HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ աշխատակազմը կրճատել է քաղաքացիական աշխատանք կատարող և տնտեսական սպասարկում իրականացնող անձանց 66 հաստիք

Դեռևս օգոստոսի 21-ին «Հետքը» գրավոր հարցմամբ դիմել էր Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ հետաքրքրվելով կադրային փոփոխությունների մասին։

Մենք հարցրել էինք, թե կադրային փոփոխություններն ինչո՞վ են պայմանավորված, ամռան ամիսներին ո՞ր պաշտոնյաներն են աշխատանքից հեռացվել կամ վերջիններիս հետ պայմանագիրը դադարեցվել և ի՞նչ պատճառով, խորհրդարանի աշխատակազմում քանի՞ թափուր հաստիք կա, որ պաշտոններն են համալրվում մրցույթի միջոցով, քաղաքացիներն ինչպե՞ս կարող են իմանալ մրցույթի պայմանների մասին, կա՞ն արդյոք պաշտոններ, որոնք վերջին ազատումներից հետո համալրվել են։ Չնայած ԱԺ աշխատակազմից խախտել էին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջը՝ չպատասխանելով 5-օրյա ժամկետում, դեռ ավելին՝ պատասխանն էլ թերի է․ Ազգային Ժողովի աշխատակազմից այդպես էլ չեն հստակեցնում, թե ինչ իրավական հիմքով են ԱԺ աշխատակազմից հեռացվել մի շարք աշխատակիցներ։

Հարցման պատասխանում մեզ հիշեցրել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ օգոստոսի 26-ին ստորագրած կարգադրությունը, որով վերջինս չեղարկել էր ավելի վաղ ստորագրած իր կարգադրությունը։ Հենց վերոնշյալ կարգադրությամբ էին աշխատանքից հեռացվել ԱԺ աշխատակիցները, ապա նրանցից ոմանք՝ վերականգնվել իրենց նախկին պաշտոններում։ Նոր կարգադրությամբ խորհրդարանի նախագահը նաև հանձնարարել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին ԱԺ կայքում հրապարակել հաստիքացուցակը։

«Ընդունման պահից անվավեր ճանաչել կարգադրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի ընդունած հրամանները՝ օրենքով սահմանված կարգով լուծելով մինչև դրանց ընդունումը եղած իրավական վիճակի վերականգնման հետ կապված հարցերը»,- ասված է օգոստոսի 26-ին ստորագրած ԱԺ նախագահի կարգադրության տեքստում։

ԱԺ աշխատակազմից հայտնել են, որ աշխատակազմում կա 600 աշխատակից (օգոստոսի իննի դրությամբ), մինչ այդ օրը աշխատակիցների թիվը եղել է 654: Ըստ նոր հաստիքացուցակի՝ ավելացվել են վարչական, հայեցողական և պետական ծառայողների հաստիքները (ընդհանուր՝ 12-ով) և կրճատվել քաղաքացիական աշխատանք կատարող և տնտեսական սպասարկում իրականացնող աշխատակիցների հաստիքները (ընդհանուր՝ 66-ով):

«Գործընթացը շարունակվում է, որի ավարտից հետո թափուր հաստիքների մասին հայտարարությունները կտեղադրվեն Ազգային Ժողովի պաշտոնական կայքի «Թափուր աշխատատեղեր» բաժնում»,- ասված է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանի ստորագրությամբ ստացված պատասխանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter