HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկեց ՀԱՊԿ-ում դիտորդ կամ գործընկեր պետություն ստանալու կարգավիճակի հարցը

Խորհրդարանում այսօր քննարկվեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու Կառավարության ներկայացրած առաջարկը։ Հիմնական զեկուցող, Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրությունը նախատեսում է, որ անդամ պետությունները կարող են ստանալ դիտորդի կարգավիճակ։

«Այդ կազմակերպությունում, սակայն, մանրամասները բացված չեն, փոփոխությունները նախատեսված են ներկայացվող պահանջները հստակեցնելու համար, ինչպես նաև նախատեսել, թե որ դեպքում կարող է այդ որոշումը վերանայվել, նաև՝ գործընկերոջ կարգավիճակը։ Միանգամից արձանագրեմ, ոչ երկու կարգավիճակն էլ կարող են ստանալ միայն կոնսենսուսով, այսինքն բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ, եթե առնվազն մեկը դեմ է, այդ կարգավիճակը չի շնորհվում»,- ասաց փոխնախարարը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն արձագանքեց՝ հասկանալի է, թե որ երկրին կարող է շնորհվել դիտորդ կամ գործընկեր կարգավիճակը։

«Հաշվի առնելով այն, որ այդ կազմակերպությունում Ադրբեջանը շատ ավելի ծանրակշիռ ազդեցություն ունի, քան նույնիսկ կազմակերպության անդամ Հայաստանը, արդյոք մենք բավարար չափով ծանրութեթև արե՞լ ենք բոլոր ռիսկերը»,- հետաքրքրվեց Բաբաջանյանը։

ԱԳ փոխնախարարն ասաց, որ դիտորդի կարգավիճակն ամրագրված է պայմանագրում, այս դեպքում պարզապես հստակեցվում են պահանջները, որոնք ներկայացվելու են։

«Այս դեպքում ձեր մտավախությունների աստիճանը պետք է նվազի. երբ խոսում եք, որ Ադրբեջանն ունի կշիռ ՀԱՊԿ- ում, Ադրբեջանը չունի որևէ կշիռ այնտեղ, ունի անուղղակի ազդեցություն այլ անդամ պետությունների միջոցով, բայց կշիռ չունի»,- ասաց Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով՝ պատգամավորի բարձրաձայնած մտահոգության հարցում հստակ է, որ Հայաստանը չի կարող միայնակ մնալ, «Հայաստանի արգումենտացիան էլ շատ հստակ է այդ հարցում»։

ԲՀ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ բարձրացրեց ՀԱՊԿ անդամ պետության կողմից զենքի վաճառքի հարցը երրորդ պետությանը, որով ակորդ է ուղղվել ՀԱՊԿ անդամ պետության դեմ։

«ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում չկա այնպիսի դրույթ, որ անդամ պետությունները իրավունք չունեն զենք վաճառել երրորդ պետության, որը սպառնում է որևէ անդամ պետության։ Իրավական տեսակետից որևէ խախտում չկա, բայց մենք ելնում ենք այն հիմնավորումից, որ եթե ցանկանում ենք ՀԱՊԿ-ը լինի հեղինակավոր կազմակերպություն, ուրեմն ներքին պարտավորությունները պետք է գերակա լինեն երկկողմ կամ բազմակողմ այլ պարտավորություններից»,- ասաց Քոչարյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter