HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը դարձավ 5.5%. վերջին անգամ այդ մակարդակում եղել է 2010-ին

Կենտրոնական բանկի խորհուրդը (ՀՀ ԿԲ) որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 0.25 տոկոսային կետով։ Այդպիսով այն դառնում է 5.5 %: Այս որոշումը ԿԲ խորհուրդն ընդունել է սեպտեմբերի 10-ին՝ հաշվի առնելով գնաճի մակարդակը, համաշխարհային տնտեսական զարգացումները, Հայաստանի տնտեսական աճը և այլն։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով ԿԲ-ն վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Դրա նվազումը որոշ ժամանակ անց (սովորաբար դա ամիսներ է տևում) հանգեցնում է բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազմանը, ինչը կարող է որոշակիորեն նպաստել տնտեսության աշխուժացմանը։ Մյուս կողմից էլ՝ դա կարող է սպառողական վարկերի բարձր աճ առաջացնել, նպաստել սպառման ավելացմանն ու բերել գնաճի։ Ամեն դեպքում, վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը կարող է ամիսներ անց նպաստել տնտեսության աշխուժացմանը, որը Կառավարության համար ձեռնտու է։ Դա է պատճառը, որ կառավարության անդամները պարբերաբար «մեսիջներ» են ուղարկում ԿԲ-ին՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնելու հարցով։

Վերջին անգամ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել էր այս տարվա հունվարի 29-ին՝ 0.25 տոկոսային կետով. 6 %-ից այն դարձել է 5.75 %: Այսինքն՝ այն այս տարի երկրորդ անգամ է իջեցվում։

Վերջին տարիներին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5 % է եղել 2010 թվականին, որից հետո աստիճանաբար բարձրացել է, մինչ 2010 թվականը այն եղել է նաև ավելի ցածր մակարդակներում: Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են 2014-2015 թվականներին, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասել է 10.5 %-ի։ 2017 թվականից նվազման միտումներ են գրանցվում։

 

Երբ գնաճի տեմպը բարձր է լինում, և կանխատեսվում է այդ տեմպի պահպանում կամ նորից աճ, ԿԲ-ն բարձրացնում է այն՝ փորձելով զսպել գնաճը։ Այս անգամ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է հաշվի առնելով, որ այս տարվա օգոստոսին գրանցվել է 0.4 % գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.6 % գնաճի դիմաց, ինչին շարունակել է մեծապես նպաստել գյուղմթերքների գների սեզոնային ավելի մեծ նվազումը:

«Արդյունքում, 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 0.6 %։ Ի տարբերություն ընդհանուր գնաճի, բնականոն գնաճը վերջին ամիսներին ցուցաբերել է համեմատաբար կայուն վարքագիծ՝ տատանվելով 1.5 %-ի շրջանում»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ։

Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության զարգացումների վերաբերյալ անորոշության ավելացման ներքո գրանցվում են տնտեսական աճի, պահանջարկի և գնաճի զգալի դանդաղման միտումներ, որոնք արտահայտվում են նաև միջազգային ապրանքահումքային շուկաներում: Ելնելով նշվածից՝ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր առմամբ արտաքին հատվածից ակնկալվում է հիմնականում գնանկումային ազդեցություն.

«Խորհուրդն արձանագրում է, որ երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը շարունակում է մնալ բարձր, որը հիմնականում պայմանավորված է առաջարկի մասով ծառայությունների և վերամշակող արդյունաբերության աճերով, իսկ պահանջարկի մասով` մասնավոր սպառման աճով: Միաժամանակ, հարկաբյուջետային քաղաքականությունը դեռևս շարունակում է զսպող ազդեցություն ունենալ համախառն պահանջարկի վրա»:

Կառույցից հայտնում են, որ հաշվի առնելով արտաքին հատվածում ձևավորված գնանկումային միջավայրը և հարկաբյուջետային քաղաքականության ընթացքը, ինչպես նաև շարունակելով նախապատվությունը տալ գնաճի աստիճանական վերականգնմանը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչպես նաև քննարկում է միջոցառումներ՝ ֆինանսական միջոցները տնտեսության ներուժի զարգացմանն ուղղորդելու նպատակով։ Խորհուրդը նաև գտնում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետում՝ գնաճի նպատակի իրագործման համար։

Սպասվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ միջին ժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ: Հիշեցնենք, որ 2007 թվականից սկսած Հայաստանում որպես գնաճի նպատակային թիրախ է սահմանվել 4 %-ը` 1.5 % տատանումների թույլատրելի միջակայքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter