HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրվել է անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի մեկնարկը

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ներկայացրել է պետության կողմից երաշխավորված Արտոնյալ և անվճար պայմաններով անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի մեկնարկի վերաբերյալ մանրամասները, որի շրջանակներում  իրականացվելու  են`

1) անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում,

2) մինչև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումն իրականացվող պարտադիր հետազոտություններ,

3) ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորում՝ առավելագույնը 6 փորձ,

4) արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, հավելյալ` սաղմերի ստացման դեպքում սաղմերի 2-րդ և 3-րդ տեղադրումներն արգանդի խոռոչ:

Արտամարմնային բեղմնավորման 2-րդ փորձը կատարվում է պետության կողմից 50% մասնակցությամբ:

Ըստ բժշկական ցուցումների` ամուսնական զույգին կարող են տրամադրվել  բուժօգնության  հիշյալ բոլոր տեսակները:

Պետությունը չի փոխհատուցում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար ծախսերը, դրանք կատարում է շահառուն:

Ծրագրում ներգրավվելու համար շահառուները, ըստ ընթացակարգի, իրենց ընտրությամբ կարող են դիմել անպտղության ծրագիրն իրականացնող, վերարտադրողաբանության գծով լիցենզիա ունեցող բժշկական 5 կազմակերպությունից որևէ մեկին, դրանք են՝ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը, «Աստղիկ», Շենգավիթ բժշկական կենտրոնները, «Ֆերտիլիթի» պտղաբերության կենտրոնը։ Կազմակերպություններում գործող հանձնաժողովն ընդունում է փաստաթղթերը, ուսումնասիրում և տալիս եզրակացություն բուժման տեսակի վերաբերյալ, ընդ որում` ծառայությունները մատուցվում են` ըստ շահառուների դիմումների էլեկտրոնային միասնական գրանցման հաջորդականության:

Շահառուներին ներկայացվող հիմնական և լրացուցիչ պահանջներ են՝

 ծրագրից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող  անզավակ հետևյալ զույգերը`

1) երբ ամուսիններից մեկը զինծառայող է կամ զինծառայողներին հավասարեցված անձ,

2) զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո այդ  պատճառական կապով զոհվածի ծնողներ,

3) ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ,

 4) զույգերից մեկի մոտ առկա է հաշմանդամություն, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում,

5) սոցիալական աջակցություն ստացող  սահմանամերձ համայնքների բնակիչներ:

Մաժամանակ, շահառուները պետք է բավարարեն հետևյալ լրացուցիչ պահանջները՝

  • ամուսիններից մեկը լինի ՀՀ քաղաքացի և ամուսնությունը գրանցված լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,

2) կինը 20-35 տարիքային խմբում, ընդ որում` 35 տարեկանում հաշվառվելու դեպքում նա պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկանը, իսկ զինվոր որդի  կորցրած մայրերի  դեպքում` մինչև 42 տարեկանը:

Շահառուն պետք է ներկայացնի դիմում, անձնագիր, նույնականացման քարտ, ամուսնության վկայական, կարգավիճակը հաստատող փաստաթղթեր (բնօրինակներ) և էպիկրիզ` նախկինում ստացած հետազոտությունների ու բուժման վերաբերյալ:

Դիմումի ընթացքը կարող է մերժվել, եթե դիմումատուն չի բավարարում սահմանված  պահանջներն ու պայմանները, ունի հակացուցում և հղիության խիստ ցածր հավանականություն:

Մերժման հիմքերի վերացման դեպքում դիմումատուն կարող է կրկին դիմել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։