HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազ. «Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը»

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն, ինչպես նշել ենք, միջնորդել են նրան ազատ արձակել Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշման հիմքով:

Պաշտպաններից Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը, սեպտեմբերի 4–ին քննության առնելով Ռոբերտ Քոչարյանի դիմումը, եկել է եզրահանգման, որ Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելը ճանաչվել է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:

Արամ Օրբելյանի խոսքով՝ օրենքի այս բացը հանգեցրել է իրավունքի խախտման, և քանի դեռ վերացված չէ օրենսդրական բացը, Ռոբերտ Քոչարյանը, որը սահմանադրորեն օժտված է գործառութային անձեռմխելիությամբ, պետք է անհապաղ ազատ արձակվի։

«Խնդրում և միջնորդում ենք՝ պարոն Քոչարյանին անհապաղ ազատ արձակել և նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չկիրառել»,- ասաց Օրբելյանը:

ՍԴ որոշմանն անդրադառնալով՝ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս կարելի է որոշել՝ պաշտոնաթող նախագահը գործառութային անձեռնմխելության շրջանակում է գործել, թե ոչ։

Վարդևանյանի խոսքով՝ օրենքի բացը դատարանները տարաբնույթ կերպ են մեկնաբանել և դատարանները փաստացի չեն կարողացել հաղթահարել օրենսդրական բացը:

Ըստ Արամ Վարդևանյանի՝ տվյալ իրավիճակում օրենքի բացը հանգեցրել է անձի իրավունքի խախտման:

Գործով մյուս ամբաստանյալների պատշպանները՝ Էրիկ Ալեքսանյանը, Միհրան Պողոսյանը և Կարեն Մեժլումյանը միացան Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությանը:

Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիրքորոշում հայտնեց, որ Սահմանադրական դատարանի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։ Բաղդասարյանը հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության հարցը քննարկման առարկա չի դարձրել:

Ըստ մեղադրողի՝ ՍԴ որոշման տրամաբանությունն այն է, որ պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է գնահատվի և լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից, քանի որ դրա համար առանձին ընթացակարգ չի սահմանվում:

«Այս գործով քննիչները, դատախազները, դատարանները բազմիցս անդրադարձել են պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության հարցին և դրան տվել համապատասխան գնահատական. պաշտոնաթող նախագահին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից։ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այսինքն՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես նախագահի կարգավիճակից բխող, հետևաբար ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր առկա չեն»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ Քոչարյանի դիմումի հիման վրա սեպտեմբերի 4-ին կայացված ՍԴ որոշումը չի հանդիսանում անկախ և անկողմնակալ դատարանի կայացրած դատական ակտ և չի կարող գործադրվել։

Նա նշեց, որ գործի քննության ընթացքում ՍԴ-ն անտեսել է այն հանգամանքը, որ ՍԴ անդամներ Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը և Հրանտ Նազարյանը չեն կարող մասնակցել դիմումի քննությանը, քանի որ նրանք այս կամ այն կերպ առնչվել են 2008թ. մարտի դեպքերի վերաբերյալ որոշումների ընդունմանը և չեն կարող անաչառ լինել Քոչարյանի անձեռնմխելիության հարցի վերաբերյալ դիմումի քննության ժամանակ:

Լուսանկարում՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter