HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը նախկին պաշտոնյաներից վերցրեց Դիլիջանում գտնվող հանգստյան տունը

Կառավարությունն այսօր որոշեց նախկին պաշտոնյաներից վերցնել Դիլիջանում գտնվող հանգստյան տունը։

Գործադիրի որոշմամբ «Ֆորեստ պարկ» ընկերության հետ լուծվեց 2013 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը։

Նշենք, որ 2013 թվականի օգոստոսի 29-ին Կառավարությունը որոշել է 50 տարի ժամկետով Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի Դիլիջանում գտնվող հանգստյան տունը վարձակալությամբ տրամադրել՝ ամսական 270 հազար դրամով:

Վարձակալության պայմանագիրը լուծելու խնդրանքով Պետգույքի կառավարման կոմիտե դիմել է «Ֆորեստ պարկ»-ը։ Վերջինս հայտնել է, որ ընկերության կողմից նախատեսված կրթական, գիտական, առողջապահական, սոցիալական, ուսանողական ծրագրերի իրականացումը ենթադրում էր լրացուցիչ խոշոր ներդրումներ՝ կապված շենքային պայմանների բարելավման հետ։

Վարձակալության այս պայմանագրին և գործարքին «Հետք»-ն անդրադարձել էր դեռևս նախորդ տարվա հունիսին։

Ընթերցողներին տեղեկացրել էինք, որ չնայած հանգստյան տունը ընկերությանը տրամադրվել էր տուրիզմի զարգացման նպատակով, սակայն այն չէր գործում: Այնինչ վարձակալության տրամադրման որոշման մեջ որպես հիմնավորում նշվել էր, որ այդ շենք-շինություններն օգտագործելու են զբոսաշրջության զարգացման նպատակով` հատուկ և արտոնյալ պայմաններով կազմակերպելով նաև համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների հանգիստը:

Նշենք, որ «Ֆորեստ պարկ»-ը հիմնադրվել է 2013 թվականի հունիսի 14-ին՝ Կառավարության ընդունած որոշումից մոտ երկու ամիս առաջ:

Ընկերությունը փոխկապակցված է նախկին պաշտոնյաների հետ: Դրա 100 տոկոս բաժնեմասը կիսում են չորս սեփականատերեր: Ընկերության 25 տոկոս բաժնեմասը պատկանում է ԿԳՄՍ նախարարության տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Արթուր Ավագյանին, մյուս 25 տոկոսի բաժնետերը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Ռաֆիկ Մարությանն է: Նա ՍԱՊԾ-ում (այժմ՝ ՍԱՏՄ, հեղ.) աշխատել է 2013 թվականին: «Ֆորեստ պարկ»-ի մյուս՝ 25 տոկոս բաժնեմասը, Արամ Բարսեղյանին է, ում փոխկապակցված է նաև Սևանում գործող «Ծովասար» հանգստի գոտին, իսկ 25 տոկոս բաժնեմասը պատկանում է Երեւանի Սիլիկյան թաղամասում գրանցված Հրայր Մանուկյանին։ Վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն այդպես էլ չկարողացանք գտնել:

Ընկերության տնօրենը Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության նախկին պետ Լեւոն Վանցյանն է:

Ընկերության հետ վարձակալության պայմանագիր կնքելու համար Բժշկական համալսարանից վերցվել էր Դիլիջանի Մյասնիկյան 4 հասցեում գտնվող շենք-շինությունները և փոխանցվել ընկերությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter