HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկյան ֆիլմ հիշեցնող իրավիճակ էր բանտում

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Որպես բանտային թղթակից չեմ կարող չանդրադառնալ սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» բանտում տեղի ունեցած իրադարձություններին, որոնք հիշեցնում էին ամերիկյան ֆիլմեր բանտային կյանքի մասին:

Զբոսախցում էի, ցերեկվա ժամ էր: Սկսվեցին գոռոցներ: Այն էր հասկացվում, որ շտապ օգնություն են պահանջում, բղավում էին, թե մարդ է վատացել: Ժամանակ առ ժամանակ նման աղմուկը սովորական երևույթ է բանտում, բայց այս անգամ տարօրինակն այն էր, որ շտապ օգնություն էին կանչում բոլոր հարկերից միանգամից ու տարբեր խցերից: Սկզբում անհանգստացա, մտածեցի՝ ուրեմն շատ ծանր ա ինչ-որ մեկի վիճակը: Հետո սկսեցին բոլոր հարկերում դռներին ուժգին հարվածել, կարծում եմ` բացառությունը 5-րդ հարկն էր, որտեղ միայն ցմահներ են պահվում, բացառությամբ՝ մի խցի:

Լսվում էին նաև գոռոցներ, որ օդը չի հերիքում: Մեկ -մեկ բարձր լսվում էին ռուսերեն բացականչություններ. “жизнь ворам”  և “АУЕ” (որքանով տեղյակ եմ նշանակում է` Арестантская Упряга Едина): Մի պահ դադարեց աղմուկը: Կարծես հանդարտվեց ամեն բան: Բայց մոտ երկու ժամ անց է՛լ ավելի ուժեղ դղրդաց «Նուբարաշենը»: Այս անգամ բոլոր տեղերից գոռում և պահանջում էին` «Ջուրը միացրե՛ք», «Բժիշկ կանչե՛ք», «Ո՞ւրա կալանավորի ճաշը», «Օդ չկա, դուռը բացե՛ք» և այլն:

Հարց` ինչո՞ւ հենց հիմա կալանավորները մեկ բռունցք դարձած նման աղմուկ բարձրացրեցին: Բանտի աշխատակիցներն ասում են, որ նոր իշխանությունների կողմից օրենքով գողերի վերաբերյալ նոր օրենսդրական նախաձեռնությունն է պատճառը: 

Ինքս 24-րդ տարին է` դիմումներ գրելով եմ դատապարտյալի իմ իրավունքների մասին բարձրաձայնել: Տարիներով լուռ, բայց ահռելի տանջանքներով, ջանքերով հասել եմ մի քանի իրավունքների վերականգնմանը: Ընթերցողին եմ ներկայացնում իմ բանտային կյանքից երկու դրվագ և հետևությունները թողնում եմ Ձեզ:

Տարիներ առաջ զբոսանքը հակաօրինական կերպով տրամադրում էին շաբաթվա կտրվածքով ընդամենը 1-2 անգամ (ըստ օրենքի պիտի լիներ ամենօրյա 1 ժամ): Գրավոր պահանջում էի, որ օրենքի համաձայն, ամեն օր տրամադրեն: Չէին անում: Ստիպված 10 րոպեն մեկ կանչում էի հսկիչին և պահանջում: Այդ ժամանակ մի դատապարտյալ նշանակված էր «պալաժենի», կամ «հարկ նայող»: Այդ անձը մոտեցավ խցիս դռանը, ասելով՝  հանգի՛ստ նստի տեղդ, չի՛ լինելու պրագուլկա: Պատասխանս այն էր, որ միգուցե ինքն էլ համազգեստ հագնի: Աղմուկ բարձրացավ: Նույնիսկ խցակիցներս, որ ինձ հետ համաձայն էին, իրար անցան, թե բա էս ինչ ես անում, Մհե՛ր: Հետո մարդիկ եկան, և ես նրանց ասացի, որ պալաժենին պետք ա կալանավորի, դատապարտյալի կողքին լինի, երբ մաքուր օդ եմ պահանջում, այլ ոչ թե իր հերթին օդս փակի: Որոշ ժամանակ անց իմացա, որ այլևս մեր բաժնում պալաժենի չի լինելու:

Եվս մեկ դրվագ, ու իմ կարծիքով, շատ կարևոր: 2015թ. դեկտեմբերի սկիզբն էր. սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն պիտի լիներ: Որպես լրագրող ոչ պաշտոնական զրույցներ էի անում բանտի աշխատակիցների հետ: Երեք բանտի աշխատակից՝ իրարից անկախ նույն բանն ասացին, ինչն ինձ ուղղակի ապշեցրեց. դրսից երկու օրենքով գող է բանտ հրավիրել, որ կալանավորներին համոզեն նոր Սահմանադրության օգտին քվեարկեն: Չգիտեմ, թե որքանով է իրական, բայց երեքն էլ, նույնն ասացին: Եթե այդպես է, ապա հարց` ի՞նչ գործ ունեն օրենքով գողերը Սահմանադրության հետ, չէ՟ որ իրենց սեփական օրենքներով են ապրում: 

Կարծում եմ, իրականում Հայաստանի կալանավայրերում բողոքի այս ակցիաները հանուն ազատազրկված անձանց իրավունքների չեն, այլ պարզապես իրավունքներ պահանջելը միջոց է հայտնի օրենսդրական փոփոխությունը չընդունելու համար: Կգնա՟ն արդյոք նոր իշխանությունները համագործակցության ուղղով, որով գնում էին ռեժիմները, մոտ ժամանակները ցույց կտան: 

Ազատազրկման վայրերում այս միաբուռն ակցիաները ցույց տվեցին, որ քրեակատարողական հիմնարկները հիմնականում գտնվում են քրեական ենթամշակույթի վերահսկողության տակ, ինչի մասին առավել համառ կերպով բարձրաձայնում է Վարդգես Գասպարին: Եթե օրենքները աշխատեն, եթե դատարաններում արդրադատություն իրականացվի, եթե մեր հարազատները տարիներով չհոգան մեր ապրուստը և այլն, ապա ենթամշակույթը կզիջի իր դիրքերը իրավունքի ու օրենքի գերակայությամբ աշխատող քրեակատարողական համակարգին: 

P.S. Դեռ 2 շաբաթ առաջ, երբ որևէ քամի անգամ չկար, որ նախազգուշացներ այսօրվա ակցիաների մասին, ես, իմանալով, որ «Նուբարաշեն» բանտում նոր պետ է նշանակվել, ինչպես նախորդ պետերին, որոշեցի դիմել` բարձրաձայնելով սննդամթերքի հետ կապված հարցերը, մասնավորապես այն, որ 24-րդ տարին շաքարավազ չեն տրամադրում: Փոխարենը՝ տնտեսական մասի դատապարտյալները մի փոքր անորակ թեյ են պատրաստում, մեջը մի փոքր շաքարավազ լցնում և առջարկում ամեն օր: Գրեթե ոչ մեկը չի վերցնում այդ թեյը: Պատրաստավածը թափում եմ կողուղի, իսկ մնացած՝ պետության կողմից տոննաներով գնված շաքարավազը այսքան տարի ու՞ր է գնում… ի տարբերություն նախորդ պետերի, որ դիմումներս բանի տեղ չէին դնում, իսկ երևույթը շարունակվում էր, ներկայիս պետ արդարադատության փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը կարգադրել է հետաքննիչին զբաղվել այս հարցով: Սա ինձ զարմացրեց և մտածեցի`միգուցե նոր պետի գալով ու ՀՀ դրոշը բանտի առաջ բարձրացնելով, իրոք, կարևոր բան կփոխվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter