HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարուժան Գեղամյան

Ո՞վ է ձևավորում հակաթուրքական նոր դաշինքը

Սեպտեմբերի 11-ին Կիպրոսի արտաքին գործերի նախարար Ն. Խրիստոդուլիդեսը Նիկոսիայում դիմավորում էր շատ յուրահատուկ մի հյուրի՝ Սաուդյան Արաբիայի թագավորության իր գործընկեր Ի. Ալ-Ասաֆիին։ Այս այցը  տեղական և միջազգային շատ լրատվականներ շտապեցին որակել որպես պատմական։ Եվ պատճառը ոչ միայն այն հանգամանքն էր, որ սա սաուդական կողմից առաջին բարձրաստիճան այցն էր Կիպրոս։ Հունական կղզում տեղի ունեցած հանդիպումը ունի ենթատեքստ, որը շատ ավելի լայն ու խորն է, քան Կիպրոս-Սաուդյան Արաբիա երկկողմ հարաբերությունները. այն կարելի է համարել տարածաշրջանում հակաթուրքական նոր դաշինքի ձևավորման կարևորագույն հանգրվաններից։

Սաուդա-կիպրական մերձեցումը

Սաուդյան Արաբիայի և ԵՄ անդամ Կիպրոսի միջև հարաբերությունները վերջին 2 տարիներին սրընթաց զարգացում են ապրում։ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի վերոնշյալ այցին նախորդել էր Կիպրոսի նախագահ Ն. Անաստասիադեսի այցը Էլ Ռիյադ 2018 թվականին (որը Կիպրոսի նախագահի առաջին պաշտոնական այցելությունն էր), ինչպես նաև նույն տարում Նիկոսիայում Սաուդյան թագավորության դեսպանատան բացումը և առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը։

 

Սակայն սեպտեմբերյան այցը տարբերվում էր նախորդներից սաուդյան կողմից հնչած որոշ գնահատականների և հայտարարությունների ծայրահեղությամբ։ Մասնավորապես, երկու արտգործնախարարների հանդիպմանը հետևած համատեղ ասուլիսի ժամանակ կողմերը ոչ միայն կարևորեցին տնտեսության տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների, Կիպրոսի միջոցով ԵՄ հետ արաբական երկրի հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, այլև անդրադարձան Կիպրոսի համար երկու կարևոր թեմայի՝ Հյուսիսային Կիպրոսի շարունակվող օկուպացիային (այսպես կոչված «Կիպրոսի հարց») և Միջերկրական ծովի արևելյան հատվածում նավթա-գազային հանքավայրերի շահագործման շուրջ ստեղծված ճգնաժամին։ Երկու հիմնահարցերն էլ առնչվում են թուրք-կիպրական տասնամյակներ տևող հակամարտությանը։[1] Սաուդցի դիվանագետը իր ելույթում նշեց, որ Սաուդյան Արաբիան «աջակցում է Կիպրոսի լեգիտիմությանը և սուվերենությանը՝ համաձայն միջազգային բանաձևերի»։

Ակնհայտ է, որ այս հայտարարությունը արտահայտում է Սաուդիան Արաբիայի բացասական դիրքորոշումը ինչպես կղզու հյուսիսային հատվածի թուրքական օկուպացիայի, այնպես էլ Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ ջրային տարածքների հանդեպ Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների վերաբերյալ։ Ի պատասխան սաուդցի գործընկերոջ արտահայտած աջակցության՝ Կիպրոսի արտգործնախարարը այսպես ամփոփեց իր խոսքը. «Հաշվի առնելով մեր Արտակարգ տնտեսական գոտում (Exclusive Economic Zone) վերջին զարգացումները և մասնավորապես Թուրքիայի անօրինական գործողություններն ու ագրեսիվ վարքը՝ մեզ հետ համերաշխությունը և աջակցությունը այնպիսի երկներից, ինչպիսին է Սաուդիան Արաբիան, անփոխարինելի են»։

Ինչպես կարելի է կռահել, սաուդա-կիպրական այս մերձեցումը առաջացրեց Թուրքիայի զայրույթը, քանի որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի աննախադեպ այցը, ինչպես նաև Նիկոսիայում դեսպանության հիմնումը ոչ միայն ցույց է տալիս սաուդների հետաքրքրվածությունը Արևելյան Միջերկրականում, այլև վկայում է այն մասին, որ արաբական մի շարք երկրների չհայտարարված «սառը պատերազմը» Թուրքիայի դեմ շարունակվելու է նոր թափով։

Արաբա-թուրքական հակամարտությունը

Օսմանյան կայսրության հիմքի վրա ստեղծված Թուրքիայի Հանրապետությունը ժառանգել է կայսերական մետրոպոլիայի վերաբերմունքը արաբների նկատմամբ. թուրքերը մինչև այժմ արաբներին նայում են որպես «երկրորդ կարգի» և «իշխվող» մարդկանց։ Աշխարհաքաղաքական բարդագույն պայմաններում այսպիսի մոտեցումը իր հերթին հնարավորություն չի տվել թուրք-արաբական հարաբերությունները իսկապես վստահելի և կայուն դարձնել։ Ուստի պատահական չէ, որ չնայած 1980-ականներից Թուրքիան «շրջադարձ» կատարեց դեպի Մերձավոր Արևելք՝ փորձելով խորացնել կապերը արաբական պետությունների հետ, սակայն դրանք չդարձան ավելին, քան ժամանակավոր մարտավարական (և ոչ ռազմավարական) բնույթ կրող հարաբերություններ։ Իսկ այն ժամանակ, երբ ակնհայտ դարձան Թուրքիայի ծավալապաշտական (այսպես կոչված «նեո-օսմանյան») նկրտումները տարածաշրջանի հանդեպ, այդ հարաբերությունները դարձան առավել անհեռանկարային ու ստացան հակամարտության որոշ հստակ երանգներ։

Արաբա-թուրքական հակասությունները առավել ցայտուն դրսևորվեցին «Արաբական գարնան» ընթացքում, երբ վերափոխվող Մերձավոր Արևելքի տարածաշրջանային առաջնորդի համար պայքարում բախվեցին մի կողմից Թուրքիան, իսկ մյուս կողմից Պարսից ծոցի պետությունների դաշինքը՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ։ Որպես այդպիսի բախման առաջին մեծ օրինակ արժե նշել Թուրքիայի բացահայտ աջակցությունը «Մուսուլման եղբայրներ» կրոնական շարժմանը, որին արաբական միապետությունների մեծագույն մասը դիտարկում է որպես սպառնալիք իրենց իշխանության գոյությանը։ 2010-2013թթ. ընթացքում Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» վերելքն ու անկումը արդյունք էր նաև վերոնշյալ հակամարտող կողմերի ետնաբեմային հարաբերությունների։

Հաջորդ նշանակալի սրումը սկսվեց 2017 թվականին, երբ Սաուդիան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ վերջինիս հանդեպ կիրառելով տնտեսական պատժամիջոցներ (Կատարը մեղադրվում է «Մուսուլման եղբայրներին» և այլ իսլամիստական խմբերի աջակցելու մեջ)։ Այս իրավիճակում Թուրքիան հայտնեց իր ամբողջական աջակցությունը Կատարին և մեծացրեց ոչ միայն տնտեսական երկկողմ համագործակցության ծավալները, այլև խորացրեց ռազմական համագործակցությունը՝ Կատարում փաստացի ստեղծելով թուրքական ռազմաբազա («Qatar-Turkey Combined Joint Force Command» անունը կրող զորամիավորումը շարունակում է ծավալվել)։

Թուրք-արաբական փոխադարձ անվստահության հաջորդ փուլը կապված է 2018 թվականի հոկտեմբերին սաուդցի լրագրող Ջ. Խաշոկջիի սպանության հետ, երբ Թուրքիան և անձամբ Էրդողանը բաց չթողեցին հնարավոր բոլոր հարթակներում Սաուդիան Արաբիային ամբողջ ծավալով խիստ քննադատելու առիթը։ Անհրաժեշտ է նշել, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում լրագրողի դաժան սպանության մանրամասները (որոնք էլ ավելի էին մեծացրել միջազգային ճնշումը սաուդյան իշխանությունների վրա) միջազգային մամուլ էին արտահոսել Էրդողանի ամենամտերիմ խորհրդական համարվող Ֆահրեթթին Ալթունի միջոցով։

Հակաթուրքական լիգա

Այս իրադարձությունից հետո, երբ թուրք-արաբական հարաբերությունների լարված բնույթը թաքնցելն անիմաստ էր, սկսվեց բացահայտ հակամարտությունը։ Միանգամայն օրինաչափորեն հակամարտության զարգացման գործում առավել մեծ ակտիվություն է ցուցաբերում Սաուդյան Արաբիան, որը օգտագործում է հնարավոր բոլոր միջոցները Թուրքիայի դեմ արաբական երկրների դաշինք ձևավորելու համար։ Ավելին, համաձայն մամուլում հայտնված լուրերի, Թուրքիայի հանդեպ բացասական վերաբերմունքը կրում է նաև անձնական բնույթ, քանի որ Էրդողանը հանրայնորեն վիրավորել է սաուդ թագաժառանք Բեն Սալմանին։ Այս դաշինքի կարևորագույն անդամ է համարվում ԱՄԷ-ն է։ Դրանում համոզվելու համար բավական է նայել 2019թ. ընթացքում թուրք-էմիրաթական խիստ լարված հռետորաբանությանը։

Արաբական երկրների նախաձեռնած հակաթուրքական արշավը չի սահմանափակվում միայն դիվանագիտական հարթակում իրականացված գործողություններով։ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն ոչ ֆորմալ արշավներ են սկսել թուրքական ներմուծվող ապրանքների դեմ, ինչի արդյունքում նվազել է Թուրքիայի և Ծոցի երկրների միջև առևտրաշրջանառությունը։ 2019թ. մայիսին սաուդյան իշխանությունները կոչ արեցին իրենց քաղաքացիներին խուսափել Թուրքիայում ներդրումներ կատարելուց՝ պատճառաբանելով սաուդ գործարարների հանդեպ Թուրքիայում տիրող անարդարությամբ և ճնշումներով։ Նույն կերպ սաուդյան և էմիրաթական մեդիա ընկերությունները զանազան հակաթուրքական արշավներ են իրականացնում (օրինակ, զբոսաշրջային սեզոնի բացմանն ընդառաջ չեն խրախուսում զբոսաշրջիկներին մեկնել Թուրքիա՝ հանգստի)։ Աննախադեպ էր հուլիսին գրանցված ևս մեկ դեպք. Թուրքիայից գյուղատնտեսական մթերքով բեռնված 80 բեռնատարի և շուրջ 300 բեռնարկղի մուտքը Սաուդյան Արաբիա արգելվել էր սաուդյան իշխանությունների կողմից՝ պատճառելով թուրք գործարարներին հսկայական վնասներ։

 

Հետաքրքրական է, որ հակամարտությունը ազդել է նաև «իսլամական համերաշխությանը», որը Մերձավոր Արևելքում առավել զգայուն ոլորտներից է։ Այսպես, 2019 թվականին մայիսին համաիսլամական սրբավայր Մեքքայում (Սաուդյան Արաբիա) տեղի ունեցավ Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը՝ մուսուլման երկրների առաջնորդների մակարդակով։ Սակայն սաուդյան թագաժառանգի անմիջական ցուցումով գագաթնաժողովին չէր հրավիրել Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով հայտնի է համաիսլամական առաջնորդ լինելու իր ամբիցիաներով (իմիջիայլոց, չէին հրավիրվել նաև Իրանի և Սիրիայի նախագահները, իսկ հակառակորդ Կատարի էմիրը հրավիրվել էր)։

Արաբա-թուրքական հակամարտությունը շարունակվում է նաև տարածաշրջանի այլ երկներում։ Կիպրոսի հետ արաբների համագործակցության խորացումը հուշում է, որ Թուրքիային Միջերկրական ծովում ևս մեծ ճնշում է սպասվում ի դեմս արաբների (պատահակ չէ, որ սաուդցի գործընկերոջից մի քանի ամիս առաջ Կիպրոս էր այցելել նաև ԱՄԷ արտգործնախարարը)։ 2018 թվականից ի վեր Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն անուղղակի կերպով ակտիվորեն աջակցում են Սիրիայի քրդական միավորումներին՝ ֆինանսական օգնություն ցուցաբերելով վերջիններիս Թուրքիայի ԶՈՒ առաջխաղացման դեմ։ Թուրքերը և արաբները տարբեր բևեռներում են գտնվում նաև Լիբիայի պատերազմում (գեներալ Խալիֆա Հաֆթարը վայելում է Ծոցի երկրների աջակցությունը, մինչդեռ նրա ընդդիմադիր Ազգային համաձայնության ուժերին լայնորեն սատարում է Թուրքիան)։

Հակաթուրքական ճամբարը աստիճանաբար ընդլայնվում է. վերջերս դրան միացավ նաև Լիբանանը։ Երկրի նախագահ Մ. Աունը, անդրադառնալով Լիբանանի օսմանյան անցյալին, խիստ քննադատության ենթարկեց այն, ինչը վրդովմունքի նոր առիթ դարձավ Թուրքիայում (Աունի ելույթին անդրադարձավ Թուրքիայի ԱԳՆ-ն)։

Այս դաշինքի անդամ կարելի է համարել նաև Եգիպտոսին, որը ոչ միայն դժգոհ է Թուրքիայի կողմից «Մուսուլման եղբայրներին» աջակցությունից, այլև շահագրգռված է Միջերկրականի էներգետիկ պաշարներով (տեղի է նշել, որ Եգիպտոսը Հունաստանի և Կիպրոսի հետ համատեղ սկսել են զորավարժությունների անցկացումը և խորացնում են ռազմական ոլորտում եռակողմ համաագործակցությունը)։

Այս համատեքստում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Սաուդյան Արաբիան Թուրքիային պատժելու նույնիսկ պաշտոնական ծրագիր է մշակել՝ նպատակ ունենալով հասնել Էրդողանի հրաժարականին։ Անկախ այս լուրի հավաստիությունից, ակնհայտ է, որ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ կողմից ձեռնարկված հակաթուրքական արշավը աստիճանաբար վերածվում է յուրատեսակ դաշինքի, որը կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը ողջ տարածաշրջանում։

Իսկ Հայաստանը՞

Նկարագրվածի արդյունքում հարց է ծագում. մասնակցո՞ւմ է արդյոք որևէ կերպ Հայաստանը այս գործընթացներին, թե բավարարվում է միայն դիտորդի կարգավիճակով։

Հայաստանն ու իսլամական աշխարհի առաջատար համարվող Սաուդյան Արաբիան 1991թ. ի վեր դեռևս չեն հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Այս տարի ապրիլի 24-ին, սաուդական առաջատար մամուլը, որոշ հայտնի լրագրողներ ու համացանցային ակտիվ օգտատերեր աննախադեպ կերպով լայնորեն անդրադարձան Հայոց ցեղասպանության թեմային՝ դատապարտելով Թուրքիային ու «ոգեկոչելով անմեղ հայ զոհերին»՝ միևնույն ժամանակ անուղղակի խոսելով հայ-սաուդական հարաբերությունների մասին։ Հատկանշական է, որ սաուդական քարոզչության մեջ առանձին տեղ էր հատկացված հայ-արաբական՝ օսմանցի թուրքերից տուժված լինելու «համատեղ ճակատագրին»։ Սակայն այսքանով կարծես երկկողմանի հարաբերությունները այս պահին սահմանափակված են։

Մինչդեռ, տարածաշրջանում հակաթուրքական մթնոլորտը լավ առիթ է Հայաստանի համար Ծոցի երկրների հետ հարաբերություններին նոր ավյուն հաղորդելու գործընթաց սկսելու համար։ Այսպես, Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատումը կարող է արդյունավետ լինել Իսլամական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի դիրքերի ուժեղացման և Ադրբեջանի հակահայկական քարոզչության տեսանկյունից (նմանատիպ փորձ է ձեռնարկել Կիպրոսը)։ Պակաս կարևոր չէ նաև «նոր միջավայրում» Հայաստանի՝ որպես Թուրքիայի շրջափակումից տուժած երկրի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների բարձրաձայնումը՝ հիմնված հայ-արաբական բարեկամության պատմության վրա։ Միևնույն ժամանակ, Հայաստանը կարող է օգտագործել առիթը դիրքավորվելու որպես Իրանի և Ծոցի երկրների միջև երկխոսության յուրահատուկ հարթակ, որը Հայաստանին աշխարհաքաղաքական լրացուցիչ սուբյեկտայնություն կարող է հաղորդել։

Այս ամենը հնարավորություններ են, որոնք կարող են և չլինել արդեն վաղը։

Վարուժան Գեղամյան

պ.գ.թ., թուրքագետ

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս

«ԱՐԴԻ» հետազոտական հիմնադրամի տնօրեն

[1] 1974 թվականին Թուրքիան նվաճեց Կիպրոս կղզու 1/3-ը՝ այնտեղ հիմնելով իրենից միանգամայն կախյալ և որևէ երկրի կողմից ճանաչում չգտած Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Կղզու հյուսիսային հատվածի նվաճումը հիմք է տալիս թուրքական կողմին հավակնություններ ներկայացնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում վերջերս հայտնաբերված նավթագազային հանքավայրերի շահագործման համար։ Թուրքական կողմի փորձերը հանդիպում են կոշտ դիմադրության տարածաշրջանի երկրների, առաջին հերթին Կիպրոսի, Եգիպտոսի, Իսրայելի, ինչպես նաև այլ պետությունների կողմից՝ վերածվելով նոր տարածաշրջանային ճգնաժամի։

Մեկնաբանություններ (3)

Մարդո
Գործունեության մեծ դաշտ է բացվել Հայաստանի համար, համագործակցելով արաբական աշխարհի երկրների հետ կարող ենք թուրքիայի դեմ հաջողությամբ աշխատել, ինչպես դա անում է Կիպրոսը:
Sasun
Մեր Հայաստանի արտգործնախարարությունը ինչի է քնած???, ինչի չեն արձագանքում այս մեսիջին, Հայաստանի համար շատ լավ հնարավորություն է ընձեռվել համագործակցելու Արաբական աշխարհի հետ, ինչ ու չէ նաև միանալու հակաթուրքական բլոկին, այդ միությունը մեզ հետագայում՝ Արևմտյան Հայաստանը ազատագրելու հարցում շատ է պետք գալու, զարթնեք արտգործնախարարություն, դուրս եկեք ռուսական քաղաքականության ազդեցության տակից:
Կարպիս
Հետաքրքիր է, ինչու՞ մինչև հիմա դիվանագիտական, մշակութային և տնտեսական սերտ հարաբերություն չի ստեղծւել Հայաստանի և Արաբական Աշխարհի միջև, չե որ Հայությունը հանձինս Արաբա-Իրանահայ աշխատաւորության բարի համբաւ է վայելում այդ երկրներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter