ հեռու, անհետաքրքիր և անկարևոր մի երևույթ, որի հետ առանձնապես գլուխ դնելու կարիք չկա։ Նշվածի հիման վրա մշակվեց պարզ բանաձև. Մերձավոր Արևելքի հարցերում կարելի է սահմանափակվել միայն տեղի հայկական համայնքների հետ աշխատանքով՝ առանց մասշտաբային նախաձեռնությունների։ Ավելին, Մերձավոր Արևելքի հետ մեր հարաբերությունները, չնայած օրինակ Դամասկոսի կամ Թեհրանի հետ մեր աշխարհագրական մոտիկությանը, հաճախ միջնորդավորված են և թելադրված այնպիսի օրակարգերով, որոնք մշակված չեն Հայաստանում կամ Հայաստանի ու հայության շահերը հաշվի առնելով։

Մերձավոր Արևելքը որպես ոչ հեռանկարային արտաքին դերակատար ընկալելը ոչ միայն սխալ է արտաքին քաղաքականության իրականացման պրակտիկ տեսանկյունից։ Այս մոտեցումը նաև սխալ է իր իսկ ձևակերման մեջ այն պարզ պատճառով, որ Հայաստանը ևս Մերձավոր Արևելքի մի մասն է։ Այս առումով բավական է վերհիշել Հայաստանի վերջին 10 տարիների պատմությունը՝ համոզվելու համար, որ բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքի մեզ հայտնի կենտրոններում (Հալեպից մինչև Դոհա, Թեհրանից մինչև Թել Ավիվ ու Երասուղեմ), ուղղակի կամ անուղղակի ազդում են հայաստանյան գործընթացների վրա (սահմանափակվենք՝ նշելով միայն սիրիահայերի ներգաղթի վերջին ալիքի առավել ցայտուն օրինակը)։ Ավելին, Հայաստանը իր աշխարհագրական դիրքով և խաղացած դերով Մեծ Մերձավոր Արևելքի կարևորագույն կենտրոններից է։ Այլ խոսքով՝ Մերձավոր Արևելքը բառի բուն իմաստով մերձավոր է, թեև դա մեզանում անհրաժեշտ չափով չի գիտակցվում:

Դինամիկ միջավայրի ռիսկերը

Մերձավոր Արևելքի հանդեպ մեր «սառը» վերաբերմունքը հղի է վտանգներով հատկապես ճգնաժամային բարդ իրավիճակներում, երբ թե՛ առկա գործիքակազմի ու հետագա քայլերի պատկերացումների, թե՛ նույնիսկ հոգեբանության տեսանկյունից մենք պատրաստ չենք դիմագրավելու մարտահրավերներին և օգտվել ընձեռված հնարավորություններից (դարձյալ տեղին է հիշել սիրիահայերի օրինակը)։ Այսպիսի իրավիճակներում Հայաստանը՝ որպես բացառապես Արևմտյան Եվրոպայի ընտանիքի անդամ ընկալելու մեր մեծ ցանկությունը բախվում է բոլորովին այլ իրականությանը։

Այդ իրականության մասին մեր պատկերացումները ևս հեռու են ճշմարտացի լինելուց, քանի որ մեր մամուլը և փորձագիտական հանրության մեծագույն մասը ոչ միայն խորամուխ չի լինում մեզանից ընդամենը 300-400 կիլոմետր հեռավորության վրա ընթացող իրադարձությունների բնույթն ու պատճառները հասկանալու հարցում, այլև շատ հաճախ նույնիսկ տեղյակ չէ դրանցից։ Լավագույն դեպքում հայկական լսարանը տեղեկանում է միայն այն իրադարձությունների մասին, որոնց մասին գրում է որևէ խոշոր լրատվամիջոց՝ հետևելով սեփական օրակարգին։ Այս տեսանկյունից, հաճախ քննարկման առարկա կարող է դառնալ, օրինակ, վաշինգտոնյան ցածրակարգ վերլուծական կենտրոնի կողմից Թուրքիայի վերաբերյալ քննադատական, բայց ոչինչ չասող զեկույցը, և միևնույն ժամանակ ուշադրությունից դուրս մնա այն լուրը, որ Արաբական Միացյալ Էմիրությունները վերաբացում են իրենց դեսպանությունը Դամասկոսում՝ նախանշելով Ծոցի պետությունների և Սիրիայի օրինական իշխանությունների միջև համագործակցության նոր գործընթացը և որին կարող է մասնակցելու հայտ ներկայացնել Հայաստանը։

Հայաստանը Մերձավոր Արևելքի մի մասը ընկալելու և դրանից բխող քաղաքականություն մշակելու անհրաժեշտությունը էլ ավելի արդիական է հիմա, երբ մեր անմիջական հարևանությամբ ընթանում են գերլարված գործընթացներ, որոնք փոփոխում են ոչ միայն կառավարող էլիտաներ կամ քաղաքական գաղափարախոսություններ, այլև շուրջ հարյուր տարի գոյություն ունեցող պետական և ժողովրդագրական սահմաններ։

Այսպես, օրինակ, արդեն շուրջ 2 տարի է, ինչ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքի մի քանի շրջաններում (առաջին հերթին՝ Աֆրինում) թուրքական քվազիպետություն է ձևավորվում՝ սուննիական ու թուրքական բնակչության մեծամասնությամբ։ Միևնույն ժամանակ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ինքնավարության նախագիծը թևակոխում է նոր փուլ՝ հղի զինված բախման նոր փուլով Թուրքիայի, Ռուսաստանի և ԱՄՆ մասնակցությամբ։ Իրանը հաջողությամբ շարունակում է նվաճել ազդեցության նոր գոտիներ Սիրիայի հարևան Իրաքում, որտեղ ակտիվ աշխատանքներ են ծավալում ռուսական նավթագազային ընկերությունները։ Առավել լարված է Միջերկրական ծովի արևելքում, որտեղ գտնվող էներգակիրների համար պայքարի արդյունքում ձևավորվել է ուժերի յուրահատուկ և բարդ հարաբերակցություն, որի առանցքում է նաև  մեր տեսանկյունից հետաքրքրական հակաթուրքական դաշինքը։ Զուգահեռ շարունակվում է Մերձավոր Արևելքից քրիստոնյա բնակչության արտագաղթը (պատկերացրե՛ք, որ այս տեմպերի պահպանման դեպքում հնարավոր է, որ մոտ ապագայում Հայաստանը վերածվի տարածաշրջանի՝ քրիստոնեական նշանակալի բնակչություն  ունեցող միակ պետության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով)։

Աֆրինի շրջանում Թուրքիայի կողմից ստեղծվել են մի քանի ոստիկանական գոտիներ, որտեղ վարչական իշխանությունն իրականցվում է Թուրքիայի ԶՈՒ և հարևան թուրքական շրջանների ղեկավարության կողմից։

Իրադարձությունների և գործընթացների այս պարզ թվարկումը հեշտ է շարունակել։ Սակայն պետք է արձանագրել, որ նշված իրադարձությունները գրեթե աննկատ են մնացել ոչ միայն լայն հանրության, այլև որոշում կայացնողներից շատերի համար։ Մինչդեռ հավանականությունը, որ այս գործընթացները իրենց ազդեցությունը կթողնեն (կամ արդեն թողնում են) Հայաստանի ու հայության վրա, խիստ մեծ է։ Ուստի կարևոր է հետևելը, արձանագրելը և առկա ու սպասվելիք փոփոխություններին պատրաստվելը։

«Հետք»-ի մեր այս սյունակում մենք յուրաքանչյուր շաբաթ կանդրադառնանք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին՝ ուշադրություն դարձնելով հատկապես նրանց, որոնք կարող են առաջնային նշանակություն ունենալ Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության մշակման տեսանկյունից։

Վարուժան Գեղամյան - պ.գ.թ., թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, «ԱՐԴԻ» հետազոտական հիմնադրամի տնօրեն

Քարտեզի աղբյուրը՝ https://cadmus.eui.eu/bitstream/handle/1814/63745/MED_2019_10.pdf

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter