HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Կապի տարածաշրջանային համագործակցության նիստում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 16-17-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցում  է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների խորհրդի 55-րդ և Կապի տարածաշրջանային համագործակցության տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ մասնակից-պետությունների համակարգող խորհրդի 25-րդ համատեղ նիստերին:

Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել ԿՏՀ Կապի ղեկավարների խորհրդի 55-րդ նիստում:

Ողջունելով մասնակիցներին՝ նախարարն անդրադարձել է  թվայնացման ոլորտում կառավարության առաջնահերթություններին, որդեգրած պետական քաղաքականությանը:

Հակոբ Արշակյանը մասնավորապես նշել է, որ թվայնացման զարգացումը տարածաշրջանի երկրներին հնարավորություն է տալու  տնտեսության և սոցիալական կյանքի բոլոր ոլորտները ենթարկել արմատական փոփոխությունների:

«Համատեղ ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը թույլ կտա ամբողջ տարածաշրջանը դարձնել ավելի մրցունակ և ներգրավված լինել համաշխարհային տնտեսության գործընթացներում: Հայաստանն այդ ուղղությամբ ակտիվորեն համագործակցում է Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև Եվրասիական միության մեջ ներգրավված երկրների հետ՝ թվային օրակարգի շրջանակներում որոշումների կայացման և ծրագրերի իրականացման բարձր չափանիշներ ապահովելու համար: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Մերձավոր Արևելքի և ԵՄ-ի հետ մեր ավանդական կապերը, մենք ակտիվորեն ներգրավված  ենք ինչպես ենթակառուցվածքային,  այնպես էլ մեր թվային շուկաները ԵՄ շուկային համապատասխանեցմանն ուղղված նախագծերում»,-նշել է նախարարը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ «Թվային շուկաների ներդաշնակեցում» ծրագրի շրջանակներում Հայաստանն աշխատում է լայնաշերտ ինտերնետ հասանելիության ռազմավարության, էլեկտրոնային թվային միջանցքների մշակման, թվային հմտությունների կատարելագործման ուղղությամբ, և այլն:

«Հայաստանը ներկայում  իրականացնում է լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր Մերձավոր Արևելքի երկրների հետ: Հուսով ենք, որ մեր փորձն այս ոլորտում թույլ կտա Միջին Ասիայի երկրների հետ համատեղ գործարկել նոր ենթակառուցվածքային նախագծեր, որոնք մեր տարածաշրջանը կկապեն Ասիական և Խաղաղօվկիանոսային երկրների, Եվրոպայի և Ասիայի հետ»,-նշել է նախարարը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է նաև, որ տնտեսության թվայնացումը ենթադրում է նաև նոր ստանդարտների ներդրում,  էկոհամակարգերի ստեղծում, զարգացման ռազմավարության մշակում ու կիրառում:

«ՀՀ կառավարությունն այս ուղղությունը առաջնահերթություն է համարում, այդ իսկ պատճառով կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը պետք է մշակի և իրականացնի թվայնացման, էկոհամակարգերի ստեղծման և ռազմական արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականությունը»,- նշել է նախարարը:

Հակոբ Արշակյանը պատրաստակամություն է հայտնել  ակտիվորեն համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, նպաստել համատեղ ծրագրերի մշակմանը, աջակցել միջազգային մակարդակում տարածաշրջանային նախաձեռնությունների
առաջխաղացմանն ուղղված ջանքերին:

Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել Կապի տարածաշրջանային համագործակցության մասնակից-պետություններում թվայնացման զարգացման հեռանկարային ուղղություններին, 5G տեխնոլոգիաների զարգացման և ներդրման հնարավորություններին, Ռադիոկապի համաշխարհային համաժողովին (WRC), Հեռահաղորդակցության կապի ստանդարտացման համաշխարհային նստաշրջանի (WTSA 2020) նախապատրաստական աշխատանքներին, օրակարգային մի շարք այլ հարցերի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter