HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում կանխվել է Իրանից 4,2 կգ քաշով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերի կազմակերպած օպերատիվ միջոցառումների արդյունքում, հայ-իրանական սահմանի տեղամասում կանխվել է Արցախի Հանրապետության տարածքում Իրանի Իսլամական Հանրապետությունից (ԻԻՀ) 4,2 կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք։ Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի 2 քաղաքացի ավտոմեքենայով` առանց համապատասխան անցագրի, մուտք են գործել Արցախի Հանրապետության տարածքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի (ՍԶ) վերահսկողության տակ գտնվող հայ-իրանական սահմանի տեղամաս, սակայն նկատելով ՍԶ սահմանապահներին` դիմել են փախուստի: Իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում վերջիններս հայտնաբերվել և պարզաբանումների նպատակով ուղեկցվել են մոտակա սահմանապահ ուղեկալի տարածք:

Հաղորդագրության համաձայն՝ արդյունքում, նշյալ ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթավորմամբ 0,6 կգ քաշով բյուրեղանման նյութ, իսկ ավտոմեքենայի շարժման հետագծին հարող տեղանքում` պոլիէթիլենային փաթեթավորմամբ 1,6 կգ քաշով նույնպիսի զանգված և 2 կգ քաշով մուգ շագանակագույն մածուցիկ նյութ: Վերոնշյալ անձինք հայտնել են, որ բյուրեղանման նյութը «մետամֆետամին», իսկ շագանակագույնը` «ափիոն» տեսակի թմրամիջոցներ են, որոնք պետք է տեղափոխեին Երևան քաղաք: 

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կողմից հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և այն օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին՝ նախաքննություն կատարելու նպատակով: Նշված անձանց առաջադրված է մեղադրանք և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter