HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պիպոն ստիպել է ասել, որ սպանության պատվերը տվել են Արտյոմ Կանևսկոյն ու Սարատովի Արտյոմը. Արթուր Ասատրյանի գործով տուժողի ցուցմունքը

«Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով տուժող Արտակ Այվազյանը պնդում է, որ իրեն և ընկերներին առևանգել են, բայց Արթուր Ասատրյանը դրա հետ որևէ առնչություն չունի: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Արթուր Ասատրյանի գործով դատական նիստ, որի ընթացքում ցուցմունք տվեց Արտակ Այվազյանը:

Հատկանշական է, որ, ըստ տուժողի, թեև իրեն և ընկերներին` Արկադի Քոչինյանին և Վազգեն Ղազախեցյանին «Դոն Պիպոն» չի առևանգել, առևանգողը նույնպես ներկայացել է «Պիպո» անունով և նրան ևս ցանկացել են սպանել, ինչպես Արթուր Ասատրյանին:

Նշենք, որ Արտակ Այվազյանը, ինչպես նաև նրա ընկերներ Արկադի Քոչինյանն ու Վազգեն Ղազախեցյանը մեղադրվում են Արթուր Ասատրյանի սպանությունը նախապատրաստելու մեջ, իսկ Արթուր Ասատրյանի վերաբերյալ այսօր դատարանում քննված գործով նրանք տուժող են: Ըստ այսօր քննվող գործով Արթուր  Ասատրյանին առաջադրված մեղադրանքի` նա 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել և ղեկավարել է Ղազախեցյանի, Այվազյանի և Քոչինյանի առևանգումը` իր սպանության պատվիրատուին պարզելու համար:

Արտակ Այվազյանը դատարանում պարբերաբար կրկնում էր, որ Արթուր Ասատրյանին չի ճանաչել, նրանից որևէ պահանջ չունի:

«Գլուխս ա բաց եղել, թե աչքիս տակը կապույտ, ես բողոք չունեմ»,-դատարանում հայտարարեց Արտակ Այվազյանը:

Դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Արամ Արամյանը դատարանին միջնորդեց հրապարակել Այվազյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Կասկածյալի կարգավիճակում տված իր առաջին ցուցմունքում Այվազյանը մանրամասն նկարագրել է իրենց առևանգելու հանգամանքները: Ըստ ցուցմունքի` Էջմիածնում սև «Պրիորա» մակնիշի մեքենայով իրեն և Վազգեն Ղազախեցյանին հետապնդել են, և երբ ինքը մեքենայից ոտքը դուրս է դրել, հարվածել են քթին, որից հետո չի հիշում, թե ինչ է եղել: Այվազյանի ցուցմունքի համաձայն` երբ սթափվել է, տեսել է, որ Ղազախեցյանի հետ ինչ-որ գործարանի տարածքում է, որտեղ եղել են  30-40 անծանոթ անձինք. նրանք ոտքերով ու ձեռքերով հարվածել են իրենց: Հավաքվածներից մեկն, ըստ Այվազյանի ցուցմունքի, պարբերաբար հարցրել է, թե ո՞վ է իրենց պատվիրատուն:

««Ո՞վ է ձեր զակազչիկը» արտահայտությունը պարբերաբար կրկնող անձն ասաց, որ ինքը Պիպոն է և ուզում է պարզել, թե ով է ցանկանում իրեն սպանել»,- պատմել է Այվազյանը:

Ըստ տուժողի  պատմածի՝ հետո Պիպո անունով անձը հրահանգել է իրենց տանել ինչ-որ տան բակ: Այվազյանը հիշեց, որ հրահանգներ տալիս էր միայն Պիպոն:

Շուտով նրանց տարել են մի տան բակ, որտեղ Պիպոն հետաքրքրվել է, թե էլ ո՞վ կա իրենց հետ, ու ինքն ասել է, որ իրենց երրորդ ընկերը՝ Արկադին տանն իրենց է սպասում: Պիպոն հրահանգել է զանգահարել Արկադիին և ասել, որ դուրս գա: Ապա Պիպոյի ուղարկած մարդիկ իրենց մոտ են բերել նաև Արկադի Քոչինյանին:

Նրանց երեքին տարել են ինչ-որ տան նկուղային հարկ: Պիպոն, ըստ Արտակ Այվազյանի ցուցմունքի, ասել է, որ եթե պատվիրատուի անունը չասեն, բոլորի երեխաներին գողանալու է և բերի նկուղ:

 Հաջորդ օրն առավոտյան Պիպոն նորից եկել է նկուղ ու հարցրել, թե ի՞նչ են որոշել, և առևանգված անձինք, ըստ Արտակ Այվազյանի պատմածի, պատասխանել են, որ ասելու ոչինչ չունեն:

«Դրանից հետո Պիպոն իր Samsung բջջային հեռախոսում ցույց տվեց աղջկաս լուսանկարը` դպրոցի մոտ կանգնած ու ասաց` կամ հիմա ասում ես զակազչիկի անունը կամ ես ասում  եմ անուններ, հետո միացնում վիդեոզապիսը, դու պետք է կրկնես  իմ ասած անունները»,- պատմել է Այվազյանն ու նշել, որ հակառակ դեպքում Պիպոն սպառնացել է վնասել իր դստերը: Դրանից հետո ինքը վախեցել է ու համաձայնել վիդեոձայնագրությամբ նշել այն անձանց անունները, որոնց կմատնանշի Պիպոն:

«Պիպոն ինձ ասաց, որ ասեմ, թե իրեն սպանելու պատվերը տվել են իմ ընկեր Զորիկ Ղումաշյանը, Կանևսկոյ Արտյոմն ու Սարատովի Արտյոմը, որոնց ես չեմ ճանաչում: Բացի այդ` ինձ ասաց, որ հայտնեմ, թե Զորիկն իմ ընկեր Վազգենին 10 000 դոլար է տվել սպանության համար»,- պատմել է Արտակ Այվազյանը:

Հետո տուժողներին տարել են իրենց բնակության վայր, որտեղից 6-րդ վարչության աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել:

Այվազյանը հայտնել է, որ իրենց բնակարանի խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են արյունոտ իրեր, զենքեր։ Այվազյանի կարծիքով` Պիպոյի մարդիկ են բերել այդ զենքերն ու գցել իրենց տուն, որպեսզի հիմնավորեն, թե իրենք ցանկացել են կատարել սպանության պատվերը։

Հետագա ցուցմունքներում Արտակ Այվազյանն ավելի քիչ է խոսել, փոխել ցուցմունքի որոշ դրվագներ: Սակայն 2019-ի ապրիլին տված մի ցուցմունքում հայտնել է, որ նախկինում տված իր ցուցմունքները համապատասխանում են իրականությանը:

Դատարանում իր ցուցմունքները լսելուց հետո Այվազյանը նորից պնդեց, որ ամբաստանյալ Արթուր Ասատրյանին չի ճանաչել, նրան միայն հեռուստացույցով է տեսել, անգամ բարևած չկա:

«Էն մի գործով Արթուր Ասատրյանին չենք ուզեցել խփենք, էս մի գործով էլ չենք ճանաչում»,- հայտարարեց Արտակ Այվազյանը՝ նշելով, թե ցուցմունքի շատ դրվագներ իրականությանը չեն համապատասխանում, ինքը նման բան չի հայտնել:

Այվազյանը նաև նկարագրել է իրենց առևանգած անձին՝ Պիպոյին: Վերջինս, ըստ ցուցմունքի, 40-ից 45 տարեկան կլիներ, միջահասակ, գեր, սպիտակ մաշկով, կլորավուն դեմքով:

Այվազյանին և ընկներներին առևանգած անձի այս նկարագիրը լսելուց հետո դատավոր Հրաչիկ Սարգսյանը, որը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է, կարծիք հայտնեց, թե նկարագրվածից միայն սպիտակ մաշկն է համընկնում Արթուր Ասատրյանի արտաքին նկարագրի հետ: Նշենք, որ Արթուր Ասատրյանը ծնվել է 1971 թվականին: Դատավորն, ամենայն հավանականությամբ, չնկատեց, որ տուժողի նշած տարիքը ևս մոտ է Ասատրյանի տարիքին: Վերջինս նաև կլորավուն դեմք ունի, սակայն այս հանգամանքը ևս դատավոր Հրաչիկ Սարգսյանի աչքից վրիպեց:

Ի դեպ, այս դատավորն առաջին դատական նիստի մեկնարկին արգելել է նաև դատական նիստի ցանկացած ծավալով  տեսանկարահանումը՝ թեև դրա դեմ առարկել էր միայն Արթուր Ասատրյանը և հնարավորություն կար թույլատրելու մասնակի տեսանկարահանումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter