
Ռազմական համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Լիբանանի միջև
Խորհրդարանը քննարկեց «Ռազմական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև» կնքված համաձայնագիրը: Այն ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Փոխնախարարի խոսքով՝ համագործակցությունը բավական լայնածավալ ոլորտներ է ընդգրկելու՝ սկսած ռազմական սպորտից մինչ ռազմական արդյունաբերություն, նյութատեխնիկական ապահովման աջակցություն, զինված ուժերի կառավարման հետ կապված հարցեր:
«Լիբանանի հետ ռազմատեխնիկական բնագավառում զարգացման միտում ունեցող բավական հարաբերություններ ունենք, այս համաձայնագրով այդ կապերն ավելի առարկայական կարող ենք դարձնել»,- ասաց փոխնախարարը:
Տեղեկացնենք, որ ըստ համաձայնագրի` կողմերը փոխադարձ համաձայնությամբ միմյանց տարածքներում կարող են հիմնել ռազմական կցորդի գրասենյակներ և ներկայացուցչություններ՝ ազգային օրենսդրությանը համապատասխան:
Կողմերի լիազորված մարմինները կարող են ռազմական ոլորտում մշակել երկկողմ համագործակցության տարեկան և երկարաժամկետ պլաններ, որոնք կսահմանեն այդ համագործակցության հեռանկարային ուղղությունները և կներառեն համագործակցության միջոցառումների անվանումները, վայրը և ժամկետները, մասնակիցների քանակը:
Նշվում է նաև, որ կողմերի միջև համագործակցությունը ներառում է անվտանգության և պաշտպանական քաղաքականություն, ռազմական արդյունաբերություն, ռազմական գիտատեխնիկական հետազոտություններ, նյութատեխնիկական ապահովման աջակցություն, ռազմական բժշկություն և առողջություն, ռազմաիրավական պատրաստություն, ռազմական սպորտ և այլն:
Մեկնաբանել