HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Մարի Իզմիրլյան» մանկատնից յուրացում կատարելու գործով ամբաստանյալներն արագացված դատաքննություն են պահանջել

«Մարի Իզմիրլյանի» անվան մանկատնից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու գործով ամբաստանյալներն արագացված դատաքննություն են պահանջել:

Խոսքը, հիշեցնենք, Երևանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ից  յուրացում կատարելու դեպքի առթիվ 2016 թվականին հարուցված քրեական գործի մասին է:

Ըստ գործի նյութերի՝ մանկատան տարբեր հաստիքներում 2013-2016 թվականների ընթացքում 31 աշխատակիցներ են գրանցվել, և նրանց անվամբ աշխատավարձ ձևակերպելով՝  մանկատնից յուրացվել է 46 մլն դրամից ավել գումար: Քրեական գործի շրջանակներում ամբաստանյալի աթոռին են հայտնվել մանկատան տնօրենը, կադրերի տեսուչը, հաշվապահներից մեկն ու գլխավոր հաշվապահը:

Մանկատունը գործում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում և ֆինանսավորվում պետական միջոցներով, այս պատճառով նախարարությունը գործով տուժող է:

Այսօր դատական նիստին եկել էր նախարարության ներկայացուցիչ Հրաչ Մարգարյանը: Վերջինս նոր է ներգրավվել քրեական գործում, խնդրեց իրեն տրամադրել գործի նյութերը՝ գույքային պահանջ ներկայացնելու վերաբերյալ նախարարության դիրքորոշումը հստակեցնելու համար: Ինչ վերաբերում է գործի արագացված քննությանը, տուժող կողմը դրա վերաբերյալ առարկություն չներկայացրեց:

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում է, որ «եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնվելու դեպքում իրավունք ունի միջնորդելու արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:

Արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարվում: Սակայն ուսումնասիրվում են ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:

Դատարանն արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը: Սակայն նման կարգով անցկացված դատաքննության դեպքում ամբաստանյալն իրավունք չի ունենում բողոքարկել գործի փաստական հանգամանքների վերաբերյալ դատարանի արած հետևությունները: Այսինքն՝ եթե դատարանն անձին մեղավոր է ճանաչում նրան վերագրվող արարքների կատարման համար, ապա ամբաստանյալը չի կարող այս մասով բողոքարկել դատարանի վճիռը:

Հիշեցնենք, որ մանկատան տնօրեն Հ.Մ-ին վերագրվում է մեղադրանք Քրեական օրենսգրքի երեք հոդվածով՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես  խոշոր չափերով յուրացումը», 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը պետության շահերին հակառակ օգտագործելը» և 314-րդ հոդվածով՝ «պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը»:

Հաշվապահներից Լ. Ս.-ն  մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացմանը կամ վատնմանն օժանդակելը, դրդրելը կամ այդ արարքը կազմակերպելը», 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերով յուրացմանը կամ վատնմանն օժանդակեը, դրդրելը կամ այդ արարքը կազմակերպելը»,  38-308 հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը, դրդելը կամ կազմակերպելը» և 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ «իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»:

Վերը նշված՝ 325-րդ հոդվածով մեղադրվում է նաև  ՊՈԱԿ-ի կադրերի տեսուչ Մ.Խ.-ն:

ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Ք.Պ.-ն մեղադրվում է Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին», 314-րդ հոդվածով՝ «պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը» և 38-179 հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և խոշոր չափերով ուրացումանը կամ վատնմանը օժանդակելը, դրդրելը կամ այդ արարքները կազմակերպելը, , որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով:

Բոլոր ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 23-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter