HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեղուտ. պայթեցումները շարունակվում են

Թեղուտում ավելի քան 1,5 ամիս է՝ սկսվել են հանքի մակաբացման աշխատանքները՝ պայթեցումները: Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանն ասում է, թե հանքում կատարվող պայթացումների ցնցումները ներկայումս գյուղում կամ չեն զգացվում, կամ էլ զգացվում են, բայց շատ թույլ: 

«Մի անգամ մի քիչ ուժեղ պայթեցում է եղել, որը համայնքի բնակիչները զգացել են. դե, ցնցում է եղել: Պոչամբարի տարածքի դամբի մոտ է կատարվել այդ պայթեցումը` մի 15-20 օր առաջ: Ճիշտն ասած՝ մենք այդ պայթեցման ղեկավարին` Գեղամ Շախկյանին, կանչել ենք գյուղապետարան՝ ուժեղ պայթեցման պատճառներն իմանալու համար»,- ասաց գյուղապետը: 

Վերջինս պարզել է, որ պայթեցման ուժգնության պատճառը կապված է եղել ինչ-որ գրունտի, կամ էլ լիցքի քանակի հետ. «Դրանից հետո լիցքի քանակը կիսվել է: Հիմա պայթեցումները նորմալ են ընթանում: Առայժմ բնակչությունը չի դժգոհում»:

Հարություն Մելիքսեթյանը նաև տեղեկացրեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն ծրագրավորել է օրերը տաքանալուն պես հանձնաժողով ստեղծել գյուղի բոլոր բնակարանների տեխնիկական վիճակն ուսումնասիրելու համար. «Լուսանկարներով մասնագիտական եզրակացություններ են կազմվելու Թեղուտի բնակելի տների վիճակի մասին, որ հետո, եթե որևէ մեկի տանը խնդիր առաջանա, բնականաբար, ընկերությունը փոխհատուցի վնասը»: 

«Հետքը» պայթեցումների վերաբերյալ զրուցեց նաեւ Թեղուտի բնակիչների հետ:

«Գյուղում շատ ուժեղ պայթեցում է եղել: Միշտ պայթեցումներ են լինում, բայց էդ մի անգամ շատ ուժեղ էր: Հունվար ամսի վերջերին էր, 4 բալին հավասար ցնցում էր,- ասաց թեղուտեցի Վարդգես Սարգսյանը եւ հավելեց,- ժողովրդի վախը հերիք էր, էլի»:

Թեղուտեցի Սեդա Մելքոնյանն էլ հայտնեց, որ այդ պայթեցման հետևանքով փլվել է իր անասնագոմը: Իսկ Սեդա Մելքոնյանի բնակարանի պատերին ճաքեր են առաջացել: 

Երբ Սեդան փորձում էր պայթեցումներից բողոքել, երիտասդ մի կին սաստեց նրան. «Մեր գոմը մինչև պայթեցումն է փլվել»,- ասաց նա:   

Գյուղապետարանի հարևանությամբ գտնվող Գևորգի խանութի առաստաղը  նույնպես ցուցումից փլվել է:

«Եսիմ, կվերագանգնե՞ն,- հարցրեց Գևորգը եւ իմիջայլոց հավելեց,- իմ խանութին 2 մլն դրամ պարտք ունի ժողովուրդը, աշխատավարձը ստանում են, բերում են պարտքերը փակում, նորից սկսում են պարտք անել»:

Թեղուտի հանքի պայթեցումների ցնցումները զգում են նաեւ շնողնեցիները: Գյուղացիներից Լարիսա Ալիխանյանը ասաց. «Պայթեցումները զգում ենք: Ուրիշ բան չլինի, պայթեցումների աղմուկը հերիք է: Ամեն ինչը մեր վրա ազդում է»: Լարիսա Ալիխանյանը հիվանդ է գլխուղեղի ուռուցքով և ամիսներ առաջ է վիրահատվել. «Մենք չեն ցանկանում մեր բնությունը վերացնեն, որովհետև, եթե բնությունը վերանում է, մարդիկ էլ են վերանում: Ապրում ենք թթվածնով, եթե բնություն չկա, մարդը  ոչ մի բանի պետք չի»:   

Շնողնեցի Վալոդ Մելիքսեթյանն անդրադարձավ իրենց գյուղի խմելու ջրի խնդրին: «Ջուր չունենք խմելու, մենք Շնողնա գետիցը խմելու հմար կժերով ջուր ենք բերել, հմի ըհենց սև ա, որ սկի ուզում չես ոտդ կամ ձեռդ լվանաս: Էդ գետը հմի ցեխ ա տանում: Բայց հմի սօրվա դրությամբ էդ ջուրը պիտանի չի, որ օգտագործես,- ասաց նա եւ բարձրաձայնեց Թեղուտի խնդիրը,- այ տա, էլ անտառ չկա, անտառը վերացել ա, ստիան երևում ա, էլի»:  

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԱՀԱՎՈՐ է: Տխուր, անհասկանալի,անհավատալի ու անապագա: Էկոլոգիական ՍՊԱՆԴ: 1908-1915 = Երիտ-թուրքեր: 2008-2012 = ԵՐԻՏ-ՀԱՅԵՐ: Հայաստանի անտառներում քանի ԴԵՐ-ԶՈՐ կա արդեն?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter