HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարություն բնապահպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության վերաբերյալ

2011թ. նոյեմբերի 25-ին ՀՀ վարչապետի կողմից ընդունվել է N 1122-Ա որոշումը «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին»: Որոշումն ընդունվել է Օրհուսի կոնվենցիայից բխող' Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր մշակելու, այդ պարտավորությունների իրականացման համար անհրաժեշտ գործողությունները համակարգելու նպատակով:

2012 թվականի փետրվարի 14-ին բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ Օրհուսի կոնվենցիայից բխող, Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ գործողությունների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:

2012 թվականի փետրվարի 14-ին բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, թե իբր' «Ի կատարումն այդ որոշման՝ Ազգային ժողովը փետրվարին ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն անցել է հասարակական, նաև խորհրդարանական լսումներ»:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում հանդես գալ հայտարարությամբ, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Իրականում, վերը նշված օրենքի նախագիծը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածին համապատասխան հասարակական լսումներ չի անցել, Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվել եւ ԱԺ-ի կողմից ընդունվել է անօրինական ընթացակարգով:

Այդ օրենքի ընդունման դեմ թե 2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, եւ թե այս օրերին շահագրգիռ հասարակությունը հիմնավորված կերպով դեմ է արտահայտվել: Նույն օրը' փետրվարի 14-ին, մեծ թվով ՀԿ-ներ եւ անհատներ դիմում են ներկայացրել ՀՀ նախագահին' պահանջելով օրենքը վերադարձնել ԱԺ' նոր քննություն իրականացնելու համար:

Բացի այն, որ նշված օրենքը ընդունվել է անօրինական ընթացակարգով, օրենքում տեղ գտած դրույթները չեն համապատասխանում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի ներկայացրեծ պահանջներին, ինչի մասին մանրամասն նշված է նախագահին ուղղված պահանջում:

Հանձնաժողովի նիստի ընթացքում, ներկայացնելով Օրհուսի կոմիտեի պահանջների կատարմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը նշեց, որ այդ պահանջի կատարման համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով' հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

Հարկ է նշել, սակայն, որ հանձնաժողովի ստեղծումն ինքնին չի կարող դիտվել որպես Օրհուսի կոմիտեի պահանջների կատարմանն ուղղված միջոցառում: Կոմիտեի որոշման համաձայն, Հայաստանի կառավարությունը պետք է մինչեւ 2012թ. ապրիլի 1-ը իրական քայլեր ձեռնարկի ներկայացված պահանջները կատարելու ուղղությամբ, սակայն հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է միայն նույն ամսվա փետրվարի 14-ին:

Սա վկայում է այն մասին, որ պատկան մարմինները իրականում նպատակ չեն հետապնդում ապահովել Կոմիտեի պահանջների կենսագործումը, այլ ընդամենը տարվող աշխատանքի իմիտացիա են ստեղծում' հերթական անգամ ժամանակ շահելու համար:

Վերոգրյալի մասին է վկայում նաեւ Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Աիդա Իսկոյանի եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի այն ապակառուցողական մոտեցումները, թե իբր Հայաստանը չի խախտել Օրհուսի կոնվենցիան:

Հակառակ այդ պնդմանը, հարկ ենք համարում մեջբերել Կոմիտեի որոշման եզրափակիչ մասը' «Ի գիտություն ընդունելով III/6b որոշման իրագործման ուղղությամբ Մասնակից պետության կողմից շարունակաբար գործադրվող ջանքերը, Կոմիտեն գտնում է, որ Հայաստանի օրենսդրության և պրակտիկայի մեջ դեռևս առկա են թերություններ, եւ դրանց պատճառով Մասնակից պետությունը սույն գործով ձախողել է կատարել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը (56-րդ պարբերություն), ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերի պահանջները (համապատասխանաբար 70-րդ, 777-րդ և 799-րդ պարբերություններ)»:

Հուսով ենք, որ բնապահպանության նախարարը եւ աշխատակիցները հետայսու կդրսեւորեն կառուցողական մոտեցում, եւ հանձնաժողովի գործունեությունը միտված կլինի սեղմ ժամկետներում Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված իրական եւ արդյունավետ քայլեր ձեռնարկելուն:

Հակառակ դեպքում հանձնաժողովի գործունեությունը դառնում է անիմաստ, իսկ մեր մասնակցությունը ընդամենը լեգիտիմացնելու է բնապահպանության նախարարություն անհամարժեք գործողությունները: Ելնելով հանձնաժողովի աշխատանքային տրամադրվածությունից եւ մոտիվացիաներից' մենք որոշում կկայացնենք այդ հանձնաժողովում մեր մասնակցության հարցի վերաբերյալ:

«Թրանսփարենսի ինթերնեշընըլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ նախագահ' Սոնա Այվազյան

«Էկոդար» ՀԿ իրավաբան' Արթուր Գրիգորյան

15.02.2012թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter