
Պատգամավորը զգուշացրեց խոշոր սեփականատերերին՝ «կոպեկներով գնված» առանձնատների գույքահարկը թանկանալու է մի քանի անգամ
Խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացրած «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը: Այս փոփոխություններով առաջարկվում է վերացնել անշարժ գույքի կադաստրային արժեքների իրական կյանքում և շուկայում առկա «հսկայական և անընդունելի տարբերությունը»:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում ասաց, որ թե՛ հանրության, թե՛ պատգամավորների մոտ թյուրընկալում կա, թե այս փոփոխությունները գույքահարկի մասին են:
«Օրենքը թույլ է տալիս հասկանալ, թե անշարժ գույքերն ինչքան արժեն, թե գույքահարկն ինչպես կփոխվի: Հետագայում ֆինանսների նախարարությունը համապատասխան հաշվարկներ կանի, դրույքաչափեր, շեմեր կփոխվեն»,- ասաց Թունյանը՝ ընդգծելով, որ տրամաբանությունն այն է, որ գույքահարկի հիմնական բեռն ընկնի թանկարժեք գույքի վրա:
Պատգամավորի խոսքով՝ այս փոփոխություններով մեկ այլ խնդիր ևս լուծվելու է՝ կանխարգելվելու է «ջրի գներով» համայնքապատկան նշանակության տարածքների օտարումը:
Անդրադառնալով պատգամավորների այն մտահոգություններին, որ այս փոփոխության հետևանքով կենտրոնում բնակվող թոշակառուների անշարժ գույքի գույքահարկը կարող է բարձրանալ, պատգամավորն ասաց.
«Տատիկի օրինակը որ բերում եք, որևէ մեկն իր գույքահարկին չի կպնում, պարզապես ասում ենք՝ եկեք հասկանանք ձեր գույքն ինչքան արժի: Կոչ եմ անում էս փուլում անպայման կողմ քվեարկել»,- ասաց Բաբկեն Թունյանը:
Պատգամավորի խոսքով՝ օրինակ 350 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող առանձատունը, որն իրականում արժե 2.8 միլիարդ դրամ և այժմ վճարում է 3.2 միլիոն դրամ գույքահարկ, փոփոխությունների արդյունքում վճարելու է 28 միլիոն դրամ գույքահարկ:
«Կրկնում եմ՝ տատիկ-պապիկնե՛ր ջան, օրենքն ընդունելուց հետո ձեր գույքահարկի բեռը չի շատանալու, բայց հարգելի գործընկեր և ոչ գործընկեր խոշոր սեփականատերեր ջան, եթե դուք ունեք շատ բարձր արժեք ունեցող անշարժ գույք, որը գնված է կոպեկներով և որի համար քիչ եք վճարում, ձեզ համար գույքահարկը մի քանի անգամ թանկանալու է»,- ասաց նա:
Մեկնաբանել