
Առաջարկվում է ուժային կառույցների զինվորական կենսաթոշակը նշանակելու գործառույթը վերապահել սոցիալական ապահովության ծառայությանը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության զինծառայողների զինվորական կենսաթոշակները նշանակելու գործառույթը վերապահել սոցիալական ապահովության ծառայությանը։ Գործող կարգով կենսաթոշակները նշանակում են այս մարմինները առանձնացված կերպով։
Նման առաջարկություն է նախարարությունը քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ՝ այս որոշման հիմք է հանդիսացել վարչապետի աշխատակազմում ապրիլի 5-ին կայացած խորհրդակցությունը։ Դրա արդյունքում հանձնարարվել է քննարկել պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին զինվորական կենսաթոշակ նշանակելու գործառույթը ծառայությանը փոխանցելու հարցը։
Նախատեսվում է, որ սոցիալական ապահովության ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը զինվորական կենսաթոշակը կնշանակի զորացրման հրամանի քաղվածքի և զինվորական ծառայության ստաժի մասին համապատասխան մարմնի (որտեղ ծառայել է զինծառայողը) ղեկավարի սահմանած ստորաբաժանման տված տեղեկանքի հիման վրա։
Մեկնաբանել