HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Նորատուսցի Ալիկի և մյուսների գործով բողոքների վերաբերյալ որոշում կայացնելու

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քրեական աշխարհում «Նորատուսցի Ալիկ» անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, «Չարբախցի Գեղամ» անունով հայտնի Պետրոս Իսրայելյանի և «Բդո» անունով հայտնի Արմեն Գասպարյանի գործով որոշում կայացնելու:

Նշենք, որ 2016 թվականին «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննված քրեական գործի շրջանակներում առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ Նելլի Բաղդասարյանի, Ալիկ Բանդուրյանին և Արմեն Գասպարյանին արդարացրել էր, իսկ սպանության մեջ մեղադրվող Պետրոս Իսրայելյանի արարքը վերաորակել ավելի մեղմ հոդվածով, նրան դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման ու համաներմամբ ազատ արձակել դատարանի դահլիճից:

Այս որոշումը դատախազությունը բողոքարկել է՝ պահանջելով գեղեցկության սրահում Մուշեղ Մուշեղյանի սպանության մեջ մեղավոր ճանաչել Պետրոս Իսրայելյանին և նրան դատապարտել 14 տարի ժամկետով ազատազրկման, խմբի կազմում, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելու մեջ մեղադրվող Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8, նախապատրաստվող հանցագործության մասին իմանալու, բայց իրավապահներին չհայտնելու մեջ մեղադրվող Արմեն Գասպարյանին՝ 1,5 տարի ազատազրկման:

Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը ևս բողոքարկել է դատարանի որոշումը. նա պահանջում է արդարացնել Իսրայելյանին:

Հիշեցնենք, որ «Լիա» գեղեցկության սրահի սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 13-ին: Գեղեցկության սրահի նկուղային հարկում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով սպանվել է ոչ միայն Մուշեղ Մուշեղյանը, այլ նաև Գևորգ Ավետիսյանը, ով Պետրոս Իսրայելյանի մտերիմներից է եղել:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել: Ապա, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն Մուշեղյանն ինքնապաշտպանության է դիմել, և նրա հետ վիճաբանող անձինք ուղղակի դիտավորությամբ նրան զրկել են կյանքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։