HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Գիտությունն ու տեխնոլոգիաները միավորող գիտաժողով Հայաստանում

Հոկտեմբերի 11-12-ը Հայաստանում տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» գիտաժողովը, որի նպատակն է ստեղծել հնարավոր համագործակցության հիմքեր տեղի հետազոտական խմբերի ու ինչպես արտասահմանյան համալսարանների, այնպես էլ միջազգային ու տեղի ՏՏ ոլորտի և տեխնոլոգիական ընկերությունների միջև։

Գիտաժողովի շրջանակում Հայաստան են գալու հյուրեր, խոսնակներ Սփյուռքից, զեկույցներով են հանդես գալու տեղական գիտական համայնքի ներկայացուցիչները, իսկ հետազոտական խմբերն իրենց տաղավարներում ներկայացնելու են կատարվող աշխատանքները։ Հիմնական նպատակը շոշափելի ու հստակ արդյունք ունենալն է։ Օրինակ՝ տեղի հետազոտական խումբը արտասահմանյան որևէ համալսարանի գիտական ղեկավարի հետ հետազոտական աշխատանք կկատարի տեղի տեխնոլոգիական ձեռնարկությունների համար։ Հեռանկարը կապ հաստատելն է միջազգային և տեղական գիտական հետազոտական խմբերի միջև՝ Հայաստանի և օտարերկրացի գիտնականների միջև կկայանան փոխայցելություններ, որոնց արդյունքում Հայաստանը կդառնա գիտնականների տնտեսական հետաքրքրությունների կենտրոն։

Գիտաժողովն իրականացնում են Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտն ու Catalyst հիմնադրամը՝ SmartGateVC-ի նախաձեռնությունը` Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի (EU-SMEDA) աջակցությամբ։ 

SmartGateVC-ի համահիմնադիր Աշոտ Արզումանյանի խոսքով՝ կարևորը Հայաստանում գիտություն ունենալն է։ «Մեզ մոտ կա լուրջ ինդուստրիա, որը ձևավորվել է Խորհրդային միության գիտության հիմքի վրա, բայց վերջին 30 տարում մեր գիտությունը գնալով քայքայվել է ֆինանսավորման բացակայության պատճառով։ Իրականում մեր վաղվա ինդուստրիան կարող է վտանգված լինել միայն այն պատճառով, որ այսօր գիտությունը նույն տեմպով չի զարգանում, չի հասցնում։ Պետք է վերականգնենք գիտությունը, որ հայաստանյան մեծ ընկերություններն իրենց լաբորատորիաներն այս պահին օբյեկտիվ պատճառներով այլ երկրներում չբացեն։ Դրա համար պետք է համագործակցության հիմքեր ստեղծել, ֆինանսավորման հարցը լուծել, սխեմաներ մշակել»,- ասում է Աշոտը։ Գիտաժողովի շրջանակում Հայաստան են հրավիրել այն մարդկանց, որոնց կարիքն իրոք կա։ Նպատակն այն չէ, որ հյուրերը գան, խոսեն իրենց ունեցած լավ հնարավորությունների մասին ու հեռանան։ Ընտրել են մարդկանց, ովքեր կարող են ղեկավարել գիտական աշխատանքներ, պատրաստ են ուղղություն ցույց տալ ու համագործակցել։

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝ մեքենայական ուսուցում, քվանտային հաշվարկներ, հաշվողական կենսաբանություն, Էլեկտրոնային դիզայնի ավտոմատացում, համակարգչային տեսունակություն, ռոբոտաշինություն ու իրերի համացանց։

Կազմակերպիչները հանդիպում են ունեցել համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների հետ ու քննարկել ֆինանսավորման հնարավոր միջոցներ տրամադրելու, Սփյուռքի գիտնականների համար Հայաստանում աշխատանքային պայմաններ ստեղծելու և Հայաստանում գիտությունը զարգացնելու հարցերը։ 

Որպես կազմակերպիչ կողմ՝ SmartGateVC-ին փորձում է գիտաժողովում ակտիվ ներգրավել նաև ուսանողներին։ Նրանց կարծիքով՝ ուսանողների մեծ մասը չի ընտրում գիտությունը՝ ապագայում ֆինանսական խնդիրներից խուսափելու համար, հատկապես, որ հիմա առաջին կամ երկրորդ կուրսից կարող է զբաղվել ծրագրավորմամբ ու շատ ավելի գումար ստանալ։ YerevanNN-ը Հայաստանի գիտական խմբի ու արտասահմանյան առաջատար համալսարանի փոխհամագործակցության շատ լավ օրինակ է։ Նկատի ունենալով այդ օրինակը՝ փորձում են նպաստել, որ համալսարաններին կից, զուգահեռ, համալսարաններից անկախ տարբեր ձևաչափերով հետազոտական խմբեր ձևավորվեն։ Ուսանողների մեծ մասն առանց հիմնավոր գիտելիքի անցնում է ծրագրավորման։ Նրանց խոսքով՝ համալսարանի դերը հիմնավոր գիտելիք տալն է։ Ծրագրավորման համար կան համապատասխան կենտրոններ։ Բայց որպեսզի ուսանողները հետաքրքրվեն գիտությամբ, պետք է լինեն հետաքրքիր նախագծեր, հետազոտական աշխատանքներ, որոնց մեջ կուզենան ներգրավվել։

Այս բացը լրացնելն էլ Hero House AI Incubation ծրագիրի ներդրման պատճառներից մեկն է։ Վերջինիս շրջանակում մեծ տվյալներ ունեցող ընկերություններն ու հետազոտական խմբերի ուսանողները համագործակցում են ու միասին աշխատում։ Նախագիծը սկսել են այս ամառ, շուտով կամփոփեն արդյունքները։ Ուսանողներն այս դեպքում հնարավորություն ունեն աշխատել գիտական հետաքրքիր նախագծերում ու նախքան ասպիրանտուրա ընդունվելն, ունենալ հստակ հիմք ու փորձ։

Գիտաժողովի կազմակերպիչների կարծիքով՝ նոր սերնդի հետաքրքրությունը գիտության նկատմամբ կօգնի ավելի կայուն ու որակով ՏՏ ոլորտ ձևավորել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter