
ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնների համար կսահմանվեն պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները. խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 112 կողմ ձայնով:
Մինչ քվեարկությունը, վարման կարգով խոսեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ասելով, որ մասնագիտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:
«Մենք կողմ ենք քվեարկելու՝ պայմանով, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախագծի առաջինից երկրորդ ընթերցում քննարկմանը կաշխատի թե՛ «Իմ քայլը» խմբակցության, թե՛ Կառավարության հետ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այս փոփոխություներով առաջարկվում է ամրագրել, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարվելու են քաղաքական պաշտոն և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանվելու են պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:
Նախագիծը դեռևս պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:
Լուսանկարում՝ նախագծի համահեղինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը
Մեկնաբանել