HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովը

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է կենտրոնական բանկերի Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովը՝ «Ընդլայնելով դրամավարկային քաղաքականության սահմանները» (Advancing the Frontiers of Monetary Policy) թեմայով։ Այս մասին հաղորդում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը նշել է, որ համաժողովի թեման ինքնին խոսում է դրամավարկային քաղաքականության կառուցակարգերի ձևավորման գործում կենտրոնական բանկերի անցած և անցնելիք երկար ուղու մասին:

«Համաժողովը մի հարթակ է, որտեղ կենտրոնական ու ազգային բանկերի ներկայացուցիչները և ակադեմիական աշխարհը կարող են քննարկել դրամավարկային քաղաքականության արդի հարցերը և դրանց լուծումները: Այդ հարցերը գնալով ավելի բարդանում են: Բարձրանում են նաև կենտրոնական և ազգային բանկերից ակնկալիքները», ասել է նա:

Ըստ հաղորդագրության՝ եռօրյա համաժողովի նպատակն է մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնողներին և ակադեմիական շրջանակներին հնարավորություն ընձեռել քննարկել քաղաքականության մշակման մեջ օգտագործվող մոդելների արդի խնդիրները և զարգացման նոր ուղղությունները։ Համաժողովի հիմնական խոսնակներն են Մորիս Օբստֆելդտը՝ Բերքլիի համալսարանի դասախոս, Դուգլաս Լաքստոնը՝ միջազգային փորձագետ, Թոմաս Հոլուբը՝ Չեխիայի ազգային բանկի խորհրդի անդամ և Ասսաֆ Ռազինը՝ Թել-Ավիվի համալսարանի դասախոս։

Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովին մասնակցում են Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Ավստրիայի, Կանադայի, Իտալիայի, Լատվիայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի, Չեխիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, Չիլիի,  Ուկրաինայի, Վրաստանի, Ֆիլիպինների ազգային և կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք միջազգային հեղինակավոր համալսարանների գիտնականներ և դասախոսներ:

Համաժողովի հիմնական թեմաներն են գնաճի նպատակադրման ռազմավարությունը, «ոչ-ստանդարտ» դրամավարկային քաղաքականությունը, դրամավարկային քաղաքականության իրականացման ընթացքում ֆինանսական ցուցանիշների դերը, ինչպես նաև մակրոքաղաքականության մոդելավորմանն առնչվող այլ արդիական հարցեր:

Սա երկրորդ նման համաժողովն է Հայաստանում: 2016 թ-ի սեպտեմբերին Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվել է «Մակրոտնտեսագիտության արդի խնդիրները» թեմայով մակրոտնտեսական մոդելավորման համաժողովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։