
Հադրութի քաղաքապետ. «Միանշանակ՝ «ֆեոդալական ռեժիմ» է եղել»
Հարցազրույց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի հետ
2019 թվականին սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններն էին: Հադրութ քաղաքի ղեկավար է ընտրվել 676 ձայն ստացած Վահան Սավադյանը: Մյուս թեկնածու Արծվիկ Հայրապետյանը ստացել է 518 ձայն:
Վահան Սավադյանը հանրությանը հայտնի է դարձել 2018 թվականին հունիսի սկզբին Ստեփանակերտում տեղի ունեցած ցույցերի ժամանակ, երբ մի խումբ հադրութցիների հետ միացել է ցուցարարներին: Նա և իր ընկերներն այդ օրերին հարցազրույցներում խոսում էին Հադրութում տիրող իրավիճակի մասին:
- Պրն Սավադյան, ովքե՞ր են ձեզ սատարել: Այն նույն թի՞մը, ակտիվիստները, որ Ստեփանակերտի ավտոկայանի ցույցերին էր մասնակցում:
-Այո, իհարկե, նրանք էլ են սատարել, իմ ընկերներն են: Նաև Հադրութի երիտասարդությունն է աջակցել: Ճիշտ կլինի ասել՝ հադրութցիներն ընդհանրապես: Չեմ ուզում առանձնացնել ոչ մեկին:
-Դուք ապագայում հնարավոր համարու՞մ եք համագործակցությունը «Ազատ Հայրենիքի» կամ մեկ այլ ուժի հետ:
-Ընդհանրապես, բացառում եմ որևէ կուսակցության հետ համագործակցելը կամ անդամագրվելը: Ես դա սխալ եմ համարում: Եթե որևէ կուսակցություն լավ բան անի մեր ազգի համար, միայն կողջունենք, կասենք` ապրե՛ք:
-Իսկ ներկայումս ի՞նչ ազդեցություն ունեն Հադրութում Արցախի նախկին ոստիկանապետ Կամո Աղաջանյանը և իր եղբայրները, շրջվարչակազմի նախկին ղեկավար Իվան Ավանեսյանը:
-Արդեն պարզ է, որ իրենց ազդեցությունը կորել է, ժողովուրդը հասկացել է՝ ճիշտը որն է: Հասկացել է, որ ճիշտը երիտասարդ լինի: Մի խոսքով՝ վստահել են:
Ասեմ՝ մեծ թվով մարդիկ են խառնվել այս ընտրություններին,որ չկարողանանք անցնել: Բայց դա չի խանգարել, որ մարդիկ իրենց խոսքն ասեն:
Չնայած անձրևին, լավ մասնակցություն է եղել ընտրությունների օրը:
-Իսկ ովքե՞ր են խոչընդոտել ձեզ, կոնկրետ անուններ կտա՞ք:
-Պարզապես իշխանական թևն է դեմ եղել: Այպես կասեմ՝ այսօր ընդդիմությունը Հադրութում կարողացել է այս քայլն անել, ուրեմն 2020 թվին իշխանական թևի վերարտադրության շանսերը նվազել են:
Նրանք ցանկացել են հաղթել, որպեսզի ժողովուրդն ասի՝ բան չի փոխվելու, ոնց եղել է, այնպես էլ մնալու է: Այսօր պարզ եղավ, որ ժողովուրդն է թելադրողը, այլ ոչ թե ոմանք:
-Իսկ ո՞վ է Հադրութի շրջվարչակազմի ներկայիս ղեկավարը: Ի՞նչ ազդեցություն է ունեցել այս ընտրությունների վրա:
-Կամո Պետրոսյանն է, ճիշտ է, իշխանություններն են նշանակել նրան, բայց այս ընտրությւոններին ոչ մի կերպ չի միջամտել:
-Հետագայում նրա հետ ոչ մի խնդիր չե՞ք տեսնում, աշխատելու առումով:
-Չէ, ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ընդհանրապես: Ընդհակառակը՝ մինչ այդ հանդիպումներ եմ ունեցել հետը, նորմալ ու դրական մարդ է: Կարողանալու ենք լեզու գտնել, վստահ եմ:
-Որո՞նք են Հադրութ քաղաքի առաջնային խնդիրները: Այն երկու-երեք խնդիրը, որ հրատապ լուծում են պահանջում:
- Ունենք մի քանի բնակելի շենք, որոնց տանիքները պիտի փոխենք, որպեսզի մարդիկ անձրևի տակ չմնան: Երկրորդ խնդիրը կապված է սանմաքրման հետ: Հադրութում անասուններն ու շները կեղտոտում են, հնարավոր չէ քաղաքի մաքրությունը պահպանել:
Մեկ էլ ճանապարհների խնդիրը, գոնե փորձենք մինչև սելերն ու ձյունը սկսել, դա մեծ ներդրումներ է պահանջում: Ճիշտն ասած, խնդիրներն այնքան շատ են, որ չեմ կարող մեկը մյուսից կարևորել: Խնդիրներից մեկն էլ այն է, որ մինչև 2020 թվականի բյուջեն պլանավորելը, ներառենք Հադրութի ջրահեռացման խնդիրը: Դա շատ գլոբալ խնդիր է: Ամենուր ճահիճներ են Հադրութում:
-Հադրութ համայնքի բյուջեն ո՞նց է ձևավորվում, երևի մեծ մասը լրավճարներ են:
-Այո, գույքահարկն է մտնում, հողի հարկը: Ոչ լուրջ եկամուտներ են:
-Հադրութի քաղաքապետարանի լիազորությունների մասին ի՞նչ կասեք:
-Փաստորեն, այսօր քաղաքապետի ձեռքում մնացել է միայն լուսավորումը: Մնացածը տվել են «Դիզակշին» ՓԲԸ-ին: Այսօր նա պիտի կապալառուի դերում լինի, բայց ինքը և՛ պատվիրատու է, և՛ կապալառու: Պատվիրատուի և կապալառուի հարաբերությունները պիտի ճշգրտվեն: Որտեղ ուզում են, այնտեղ էլ սվաղում են: Ծրագիր չկա կոնկրետ, որով կառաջնորդվեն:
Աշխատում են, լավ հիմնարկ է, բայց ոչ ծրագրային: Պարզապես պիտի հստակեցնենք իրենց պարտավորությունները: Վստահ եմ, այդ հարցերը հարթելու ենք:
-Ընդունո՞ւմ եք, որ Հադրութն ամենափակ շրջաններից մեկն է եղել:
-Միանշանակ: Միանշանակ՝ «ֆեոդալական ռեժիմ» է եղել:
-Մտածո՞ւմ եք, որ կարող է վերադարձ լինել հին ժամանակներին:
-Չէ, մարդիկ արդեն տեսել են, թե ինչ է ժողովրդավարությունը: Երբեք թույլ չեն տա, որ այդ ամենը կրկնվի՝ հաշվի առնելով անցյալը: Ես վստահ եմ:
-Ավագանու կազմի մասի՞ն ինչ կասեք, կարողանալո՞ւ եք աշխատել համատեղ:
-Ինձ շատ էին հարցնում, թե ունե՞ս առաջադրած ավագանու թեկնածու: Ես ասում էի՝ չէ, դրա իմաստը չեմ տեսնում, եթե ես ի՛մ ավագանու հետ պիտի գնամ քաղաքապետարան, ապա արդար լուծումներ ո՞նց կծնվեն:
Ավագանու կազմը հիմնականում մյուս երկու թեկնածուի կողմնակիցներն են (օգոստոսի 22-ին երրորդ թեկնածու Վիգեն Հարությունյանը հանել է իր թեկնածությունը - Հ.Ղ.):Բայց դա ինձ համար առավելություն է, քան խոչընդոտ: Այնտեղ և՛ շինարար կա, և՛ ձեռնարկատեր, տարբեր տարիքի մարդիկ են: Կին էլ ունենք, որը նույնպես ժողովրդավարական սկզբունքների կողմնակից է: Բոլորին հարգում և ընդունում եմ:
-Ավելացնելու բան ունե՞ք:
-Չէ, այսքանը երևի: Կարևորը՝ ժողովրդավարություն հաստատվի Արցախում: Վստահ եմ, որ 2020 թվականին այդ նույնը կրկնվելու է նախագահական և խորհրդարանական ընտրություններին: Մենք ամեն կերպ աջակցելու ենք ժողովրդավարությանը: Փոփոխությունների կողմնակից ենք, որպեսզի իշխանական կառույցների մեքենայություններն ու նենգություններն էլ տեղ չգտնեն:
Մեկնաբանել