HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել անձին ծնողական իրավունքներից հրաժարվել հարկադրելու դեպքում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, վիճակի խոցելիությունն օգտագործելու միջոցով կամ շահադիտական դրդումներով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու, հարկադրելու դեպքում նախատեսել քրեական պատասխանատվություն։ Մասնավորապես՝ այս արարքների համար նախատեսել պատիժ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-500-ապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով։

Պատասխանատվություն կսահմանվի նաև այն դեպքում, երբ արարքն իրականացվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից։ Այս դեպքում անձը պատժվելու է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա։

Նման առաջարկություն է նախարարությունը քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ վերը նշված գործողությունները լուրջ մարտահրավերներ են Հայաստանի համար․ «Այդպիսի գործողությունները սպառնում են երեխայի՝ կենսաբանական ընտանիքում ապրելու իրավունքին, հակասում են ընտանիքի ամրապնդման պետական քաղաքականությանը, ընտանիքի բոլոր անդամների փոխօգնության և միմյանց նկատմամբ ունեցած պատասխանատվության, ընտանեկան գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքներին»,- հայտնել է նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ՝ քիչ չեն քաղաքացիների հայտարարություններն այն մասին, որ առողջական խնդիրներ (հատկապես դաունի համախտանիշ) ունեցող նորածինների ծնողներին՝ հատկապես մայրերին, վիճակի խոցելիությունից օգտվելով կամ խաբեությամբ՝ հորդորում կամ որևէ կերպ հարկադրում են հրաժարվել ծնողական իրավունքներից։ Հետագայում ծնողները դիմում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ակնկալելով ստանալ երեխայի կարգավիճակի, գտնվելու վայրի կամ որդեգիր ծնողների վերաբերյալ տեղեկություններ։ Սակայն դա հիմնականում անհնար է լինում անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter