HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Իրանից Հայաստան 0.5 կգ մեթամֆետամին տեղափոխելու գործը դատարանում է․ ամբաստանյալներից մեկն ինքնասպան է եղել

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի 64-ամյա Ջաֆար Մարեֆաթին մեղադրվում է մաքսանենգության միջոցով Իրանից Հայաստան մոտ 0.5 կգ մեթամֆետամին տեսակի թմրանյութ տեղափոխելու մեջ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ջաֆար Մարեֆաթին նախնական համաձայնության է եկել Ալբերտ Ալեքսանմուջեմբարիասլինի հետ և ԻԻՀ բնակիչ «ոմն Ռեզայից ձեռք են բերել թմրամիջոցը», որը պետք է իրացնելու նպատակով տեղափոխվեր Հայաստան և փոխանցվեր Արսեն Խաչատրյանին: Վերջինիս հետ Ալբերտ Ալեքսանմուջեմբարիասլինին ունեցել է նախնական պայմանավորվածություն։ Վերջինս Արսեն Խաչատրյանից ստացել է 5000 ԱՄՆ դոլար։

2018թ․ հուլիսի 6-ին Ջաֆար Մարեֆաթիին եւ Ալբերտ Համունի Ալեքսանմուջեմբարիասլինը հատել են Հայաստանի պետական սահմանը և Մեղրիի անցակետով պոլիմերային տարաներում տեղափոխել հեղուկի մեջ լուծված 541,745 գրամ մեթամֆետամին։ Ջաֆար Մարեֆաթիին մեղադրվում է նաև 0,11 գրամ մեթադոն տեսակի թմրամիջոց Հայաստան տեղափոխելու համար։

Մեղադրանքի առաջադրումից հետո գործն ուղարկվել է դատարան, Ջաֆար Մարեֆաթիին և Ալբերտ Ալեքսանմուջեմբարիասլինը մեղադրվել են թմրանյութերի ապօրինի փոխադրման մեջ, իսկ Արսեն Խաչատրյանը՝ թմրամիջոցների ապօրինի իրացման փորձ կատարելու մեջ։

Դատաքննության ընթացքում՝ նշանակված դատական նիստից մեկ օր առաջ, Ալբերտ Ալեքսանմուջեմբարիասլինին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնասպան է եղել՝ սավանից պատրաստված ինքնաշեն պարանով ճաղավանդակից կախվելու միջոցով։ Գործի վարույթը վերջինիս մասով կարճվել է։ Գործից առանձնացվել է Արսեն Խաչատրյանի մասը, քանի որ նա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում» և չի կարողանում ներկայանալ նիստերին։

Այսօրվա նիստը նախագահում էր դատավոր Արմեն Վարդապետյանը: Մինչ նիստի մեկնարկը նա կողմերին տեղեկացրեց, որ ցանկանում է նորից միավորել Արսեն Խաչատրյանի և Ջաֆար Մարեֆաթիի գործերը, քանի որ ստացել է Արսեն Խաչատրյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի ՝ Արսեն Խաչատրյանի հիվանդությունները խոչընդոտ չեն նիստերին ներկայանալու համար։ Դատական գործերը չմիացվեցին, քանի որ Ջաֆար Մարեֆաթիի պաշտպան Արմինե Ֆանյանը նշեց, որ իր պաշտպանյալը ևս մի շարք հիվանդություններ ունի, ուստի ցանկանում են դատական նիստերը հնարավորինս արագ անցկացնել։ Ըստ պաշտպանի ներկայացման` ամբաստանյալն ունի զարկերակային հիպերտենզիա, բրոնխիալ ասթմա և որովայնի ստորին պատի ճողվածք։

Այսօրվա նիստին հրապարակվեց Ջաֆար Մարեֆաթիի մեղադրական եզրակացությունը, վերջինս մեղադրվում է Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով։

Ջաֆար Մարեֆաթին մոտ կես կգ մեթամֆիտամինի փոխադրման մեջ իրեն մեղավոր չճանաչեց, մեղքն ընդունեց 0,11 գրամ մեթադոն թմրամիջոցի մասով՝ պնդելով, թե այն եղել է անձնական օգտագործման համար։

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո որոշվեց 3 ամբաստանյալների վերաբերյալ գործի նյութերից առանձնացնել Ջաֆար Մարեֆաթիին վերաբերող հատվածը և նշանակել ապացույցների հետազոտման փուլ։ Նիստը հետաձգվեց, այն կշարունակվի հոկտեմբերի 8-ին։

Այսօր դատարանում ներկա էր նաև Արսեն Խաչատրյանի կինը, նա դատարանին հայտնեց, որ իր ամուսինը չի հրաժարվում նիստերին ներկայանալ, պարզապես չի կարողանում տեղաշարժվել։ Ա․ Խաչատրյանի դատարան չներկայանալը դատավոր Արմեն Վարդապետյանը «սիմուլյանտություն» անվանեց և նշեց, որ ըստ եզրակացության՝ նա կարող է ազատ տեղաշարժվել։

Արսեն Խաչատրյանի գործը կքննվի առանձնացված, նիստի օր է նշանակվել նոյեմբերի 15-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter