
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի նպատակն է պահպանել անասունների տեղական գորշ ցեղատեսակը
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ/FAO) Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի կառավարությունների խնդրանքով աջակցում է այս երկրներին` մսակաթնային ուղղություն ունեցող խոշոր եղջերավոր անասունների (ԽԵԱ) տեղական գորշ ցեղատեսակների գենետիկ բազմազանության պահպանման և կայուն օգտագործման հարցերում:
Ինչպես տեղեկացնում է ՊԳԿ հայաստանյան գրասենյակը, այսօր Կիևում մեկնարկող երկօրյա աշխատաժողովի ժամանակ կներկայացվի ծրագրի իրականացման ընթացքը, նախագիծ, թե ինչպես պետք է իրականացվի ԽԵԱ-ի բուծումը, ինչպես նաև այդ երկրներում իրականացված ԽԵԱ-ների գենետիկական գնահատման արդյունքները:
Տավարաբուծությունը, որը արժևորվում է մսի և կաթի արտադրության համար, Արևելյան Եվրոպայում հանդիսանում է սննդի կարևոր աղբյուր: Չնայած ինտենսիվ տավարաբուծության վարումը գնալով էլ ավելի արդիական է դառնում և ընդգրկում է զգալի հատված, ծրագրի բոլոր երեք երկրներում տավարաբուծությամբ զբաղվում են գրեթե բացառապես ֆերմերային ընտանեական տնտեսություններ՝ եկամտով ապահովելով բազմաթիվ փոքր տնային տնտեսությունների:
Ըստ հաղորդագրության՝ 90-ականներին Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի անկախացմանը հաջորդած կառուցվածքային փոփոխությունները իրենց խիստ բացասական հետևանքներն ունեցան տեղական գորշ ցեղատեսակների պահպանման և զարգացման վրա՝ հանգեցնելով ցեղատեսակի դեգրադացիայի և արտադրության նվազման: Ներկայումս շատ անասնապահներ պրոֆեսիոնալ անասնաբուծությամբ զբաղվելու համար բավարար ռեսուրսներ կամ գիտելիքներ չունեն:
ՊԳԿ-ի կողմից իրականացվող աջակցման ընթացիկ ծրագիրը մշակվել է ամրապնդելու անասնապահությամբ զբաղվող ընտանիքների կենսապահովման պայմանները՝ համակցված մթերատվությամբ (կաթնամսատու և մսակաթնատու) կենդանիների, ներառյալ կովկասյան գորշ և կարպատական գորշ ցեղատեսակների պահպանման և զարգացման միջոցով: Ծրագիրը շեշտը դնում է տեղական ցեղերի վրա, քանի որ դրանք հարմարված են տարածքի աշխարհագրական և կլիմայական պայմաններին, մասնավորապես լեռնային շրջաններում, և կարող են բավարարել ինչպես մսի, այնպես էլ կաթի ապահովումը:
Չնայած անասունների գլխաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան, բայց ըստ ՊԳԿ-ի՝ ամենայն հավանականությամբ վերջին երեք տարիներին այն աճել է:
Ծրագրի գործողությունները սկսվել են տվյալների հավաքագրմամբ, բացատրում է ՊԳԿ-ի անասնապահության փորձագետ Տիբոր Սուչը. «Մենք տվյալների հավաքագրման համար այցելել ենք ընդհանուր առմամբ 100 ֆերմերային տնեսություններ, ինչպես նաև գենետիկ ռեսուրսների և դրանց արտադրության համակարգերի առկա իրավիճակը գնահատելու համար ուսումնասիրել 300 կով և 20 ցուլ: Հետազոտությունները ներառում էին տավարի պոպուլացիանների ֆենոտիպային և մոլեկուլային գենետիկական բնութագրերը և դրանց արտադրության միջավայրերը»:
Ձեռք բերված արդյունքների հիման վրա կազմվել են բուծման ռազմավարություն և զարգացման ծրագրեր, որոնք վերաբերում են ինչպես ցեղատեսակների պոպուլյացիաների պահպանմանը և գենետիկ զարգացմանը, այնպես էլ հասցեագրում են ցեղատեսակների զարգացման ոչ գենետիկական կողմերը:
Աշխատաժողովի մասնակիցները, այդ թվում՝ արտադրողներ, կառավարության ներկայացուցիչներ և գիտաշխատողներ, միջոցառման երկու օրերի ընթացքում կքննարկեն հիմնական փաստաթղթերը:
Մեկնաբանել