HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խղճի ազատությունն ու քարոզի իրավունքը. որտե՞ղ են սահմանները

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հոդված է հրապարակել խղճի ազատության և քարոզի իրավունքի առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

Արդյոք պե՞տք է թույլ տալ կրոնական կազմակերպություններին քարոզչություն իրականացնել հեռուստատեսության կամ ռադիոյի եթերում։ Եթե այո՝ ապա ինչպե՞ս է դա կարգավորվում։ Եթե ոչ՝ ապա ի՞նչ հիմքով։ Ժամանակ առ ժամանակ հնչեցվող այս հարցադրումների հերթական առիթ դարձավ Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության մի բիզնես նախագիծ, որով հեռարձակվում է Ավետարանչական եկեղեցու «Հայտնություն» հաղորդաշարը։ Հաղորդումներից մեկում հնչել էին արտահայտություններ, որոնք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որակել էր որպես կրոնական անհանդուրժողականության ու խտրականության կոչեր և տուգանք նշանակել՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով։ Այս ամենը լուսաբանվեց մամուլում, ընդ որում՝ կարծիքները հակասական էին. քարոզն առհասարակ արգելելու անհրաժեշտությունից մինչև այդ գործունեության առևտրայնացում։ Ուստի փորձենք հստակեցնել մի քանի հարց։

Նախ՝ քարոզը որպես այդպիսին ժողովրդավարական հասարակությունում չի կարող արգելվել. դա կոտնահարի մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ խոսքի ազատությունը։ Կրոնական քարոզի արգելքն էլ կսահմանափակի մեկ այլ հիմնարար իրավունք՝ խղճի ազատությունը։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կարևորագույն փաստաթղթերով։ Հետևաբար, այդպիսի արգելքների մասին խոսք անգամ լինել չի կարող։

Սակայն խղճի ազատություն ասելով՝ շատերը հասկանում են միայն Հայ առաքելական եկեղեցուն դավանելու ազատությունը, և հաճախ միայն Հայ առաքելական եկեղեցու քարոզչությունն է թույլատրելի համարվում, իսկ մյուս կրոնական կազմակերպություններինը՝ ոչ։ Մինչդեռ՝ դա սովորական խտրականություն է։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հիշեցնում է, որ մեզանում քարոզ իրականացվում է հիմնականում Հայ առաքելական եկեղեցու կողմից։ Ըստ նրա՝ այստեղից բնական հարց է առաջանում, թե ինչու մյուս կրոնական կազմակերպությունները չպետք է ունենան այդպիսի հնարավորություն։ «Կրոնի ազատության հարցում հավասար իրավունքներ պետք է լինեն, այսինքն՝ այստեղ խնդիրներ կան, ես կուզեի, որ  հեռուստաընկերություններում քննարկումներ լինեին կրոնի շուրջ, նույնիսկ տարբեր կրոնների հետևորդներ քննարկեին, բանավիճեին, թե մեկը մյուսից ինչով է տարբերվում, բայց սա այլ խնդիր է, կրոնական քարոզչությունը՝ այլ։ Ես դեմ կլինեի, որ աշխարհիկ պետության մեջ կրոնական քարոզչություն լիներ հեռուստաընկերություններում, բայց եթե մի կողմը կա, մյուս կողմն էլ պետք է ունենա հնարավորություն», - ասում է Ավետիք Իշխանյանը։ Ավելին՝ նրա համար հասկանալի չէ, թե ինչու պետք է Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես կրոնական ուղղվածությամբ ալիք ունենա՝ «Շողակաթը»։

Խնդիրն ունի մեկ այլ, շատ ավելի կարևոր կողմ՝ ինչ բովանդակություն ունի քարոզը։ Կարծում ենք, «Ցայգ» հեռուստաընկերությամբ հեռարձակված հաղորդումն այսքան աղմուկ և նույնիսկ պատասխանատվության միջոցի կիրառում չէր առաջացնի, եթե Ավետարանչական եկեղեցու քարոզիչն իր խոսքում կրոնական անհանդուրժողականության ու խտրականության դրսևորումներ թույլ չտար։ Իսկ սա որպես օրենսդրությամբ արգելված արարք պետք է բացառեն նախ իրենք՝ ցանկացած կրոնի սպասավորները, և իհարկե յուրաքանչյուր ոք, որը հրապարակային ելույթ է ունենում։

Մինչդեռ, ցավոք, քիչ չեն դեպքերը, երբ հենց տարբեր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներն են իրենց խոսքում հատում թույլատրելի սահմանները։ «Հաճախ ենք լսում քարոզչություն նույն Հայ առաքելական եկեղեցու սպասավորների կողմից, որտեղ ոչ միայն այլ կրոնական կազմակերպությունների հանդեպ է լինում խտրական վերաբերմունք, նույնիսկ վիրավորանք՝ նրանց կոչելով աղանդավորներ, այլև շատ այլ հարցերի՝ ընտանեկան բռնության, Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված հաճախ հնչում են վիրավորական և խտրական վերաբերմունքի կոչեր։ Սա ինչպե՞ս պետք է վերահսկվի»,- հարցադրումները շարունակում է Ավետիք Իշխանյանը։

Անշուշտ, եթե խոսքը հեռուստաեթերում տարվող քարոզի մասին է, ապա այս ոլորտում վերահսկողը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն է։ Որոշակի դեպքերում գործը կարող է հասնել անգամ դատարան։ Բայց բարդություններից խուսափելու համար նախևառաջ ինքը՝ հեռուստաընկերությունը, պետք է հետևի, որ իր կողմից հեռարձակվող նյութերը համապատասխանեն օրենսդրությանը։ Զերծ մնալով վերոնշյալ դեպքի մեկնաբանումից՝ Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշում է. «Հեռուստաընկերությունները պարտավոր են առաջնորդվել իրենց լիցենզիայի պայմաններով և գործող օրենսդրությամբ: Եթե խախտում են դրանք, ՀՌՀ-ն կարող է վարչական պատասխանատվության ենթարկել՝ էլի ըստ օրենքի, եթե համաձայն չեն, կարող են դիմել դատարան, վիճարկել: Եթե չեն խախտել այդ պայմանները՝ ինչ ուզեն կհեռարձակեն»:

Այդուհանդերձ, եթե անդրադառնանք «Ցայգի» եթերում հեռարձակած հաղորդմանը, ապա հեռուստաընկերության այն փաստարկը, թե դա զուտ բիզնես գործարք է՝ վճարի դիմաց եթերաժամանակ է տրամադրվել, մեղմ ասած՝ համոզիչ չէ։ Հեռուստաընկերությունն ուղղակի իրավունք չունի պատվիրատուին ասել՝ փողս տուր ու ինչ ուզում ես՝ եթեր հեռարձակիր, թեկուզ՝ օրենքով արգելված։

Հասմիկ Բուդաղյան, ԽԱՊԿ փորձագետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։