HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԲԲԸ-ների և ՓԲԸ-ների վերաբերյալ տեղեկությունները հասանելի դարձնել․ նոր նախագիծ

Արդարարադության նախարարությունն առաջարկում է բաժնետիրական ընկերությունների՝  ԲԲԸ-ների և ՓԲԸ-ների, վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխանեցնել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (ՍՊԸ) վերաբերյալ տեղեկատվությանը, դրանց վերաբերյալ տեղեկությունները իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստր փոխանցել՝ այդ տեղեկատվությունը հանրությանն առավել հասանելի դարձնելով։ Նախարարությունը ակնկալում է ընդլայնել հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքների շրջանակը՝ խթանելով ընկերությունների առավել հաշվետու և բարեվարք վարքագիծը։

Նշենք, որ իրավաբանական անձանց ռեգիստրում ԲԲԸ-ների և ՓԲԸ-ների դեպքում հրապարակված է միայն ընկերության տնօրենի, ընկերության իրավաբանական և գործունեության հասցեները, կանոնադրությունը, գրանցման վկայականը, սակայն բացակայում է ամենակարևորը՝ ընկերության բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունը։

Այս փոփոխության առաջարկով նախարարությունը նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Արդարադատության նախարարությունը ընդգծել է, որ երկրները պետք է ապահովեն գործիքակազմ, որպեսզի իրավապահ և այլ մարմինների ներկայացուցիչները ունենան լիազորություններ իրավաբանական անձանց հիմնական տեղեկատվության և իրական շահառուների սեփականության վերաբերյալ տեղեկությունները ստանալու համար:

Նախարարությունը հայտնել է, որ իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրը միասնական պետական գրանցամատյանում գրառում է ՍՊԸ-ների մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ, սակայն չի վարվում բաժնետիրական ընկերությունների ռեեստր։ Այդ իսկ պատճառով, իրավաբանական անձանց վերաբերյալ գործակալության կողմից վարվող միասնական էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկատվությունը  թերի է։

«Հարկ է նկատել, որ իրենց ֆինանսական գործունեության ծավալով բաժնետիրական ընկերությունները հաճախ առավել բարձր հանրային հետաքրքրություն ունեն, քանի որ մասնակցում են տարբեր հանրային գործընթացների, այդ թվում՝ պետական գնումների, մատուցում են հանրության համար կարևոր նշանակություն ունեցող ծառայություններ: Ուստի, դրանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի առավել թափանցիկ և հասանելի, հանրությունը պետք է ունենա հնարավորություն ստանալու տեղեկություն բաժնետիրական ընկերության բաժնետերերի վերաբերյալ, իրականացնելու  հանրային վերահսկողություն պետություն-մասնավոր համագործակցության, պետական գնումների գործընթացի, տնտեսական մրցակցության նկատմամբ»,-նշել է նախարարությունը։

Արդարադատության նախարարությունը ԲԲԸ-ների և ՓԲԸ-ների տվյալները հասանելի դարձնելու նախագծում անդրադարձել է ևս մեկ հիմնավորման։ Նշել է, որ ԲԲԸ-ների վերաբերյալ տեղեկությունների հասանելիության ապահովումը անհրաժեշտ է նաև իրավախախտումների կանխարգելման և բացահայտման տեսանկյունից:

«Բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունների գրանցումը միասնական գրանցամատյանում և դրանց հասանելիությունը թույլ է տալիս առավել արդյունավետ դարձնել կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարը, բացահայտել անօրինական ազդեցությունները տարբեր բաժնետիրական ընկերությունների վրա և ընդհանուր առմամբ համակարգը դարձնել ավելի թափանցիկ»,- որոշման նախագծում նշել է Արդարադատության նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter