Առողջապահության նախարարություն. «Հունվարից ջրծաղիկով հիվանդացությանն աստիճանաբար նվազում է»
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ներկայում հանրապետությունում ջրծաղկի համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Հիվանդացության մակարդակը 2011 թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է:
Հանրապետության ողջ տարածքում շարունակվում է ջրծաղկի հիվանդացության շաբաթական մոնիտորինգի իրականացումը: Դրա արդյունքները վկայում են, որ 2012 թ. հունվարից դիտվում է ջրծաղիկով հիվանդացության աստիճանաբար նվազում:
Ինչ վերաբերում է մանկական կազմակերպություններում ջրծաղկով հիվանդացությանը, ապա բռնկումներ չեն արձանագրվել, արձանագրվում են հատուկենտ դեպքեր: Դրանց տեղայնացման և վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:
Ջրծաղիկը սուր վարակիչ, վիրուսային ծագման, օդակաթիլային եղանակով փոխանցվող հիվանդություն է: Այն օժտված է բարձր վարակելիությամբ և տարածված է ամենուր: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը հիվանդանում է ջրծաղիկով մինչև 15 տարեկանը, որոնցից առնվազն 95%-ը՝ մանկական տարիքում:
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում, որի հետևանքով, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 10-21 օր է:
Հիվանդությունը հիմնականում ընթանում է թեթև, հատկապես մանկական տարիքում, մեծահասակների մոտ այն ընթանում է ավելի ծանր:
Սկզբում դիտվում է 1 օր տևողությամբ ընդհանուր նախանշանների շրջան, որն արտահայտվում է թուլությամբ, գլխացավով, ախորժակի կորստով, ոչ շատ բարձր ջերմությամբ, ապա սկսվում է ցանավորման շրջանը՝ ջերմության բարձրացում, բշտիկավոր ցան ամբողջ մարմնի շրջանում:
Հիվանդը վարակիչ է մինչև վերջին կեղևի ընկնելը: Կեղևները թափվում են 6-8-րդ օրը, որից հետո մնում է սպի: Կարող են լինել նաև ոչ բնորոշ ախտանշաններով՝ անցան ձևեր:
Ջրծաղիկը բարորակ հիվանդություն է, սակայն շատ փոքր տոկոս դեպքերում իմուն համակարգի հետ խնդիրներ ունեցող հիվանդների մոտ կարող են զարգանալ բարդություններ՝ երկրորդային վարակի միանալու հետևանքով մաշկային բորբոքումներ, հազվադեպ՝ ջրծաղկային թոքաբորբ, նյարդաբանական խանգարումներ և այլն: Ծանր է ընթանում նաև բնածին ջրծաղիկը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել