HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Եթե մի ընտանիքում խժդժություններ են լինում, մեղավորն ընտանիքի մեծն է». Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռոբերտ Քոչարյանին

«Իմ որդին 18 տարեկան էր, ծառայում էր ոստիկանության ներքին զորքերում: Ընդամենը 7 ամիս էր, որ գնացել էր բանակ: Իր ջոկատը գտնվել է Լեոյի փողոցի վրա, որտեղ ոչ մի ցուցարար չի եղել: Հայաստանի Հանրապետության սահմանադրության առաջին կետերից մեկն այն է, որ ՀՀ քաղաքացին կյանքի իրավունք ունի: Ոչ մեկը ՀՀ քաղաքացուն կյանքից զրկելու իրավունք չունի»,- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում այս խոսքերով սկսեց իր ելույթը 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ սպանված Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը:

Վերջինս հիշեցրեց, որ այժմ դատարանում ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան նախագահի կարգավիճակում հեռուստացույցով ելույթ է ունեցել ու ասել, թե «մեր կողմից էլ զոհեր կան»։

«Իմ որդին դեռ կենդանի էր, կանգնած էր Լեո փողոցի վրա։ Ինչո՞ւ սպանվեց իմ որդին, որպեսզի ասեն՝ երկու կողմից էլ զոհե՞ր կան։ Իմ որդին զինվոր էր, 18 տարեկան։ Ո՞վ սպանեց իմ զինվորին»,-  ասաց Ռուզաննա Հարությունյանը՝ նշելով, թե Սամվել Նիկոյանը, որը, հիշեցնենք, եղել է 2008 թվականի մարտի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահը, իրենց փորձել է հավաստիացնել, թե որդին պատահական գնդակից է մահացել:

«Սնայպերը ո՞նց կարա պատահական կրակի։ Հետո ասում են՝ պարոն Քոչարյանը չի իմացել ոչ մի բան։ Մի ընտանիքում եթե խժդժություններ են լինում, մեղավորն ընտանիքի մեծն է։ Էդ ժամանակ Դուք էիք Հանրապետության ղեկավարը»,- դիմելով Ռոբերտ Քոչարյանին՝ ասաց սպնաված զինվորի մայրը:

Նա պատմեց, որ որդին 40 օր անգիտակից վիճակում պառկած է եղել հիվանդանոցում, և  այդ ընթացքում պետական ապարատից որևէ մեկը չի գնացել նրան տեսության:

«Մեկը չեղա՞վ, որ գար, տեսներ այդ զինվորը մահացե՞լ է, թե՞ ողջ է: Գոնե երկու հոգու ձևի համար դատեին, որպեսզի մենք էլ հանգստանայինք: 11 տարի է՝ ես չեմ կարողանում պարզել՝ ով խփեց իմ որդուն»,- ասաց Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ որդին հիվանդանոցում է եղել, երբ այնտեղ է այցելել Սեյրան Օհանյանը:

«Ես էլ զարմացա, ասեցի՝ երևի եկել է որդուս տեսության, բանից պարզվեց՝ իր հայրն էլ է հիվանդանոցում։ Մոտեցա իրեն, ասեցի՝ եկել եք որդուս տեսությա՞ն, ձեր զինվորին, նա նույնիսկ չբարեհաճեց մտնել սենյակ, տեսնել՝ էդ ի՞նչ զինվոր ա, որ պառկած ա էդտեղ»,- հիշեց Ռուզաննա  Հարությունյանը:

Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը չհիշեց Տիգրան Աբգարյանի մոր հետ հանդիպման դրվագը:

Դատարանում խոսեց նաև մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

«Մեղադրյա՛լ Քոչարյան, դու ասել ես՝ ես տղամարդ եմ, իհարկե, տղամարդ ես, տղամարդկություն ունեցիր և քո խստագույն պատիժը կրիր»,- դիմելով Քոչարյանին՝ ասաց Սարգիս Քլոյանը:

Նա նշեց, որ ինքը եղել է  2008 թվականի ցույցերի մասնակից ու ամեն ինչ իր աչքով է տեսել:

«Չեք պատկերացնի՝ վերևից կրակած փամփուշտները, դիպուկահարները, չերյոմուխաները, հատուկ միջոցները կիրառել են ժողովրդի դեմ։ Այդ ժամանակ ասում էին՝ ցուցարարները կրակում են զինվորների վրա»,- հիշեց Քլոյանը:

Վերջինս ևս Քոչարյանին մեղադրեց իրենց երեխաների սպանության համար գոնե երկու «պրապորշիկի» չդատելու համար:

Պատասխանելով տուժողների հարազատների ելույթներին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ինքը պաշտոնավարել է մինչև 2008 թվականի մարտի 9-ը, և այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունները բացահայտելն իր լիզարությունը չի եղել: Նա հերքեց նաև հանգամանքը, թե  ելույթ է ունեցել ու ասել՝ մեր կողմից էլ զոհեր կան: Քոչարյանի խոսքով՝ գործում ևս նման հանգամանք չկա:

Քոչարյանի խոսքով՝ սպանված զինվորի մայրը լավ չի տիրապետում գործի նյութերին: Նա հայտնեց, որ կարող է փաստաբաններին խնդրել Լեոյի փողոցում կատարված իրադարձությունների վերաբերյալ փաթեթ պատրաստել և այն տրամադրել Հարությունյանին, եթե վերջինս կհամաձայնի:

Հիշեցնենք, որ Քոչարյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ նրա խափանման միջոցի գործով որոշում կայացնելու: Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 17-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter