«Հայացք». «Չեմ էլ սպասում Սասունի շնորհավորանքին»,- ասում է Հրազդանի վերընտրված քաղաքապետ Արամ Դանիելյանը
Հրազդանի վերընտրված քաղաքապետ Արամ Դանիելյանն իր հաղթանակը տոնելուց հետո անցել է բնականոն աշխատանքի: «Հայացք»-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ առաջին հերթին ավարտին է հասցնելու կիսատ թողած աշխատանքները, որոնք ուղղված են հրազդանցիների կենսամակարդակի բարելավմանը:
Արամ Դանիելյանին մի քանի հարց ուղղեցինք:
- Վերընտրվելուց հետո ի՞նչ հրատապ խնդիրներ եք լուծելու:
- Նախ պետք է ասեմ, որ այս ընտրության ժամանակ քաղաքապետի պաշտոնը քաղաքականացրին: Քաղաքապետը պետք է քաղաքաշինական ծրագրեր իրականացնի: Ես իմ քաղաքաշինական շարունակական ծրագրերն եմ իրականացնելու: Դրանք տանիքների վերանորոգման, ասֆալտապատման, լուսավորության, գազիֆիկացման և այլ ծրագրերն են: Կան խնդիրներ և գործեր, որոնք դեռ ավարտին չենք հասցրել:
- Սասուն Միքայելյանը Ձեզ շնորհավորե՞ց ի վերջո, թե արդեն չեք էլ սպասում նրա շնորհավորանքին:
- Չեմ էլ սպասում Սասունի շնորհավորանքին: Պետք է նա ընտրական և քաղաքական վստահություն ունենա, որ շնորհավորի: Պարտվելն էլ պետք է տղամարդավարի պարտվեր, ինչի՞ մասին է խոսքը: Ըտենց խոսք կա, չէ՞: Բնականաբար, եթե ընդունի իր պարտությունը, պետք է շնորհավորի:
- Պարոն Դանիելյան, բայց իրենք էլ հայտարարում են, որ համամիտ չեն ընտրությունների արդյունքների հետ, որ դրանք խախտումներով են անցել, այդ պատճառով էլ չեն ընդունում արդյունքները:
- Ես կասեմ, որ ընտրություններն անցել են շատ ժողովրդավար, ազատ, անկախ, ժողովուրդն իր կամքին հակառակ չի գնացել քվերակության, այլ իր կամքով է ընտրել քաղաքապետ: Ոչ մի տեղամասում որևէ լուրջ խախտում չի արձանագրվել: Ինչի՞ մասին է խոսքը:
- Այս ընտրություններից հետո ընդդիմության առանձին գործիչներ հայտարարեցին և շարունակում են հայտարարել, որ Հայաստանում ընտրական գործընթացը դեռ չի կայացել, և որ ընտրակեղծիքները շարունակվում են: Ի՞նչ կասեք այդ մասին:
- Հրազդանի ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը մի քանի քայլ առաջ է գնացել: ԱՄՆ դեսպանն էլ ասաց, որ հետևել է ընտրություններին և տեսել, որ շատ անկախ ընտրություններ են եղել, ժողովուրդն իր կամքով ընտրություն է կատարել: Դուք գիտեք, որ ընդդիմության կարկառուն դեմքերը բոլոր տեղամասերում վստահված անձինք էին: Ոչ մեկը ոչ մի խախտում չի արձանագրել, ինչի՞ մասին է խոսքը:
- Ոստիկանությունը հայտարարեց, որ վարչական տույժի է ենթարկել Ձեր եղբորն ու մտերիմներից մեկին` ընտրություններից հետո քաղաքում մեքենաների շքախմբով շրջելու և բարձր ազդանշաններ արձակելու համար: Դուք հետևելո՞ւ եք, որ Ձեր եղբայրը վճարի այդ տուգանքը:
- Բնականաբար, ցանկացած խախտում կատարող պետք է պատժվի: Դա ավտոմեքենաների սիգնալի հետ է կապված եղել: Բնականաբար, ժողովրդի անդորրը խախտելու համար վարչական տույժ է կիրառվել: Պետք է վարչական հանձնաժողովը որոշի, թե ինչքան վճարի: Ով ուզում է լինի, պետք է պատասխան տա` իմ եղբայրը լինի, թե ամենահարազատ մարդը:
- Իսկ Դուք Ձեր եղբորը չէի՞ք զգուշացրել, որ Ձեր հաղթանակը ժողովրդի անդորրը խախտելու հաշվին չնշեին:
- Մեր թիմը մեծ է, ամեն մարդու չես կարող կանտրոլ անել: Ըտենց ստացվեց, ըտենց էլ է լինում: Մարդիկ ուրախացել են իրենց հաղթանակի համար և ըտենց բացթողում են արել: Դա էդքան ահավոր բան չի, վարչական տույժը պետք է կիրառել:
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել