
Կոտայքի փոխմարզպետը՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մասին
Կոտայքի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ազատվել է առողջական հիմքով։
Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Կոտայքի մարզպետարանից։ Առնակ Ավետիսյանը զինծառայությունից ազատվել է 2014 թվականի հունվարի 17-ին։ Մարզպետարանից հայտնել են նաև, թե զինապարտների և զինծառայողների հիվանդությունների ցանկի (Պաշտպանության նախարարի 410 հրաման) որ հոդվածի հատկանիշներով է վերջինս ազատվել զինծառայությունից։ Այդ հոդվածի համաձայն՝ զորակոչիկները ժամանակավորապես պիտանի չեն զինվորական ծառայության համար, սակայն հաշվառվում են պահեստազորում։
Առնակ Ավետիսյանը Կոտայքի փոխմարզպետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հունիսի 11-ին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է դեռ 2015 թվականից, 2016-2017 թվականներին եղել է Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։
Հիշեցնենք, որ «Հետքը» պարբերաբար անդրադառնում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնատար անձանց՝ զինծառայությունից ազատման հիմքերին։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել